Ոչ ոք չգիտի՝ ինչպիսին են իր ուժերը, մինչեւ դրանք չփորձարկի։
Գյոթե
Պատահական չէ, որ այս խոսքերն եմ ընտրել՝ որպես այս նյութի առաջաբան: Նյութիս հերոսի մասին քիչ թե շատ լսած կլինեն համարյա բոլորը, սակայն նրա կերպարային առանձնահատկությունների մասին քչերը գիտեն: Մարդկային հանգիստ կերպարում ամբողջացած են ուժն ու նպատակը, սերն ու նվիրումը:
Արմեն Հայրապետյանի մոտ սպորտի հանդեպ սերն առաջացել է դեռ մանկուց՝ վեց տարեկանից: Պատանի Արմենը սկզբից զբաղվում էր ըմբշամարտով, երեք տարուց հետո՝ կիգբոքսով, իսկ ավելի ուշ՝ սանդա ուշու մարզաձեւով: Բանակային կյանքում ավելի մոտեցավ սպորտին, առանց երկմտելու արդեն որոշել էր՝ պետք է չեմպիոն դառնա:
Բնավորությամբ էլ է տարբերվում: Չի սիրում կեղծ մարդկանց, մարդու մեջ գնահատում է անկեղծությունն ու բարությունը, ինչպես՝ ինքն է:
Կարդացեք նաև
Արմեն Հայրապետյանն արդեն յոթ տարուց ավելի է, որ ներկայացնում է Արցախի «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան: Տվյալ ֆեդերացիան Արցախում գործում է 2012 թվականից: Շատ մեծ ձեռքբերումներ է ունեցել Արմենը, ասում է, որ այլ տեսանկյունից է մոտեցել սպորտին, ինչն էլ հաջողվել է նրան, եւ նա հիմա կայացած ու պրոֆեսիոնալ մարզիկ է:
Զրուցակիցս նշում է, որ ընդհանուր մենամարտ սպորտաձեւով հետաքրքրվողներն Արցախում շատ են: Արմենը սիրողական մենամարտերին մասնակցելու ժամանակ ՀՀ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի ուշադրությանն արժանացավ, եւ միանգամից մարզիկն առաջարկ ստացավ, որպեսզի որպես պրոֆեսիոնալ մարզիկ հանդես գա ավելի բարձր հարթակներում: Արմենը չհրաժարվեց, նույն օրից սկսեց զբաղվել՝ օր օրի նպատակը կրկնապատկելով. պե՛տք է հաղթել բոլոր մենամարտերում:
2018 թվականի հունվարի 28-ին Արմեն Հայրապետյանը դարձավ աշխարհի չեմպիոն:
Նա իր քրտնաջան աշխատանքի արդյունքում ձեռք բերեց բազում հաղթանակներ, Արցախի դրոշը ծածանեց տարբեր հարթակներում եւ ամենակարեւորը՝ մի՛շտ առաջին հորիզոնականում: Տարբեր տարիների ստացած չեմպիոնական գոտիները համեստորեն ցույց է տալիս, եւ ներսս անասելի հպարտությամբ է լցվում: Ինչպե՞ս չհպարտանալ նման չեմպիոնով: Ամեն խնդիր նրա ուշադրության կենտրոնում է՝ սկսած մանրուքներից:
Նա արդեն գտել է իր երկրորդ կեսին, որի հանդեպ սերն անչափելի է:
Խոսելով անձնական կյանքի մասին՝ մեծ ցավ ապրեցի: Եվ ճիշտ եմ համարում մեջբերել նրա խոսքերը. «Մենք հինգ եղբայր ենք: Փոքր տարիքում կորցրի ծնողներիս: Դե՛ երեւի պատկերացնում եք, թե ինչ դժվարություններ ենք տեսել, բայց դրանք անցյալում են, որովհետեւ եղբայրներիս հետ մի բռունցք ենք դարձել ու հաղթահարել ամեն բան: Ցավալի իրողությունը մեզ դաս եղավ, որպեսզի ավելի խորը մտածենք ու մեր ամեն քայլը պլանավորենք»։
Աչքերի ներսում թաքցնում է ցավը, բայց ամեն ինչ տեսնում ու զգում եմ: Նա ուժե՛ղ է:
Արմեն Հայրապետյանը, լինելով պրոֆեսիոնալ մարզիկ, նաեւ աշակերտներ ունի, որոնց մեծ ուշադրություն է դարձնում, ասում է՝ մի օր էլ նրանք կդառնան աշխարհի չեմպիոն:
Արմենն ասում է. «Սպորտն ինձ համար աշխատանքների աշխատանքն է, քանի որ ամեն մարդ չէ, որ առավոտյան ժամը 6-ից կարող է աշխատել, իմ դեպքում՝ մարզվել: Ինձ համար սպորտն առաջին տեղում է, եւ ես ինձ մոտակա 10-15 տարիներին չեմ պատկերացնում առանց սպորտի: Ես ապրում եմ սպորտով»։
Արմենն իրեն գտավ սպորտում, իսկ սպորտը Արմենի մեջ շատ բան փոխեց:
Հիասթափությունների մասին նույնպես խոսեց, սակայն չցանկացավ մանրանալ: Արմենն ուրախությամբ է նշում, որ ամեն ինչ անում է ամեն մենամարտից հաղթանակով դուրս գալու համար: Հերոսներով հպարտանում է, բոլոր հաղթանակները հայրենիքին է նվիրում, որովհետեւ շատ է սիրում ու պաշտում հայրենիքը: Իրեն չի պատկերացնում ուրիշ տեղ, ասում է՝ Արցախո՛ւմ եմ ապրում եւ ապրելո՛ւ եմ:
Դեռ շատ հպարտանալու առիթներ կունենանք, ինչպես ինքն է ասում՝ ամեն ինչ դեռ առջեւում է:
Արմենին մաղթենք առողջություն եւ ուժ, իսկ նրա հաղթանակները թո՛ղ միշտ կերտվեն Արցախի հաղթական ու խաղաղ կամարների ներքո:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ
«Առավոտ» օրաթերթ
15.07.2020