Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Գոգյանը՝ Դիանա Գալոյանին աստիճանազրկելու վարույթի մասին

Հուլիս 16,2020 12:08

Aravot.am-ի հետ զրույցում Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը հաստատեց, որ ԲՈԿ-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու գործընթաց է սկսել, մասնավորապես հուլիսի 9-ին հրաման է ստորագրվել՝ Դիանա Գալոյանի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին։ Այսօր էլ այդ հարցով արդեն լսումներ են սկսվել:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ միայն Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության թեմայո՞վ են լսումները, թե՞ այլ աշխատանքների էլ են անդրադարձ կատարելու, քանի որ ԲՈԿ նախագահը մշտապես բարձրաձայնել է ակադեմիական գրագողության եւ խոտանված գիտական աշխատանքների մասին: «Այս պահին միայն այս աշխատանքին է վերաբերում հարցը»,-ասաց ԲՈԿ նախագահը: Հարցրինք նաեւ, թե ինչ ընթացակարգով է դա իրականացվում: Սմբատ Գոգյանը վկայակոչեց Վարչարարության մասին օրենքը: Նա խոստացավ, ավելի մանրամասն՝ ավելի ուշ խոսել:

Հավելենք, որ Դիանա Գալոյանը, որը նաեւ ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած երկու թեկնածուներից մեկն է, տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ստացել է 2015-ին: 2019-ի դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել էր նրա դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողով, որն արձանագրել էր, որ Դիանա Գալոյանի գիտական աշխատանքում առկա են առանց հեղինակների ու աղբյուրների նշման փոխառություններ, ինչն էլ էլ հիմք է հանդիսացել վարույթ սկսելու համար։

Ինչ վերաբերում է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի՝ պաշտոնից ազատման դիմում ներկայացնելուն, որը սակայն չընդունվեց, դրա պատճառներից մեկն էլ հենց աղմուկ հանած ատենախոսություններն էին եւ ԿԳՄՍ նախարարության կողմից Դիանա Գալոյանին հովանավորչությունը, որի թեմայով ԱԺ համապատասխան հանձնաժողովը՝ պայմանավորվածությունը խախտելով՝ փակ նիստ էր անցկացրել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031