Եռօրյա ակտիվ մարտերից հետո երեկ կեսգիշերից սկսած հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է: Հրադադարի պայմանավորվածության մասին որեւէ հայտարարություն չկա: Թե ինչի հետեւանք է Ադրբեջանի հանգստությունը, սա հետքա՞յլ է, թե լռություն՝ նոր սադրանքից առաջ, դժվար է ասել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը կարծում է՝ ցույցը իրականացվում էր ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ թույլտվությամբ, այլեւ նրանց ցանկությամբ:
«Երեկ գիշեր Բաքվում տեղի ունեցավ ցույց, որը պաշտոնապես ներկայացվում է՝ hաջակցություն բանակի, հակահայկական հստակ ելույթներով, մասնավորապես՝ «մահ հայերին», «Ղարաբաղը մերն է» եւ այլն։ Կարանտինի բավականին խիստ պայմաններում այս ցույցը չէր իրականանա, եթե չլիներ իշխանությունների ոչ միայն ակնհայտ թողտվությունն, այլ նաեւ ցանկությունը, որպեսզի նման ցույց տեղի ունենա»,- Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց Հայրապետյանը:
Նրա համոզմամբ՝ նման ցույցի անցկացումը արտաքին քարոզչական շղարշ էր կրում՝ մասնավորապես ցույց տալու համար աշխարհին եւ Հայաստանին՝ թե տեսեք, մեր ժողովուրդը պատերազմ է ուզում:
Պատգամավորի կարծիքով, սակայն, Ալիեւը դարձել է իր իսկ քարոզած հակահայկականության գերին, ինչը ցույց տվեց այդ ցույցի հետագա ընթացքը:
«Հաշված ժամերի ընթացքում այդ ցույցը ստացավ որոշակի հակաիշխանական էլեմենտներ, սկսեցին պահանջել գլխավոր շտաբի պետի եւ այլ հրաժարականներ: Այնուհետեւ ցուցարարները մտան ԱԺ շենք եւ կարճ ժամանակում Բաքվում հասկացան, որ այս ամենը կարող է ունենալ ճակատագրական հետեւանք»,- նկատեց Հայրապետյանը:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: