ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հուլիսի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Հիմնականում արծարծվել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրված լարվածությունը, հատկապես, Թուրքիայի ռազմաքաղաքական բարձրագույն իշխանությունների կողմից միակողմանի և հակահայ հայտարարություններն ու Հայ Յեղափոխական Դաշնակցության աշխատանքները՝ ի զորակցություն հայկական պետականության ու բանակի:
Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է, որ ՀՅԴ Հայ դատի գրասենյակները տարբեր պետություններում անմիջապես բարձրաձայնել են Ադրբեջանի սադրանքների և Թուրքիայի մեղսակցության մասին․ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և որոշ շրջանակներից կան դրական արձագանքներ հայկական մտահոգությունների վերաբերյալ։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը վերահաստատել է միշտ հայրենիքի, հայոց բանակի և հայ զինվորի կողքին լինելու կուսակցության հանձնառությունը:
Կարդացեք նաև
Այս հեռախոսազրույցի մասին, իր ֆեյսբուքյան գրառման մեջ Արցախի նախագահը արձանագրել է. «Բարձր գնահատելով Դաշնակցության դերը համազգային շահերի պաշտպանության ու առաջմղման համատեքստում՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանին ներկայացրել եմ Արցախի իշխանությունների դիրքորոշումը քննարկված հարցերի վերաբերյալ»:
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ
15 հուլիսի 2020 թ.