Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մեծ ներում եւ համաներում է նախաձեռնել

Հուլիս 16,2020 11:38

Արցախի խորհրդարանն այսօր` նախագահ Արայիկ Հարությունյանի սահմանած օրակարգով մեկնարկած արտահերթ նստաշրջանում քննում է «Քրեական գործերով համաներում հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը քննարկվում է հատուկ ընթացակարգով` 24 ժամյա ռեժիմում:

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին հայտարարել է, որ, հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը և օգտվելով Արցախի հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից, նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ:

Հարցը խորհրդարանում ներկայացրեց ԱՀ նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանը: Նախագծով առաջարկվում է պատժի կրումից ազատել ազատազրկման հետ չկապված պատիժները, մինչեւ չորս տարի ժամկետով ազատազրկման դատապարտվածներին, մինչեւ վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամներին, մինչեւ 18 տարին լրանալը հանցագործություն կատարած անձանց եւ 60-նն անց անձանց, ԱՀ-ի եւ ՀՀ-ի պաշտպանության համար մարտերում զոհված անձանց հարազատներին, այդ մարտական գործողություններին մասնակիցներին, ինչպես նաեւ այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Առաջարկվում է մերժել քրեական գործի հարուցումը կամ կարճել այն քրեական գործերը, որոնցով անձինք մեղադրվում են մինչեւ սույն թվականի հուլիսի 1-ը կատարած հանցագործություններում, որոնց համար քրեական օրենսգրքով սահմանված է մինչեւ չորս տարի ազատազրկում: Մինչեւ վեց տարի ազատազրկում նախատեսվող դեպքերում քրեական գործի հարուցումը կմերժվի կամ հարուցված քրեական գործը կկարճվի, եթե անձը ԱՀ-ի եւ ՀՀ-ի պաշտպանության համար մարտերում զոհվածի հարազատ է կամ այդ գործողություններին մասնակից:

2/3, 1/2 կամ 1/4-ով կկրճատվի նաեւ պատժաչափի չկրած մասը` կախված նրանից` հանցագործությունը կատարվել է անզգուշությա՞մբ, թե՞ դիտավորությամբ կամ տվյալ անձը նախկինում դատված եղե՞լ է, թե՞ ոչ:

Համաներումը չի կիրառվի առանձնապես վտանգավոր ռեցիդիվի, պետական դավաճանության, դիվերսիայի, սեռական բնույթի հանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքում, նաեւ եթե փորձաշրջանի ընթացքում սահմանված կանոնները անձը խախտել է, կամ չի փոխհատուցել հանցագործության արդյունքում պատճառված վնասը: Համաներումը չի կիրառվի նաեւ հետախուզման մեջ գտնվողների համար: Հետախուզվողների` ներկայանալու համար ժամկետ է սահմանվել մինչեւ նոյեմբերի 1-ը:

Համաներման կատարման համար սահմանված է եռամսյա ժամկետ:

Նախագիծը չի տարածվի ՀՀ-ում քրեական հետապնդման տակ գտնվող անձանց վրա:

33 կողմ ձայներով նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ 16.25 կմեկնարկի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031