Ներկա դրությամբ Հայաստանն օդային ավելի մեծ գերակայություն ունի, քան Ադրբեջանը։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը։
– Պարոն Գրիգորյան, ՀՀ Զինված ուժերին հաջողվեց ոչնչացնել հակառակորդի անորսալի համարվող «Elbit Hermes 900» մոդելի իսրայելական անօդաչու թռչող սարքը։ Այս սարքն ի՞նչ հնարավորություններ ունի եւ արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ դրա գինը հասնում է 30 մլն դոլարի։
– Այդ անօդաչու թռչող իսրայելական սարքը կարելի է ասել ամերիկյան սարքի պատճեն է։ Գինը շուկայում մոտավոր տատանվում է 30 մլն դոլարի սահմաններում։ Մարդիկ կային «ОСА АК» զինատեսակը մետաղի ջարդոն էին համարում, փաստացի սարքն իրեն փայլուն ցույց տվեց ոչ միայն Արցախում, այլև Շամշադինի ուղղությամբ։
– Որքանո՞վ է Զինված ուժերի կողմից այդ ԱԹՍ-ի խոցումն աննախադեպ։
Կարդացեք նաև
– Չեմ կարող ասել, թե տվյալ ԱԹՍ-ն, ինչ մարտական գործողության ժամանակ է մինչ այս կիրառվել կամ փորձ արվել է խոցել, թե՝ ոչ, բայց այս պահին պաշտոնապես միայն մենք ենք խոցել։ Փաստացի մենք ապացուցեցինք, որ նույնիսկ «մետաղի ջարդոնով» կարողանում ենք խոցել Իսրայելի կողմից գովազդվող անխոցելի եւ անորսալի ԱԹՍ-երը։
– Այս պահին երկու կողմից կիրառվող զինատեսակներն իրար համարժե՞ք են որակական առումով։
– Եթե մի կողմը հարձակողական զենք է գնում, մյուս կողմը փորձում է պաշտպանողական զենք գնել։ Ցամաքային գործողություններ, զորքերի տեղաշարժ մասշտաբային չի եղել եւ տանկերը նույնիսկ կրակային դիրքերից են կրակել։ Այդ առումով ինչ ունեն իրենք՝ նույնը ունենք մենք, նույն հրետանին, նույն հրթիռահրետանային միջոցները։ Մեր տեղական արտադրության ԱԹՍ-երն էլ փայլուն գործեցին, ինչի վառ ապացույցներն են ինչպես տարածված տեսանյութերը, այնպես էլ գերատեսչության հաղորդագրությունները։ Չի բացառվում, որ ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովը սպանվել է հայկական ԱԹՍ-ի հարվածից։ Մեր Զինված ուժերը հարաբերակցությունը պահում է։ Ներկա դրությամբ մենք օդային ավելի մեծ գերակայություն ունենք, քան իրենք, չնայած, որ իրենց ԱԹՍ-երը քանակով ավելի շատ են կամ գովազդված երկրներից գնված են, իսկ մերը հիմնականում տեղական արտադրության են։
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում