Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաբանների դեմ ճնշումներն ավելի վտանգավոր են, քանի որ դրանց ներգրավված են նաեւ հասարակական խմբեր»

Հուլիս 16,2020 13:00

Ասում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը

– Այսօր ինչպիսի՞ ճնշումներ կան փաստաբանների նկատմամբ: Եթե համեմատենք երեք տարի առաջ եւ հիմա, վիճակագրությունն ինչպիսի՞ն է:

– ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 05.05.2020թ. թիվ 9/5-Լ որոշմամբ հաստատվել է աշխատանքային խմբի զեկույցը, որն առնչվում է 01.01.2018 թվականից մինչեւ 10.02.2020 թվականն ընկած ժամանակահատվածում փաստաբանների իրավունքների խախտումներին: Նախկինում էլ են եղել ճնշումներ փաստաբանների նկատմամբ, բայց վերջին ժամանակահատվածում, ցավոք, այդպիսի ճնշումներն ավելի վտանգավոր են, քանի որ դրանց ներգրավված են նաեւ հասարակական խմբեր: Պատճառը հիմնականում նրանում է, որ փաստաբանին նույնացնում են իր վստահորդի հետ: Եթե փաստաբանի վստահորդը հասարակական որոշ խմբերի մոտ ատելություն է առաջացնում, ապա ատելության թիրախ է դառնում նաեւ փաստաբանը: Ի վերջո այս վիճակի պատասխանատուն իշխանությունն է, քանի որ վերջինիս պոզիտիվ պարտականությունն է փաստաբանների համար պատշաճ պայմաններ ստեղծել: Զեկույցում եւ դրա հավելվածը հանդիսացող տեղեկանքում կարելի է տեսնել, թե ինչ հիմնական խախտումներ են եղել:

– Փաստաբանները հաճախ են ահազանգում իրենց գաղտնալսելու, իրենց վստահորդների հետ հեռախոսազրույցները լսելու, որպես ապացույց նրանց դեմ օգտագործելու համար: Պալատն ի՞նչ քայլեր է կատարել այս ուղղությամբ, եւ քանի՞ նմանատիպ ահազանգ է եղել այս կիսամյակում:

– Ցավոք, այս դեպքերը նախկինում էլ են եղել եւ հիմա էլ բացառություն չեն: Փաստաբանների պալատն այս դեպքերն արձանագրում է եւ համապատասխան հայտարարություններով հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը: Կազմակերպում է նաեւ ռազմավարական դատավարություններ, որպեսզի այս հարցով նախադեպ ձեւավորվի:

– Պարոն Զոհրաբյան, դուք ժխտողական վերաբերմունք եք արտահայտել Լանզարոտեի կոնվենցիայի նկատմամբ, բայց այն ընդունվեց: Կար ժամանակ, երբ Փաստաբանների պալատը «կանխում էր» նման օրենքների, օրենսդրական ակտերի ընդունումը, այլընտրանք առաջադրելով: Կա՞ն մեխանիզմներ, այս կոնվենցիայի հետ կապված էլ:

– Անձնական ժխտողական վերաբերմունք եմ արտահայտել Ստամբուլյան կոնվենցիայի եւ ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ: Ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ նաեւ Փաստաբանների պալատն էր քննարկումներ կազմակերպել եւ իր առաջարկությունները ներկայացրել կառավարությանը՝ 2017 թվականին: Որոշ վտանգավոր դրույթներ ի վերջո դուրս եկան այդ օրինագծից, օրինակ՝ երեխային առանց ծնողի ապաստարան տեղափոխելու դրույթը հանվեց, օրենքի վերնագիրը եւ նպատակը փոխվեց, սահմանվեց նաեւ ընտանիքում համերաշխության վերականգնման նպատակ, զուգընկեր հասկացությունը դուրս եկավ եւ այլն:

Ցավոք, հիմա փորձ է արվում նշածս դրույթները կրկին ներառել օրենքում, ինչպես նաեւ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:

Լանզարոտեի կոնվենցիայի հետ կապված մենք փաստի առջեւ կանգնեցինք, քանի որ այդ գործընթացը կազմակերպվեց արտակարգ դրության պայմաններում՝ առանց հանրային քննարկումների: Բայց բոլոր դեպքերում, կարողացանք հասարակությանը ցույց տալ այդ կոնվենցիայի վտանգները, մասնավորապես այն, որ տարրական կրթության ժամանակ կոնվենցիան իր բացատրական զեկույցի լույսի ներքո սահմանում է սեռական կրթություն: Հասարակական ճնշման ներքո իշխանությունը հրապարակայնորեն պնդեց, որ սեռական կրթություն չի տրամադրելու տարրական կրթության ժամանակ: Այս մասով պետք է հետեւողական լինենք, որպեսզի խոստումը պահեն:

– Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսումնական ծրագիրը ինչո՞ւ, ի՞նչ իրավական հիմքով չի կարող հանվել դպրոցներից:

– Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվում է Կառավարության որոշմամբ: «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի եւ դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը եւ դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները։

Այս օրենքի դրույթից ուղղակիորեն բխում է, որ կառավարության որոշմամբ չի կարող հանվել օրենքով նախատեսված «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագիրը: Սահմանադրությունը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:

– Երեսուն օրով երկարաձգվեց արտակարգ դրությունը: Ինչպե՞ս է կազմակերպվում հեռավար աշխատանքը, եւ արդյոք իրավաչա՞փ է չորրորդ անգամ երկարաձգելը:

– Իմ անձնական կարծիքն է, որ արտակարգ դրությունը չի կարող մշտապես երկարաձգվել: Կարծում եմ՝ պետք է ընդունել նոր օրենք, թեկուզ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի բազայի վրա եւ հստակ կարգավորել համաճարակի կանխարգելման հետ կապված հարաբերությունները: Ընդ որում, Սահմանադրությամբ երաշխավորված որոշ իրավունքներ կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

– Համավարակի համատեքստում փաստաբաններից որքանն են հիվանդացել, մեկուսացվել, կա՞ նման վիճակագրություն:

– Ունենք փաստաբաններ, որոնք վարակվել են կորոնավիրուսով: Փորձում ենք ճշտել եւ Փաստաբանների պալատի օգնությունն առաջարկել մեր գործընկերներին: Տվյալները չենք կարող հրապարակել: Միաժամանակ տեղեկացնեմ, որ Փաստաբանների պալատը բարերարի օժանդակությամբ նաեւ օգնություն է տրամադրել փաստաբաններին արտակարգ դրության պայմաններում:  Սոցիալական ծրագրով սահմանվել է 709 փաստաբանի համար մեկ ամսվա անդամավճարի վճարում, իսկ 425 փաստաբանի համար դրամական օգնություն:

Հարցազրույցը`

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031