Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը հիմա խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը. ճիշտ չեն գնահատում իրավիճակը». Վաղարշակ Հարությունյան

Հուլիս 16,2020 11:25

«Սա Ադրբեջանի ռազմավարությունն է՝ խուսափել բանակցային գործընթացից և հարցը լուծել ուժային տարբերակով»,- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածության զարգացման միտումներին:

Նրա կարծիքով՝ այս ամենը դեռ տեսանելի էր հունիսին, քանի որ դեռ հունիսի 13-ին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն իր ելույթում բացահայտել է այս գործողությունները, ինչն արել էր նաև ապրիլյան պատերազմից առաջ, մասնավորապես իր ելույթով բացահայտել՝ կարևորն այն չէ, թե ով է առաջինը սկսել և պատասխանել, այլ այն, թե ինչու է դա տեղի ունենում: Վաղարշակ Հարությունյանը փաստեց. «Իր ելույթում շարունակում է, թե ոնց կարող է 10 միլիոնանոց Ադրբեջանը, որն ունի հզոր զինված ուժեր, թույլ տա, որ Ադրբեջանի 20 տոկոսը լինի օկուպացված: Մենք այստեղից անում ենք եզրակացություն, որ Ադրբեջանն այսօր իր առջև դրել է խնդիր ոչ թե հարցը բանակցային գործընթացով լուծել, այլ գնալ ռազմական ճանապարհով»:

Ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները ևս այդ մասին են վկայում: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթը ևս բացահայտվում է իրենց ռազմավարությունը: Նա ասում է, որ այսօր միջազգային հարաբերություններում առաջին տեղ է դուրս եկել ուժի գործոնը: Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց. «Հունիսի 3-ին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ոչ թե միայն Զանգեզուրն ու Երևանն են Ադրբեջանինը, այլ այսօրվա ողջ ՀՀ տարածքը պատմական Ադրբեջանի տարածքն է: Խոսքը չի գնում Արցախի մասին, այլ արդեն ողջ Հայաստանի մասին: Ելույթ է ունենում Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը և հայտարարում՝ մենք ի վիճակի ենք Նախիջևանից խփել Երևանին, նույն միտքը շարունակում է ՊՆ նախարար Զաքիր Հասանովն իր՝ հունիսի 26-ի ելույթում»:

Ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ ռազմական տեսանկյունից Ադրբեջանը հիմա խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը, ընդունել այնպիսի դիրքեր, որ իրենց տալիս է առավելություն: Այս առիթով ասաց. «Ալիևն իր ելույթներում օրինակ է բերում ապրիլյան պատերազմը, երբ իրենք մի փոքր տարածքներ են վերցրել, և հիմա իրենք որդեգրել են այդ ռազմական քաղաքականությունը. քայլ առ քայլ հասնել դրան: Նա հայտարարել է, որ մենք կսպասենք հարմար նախապայմաններին և կսկսենք պատերազմը: Ունեն խնդիր բարելավել իրենց դիրքերը, և երբ ստեղծվեն այդ նախապայմանները՝ կհասնեն դրան»:

Ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ հակամարտության սկզբից ի վեր Ադրբեջանը միշտ սխալ էր գնահատել իրավիճակը՝ հույս դնելով, որ ինքը տարածքով մեծ է, բնակչությունը մեծ, ռեսուրսները համարում էր բավարար պայման, որ հաղթանակ տանեն: Եվ դրա համար միշտ գնացել է սրացումների: Սակայն իրավիճակն այլ է: Այս մասին Վաղարշակ Հարությունյանն ասաց. «Այսօր տարածաշրջանում ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ռազմաքաղաքական բալանսը հօգուտ Ադրբեջանի չէ: Եթե Ադրբեջանը փորձի սկսել պատերազմ, նա պարտվելու է, քանի որ մենք ունենք այնպիսի միջոցներ, որոնք ի վիճակի են ոչնչացնել Ադրբեջանի ողջ տնտեսական ներուժը: Բայց այդպիսի քաղաքականություն են իրենք որդեգրել, որ այդպես չէ և իրենք ի վիճակի են, դրա համար այդ վիճակը բերում է հակամարտության այսպիսի խախտումներ, զինադադարի ռեժիմի խախտումների: Ադրբեջանը նույնիսկ չի էլ խուսափում ասել՝ այո, մենք պատրաստվում ենք պատերազմի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031