Արդեն 6 ամսից ավելի է, ինչ աշխարհը բան ու գործ թողած՝ ընկել է կորոնավիրուսի հետեւից եւ ոչ մի կերպ չի կարողանում հասնել նրան…: Այլ խոսքով, ոչ կարողանում են բուժումը գտնել, ոչ էլ կարողանում են դեմն առնել: Իհարկե, այս ուղղությամբ տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ են կիրառվում, որոնց արդյունքներն էլ բնականաբար տարբեր են:
Պատահում է, որ միեւնույն երկրում մի օր վարակված հիվանդների թիվը մի քիչ պակասում է, սակայն այն թեկուզ կարճ ժամանակով հաստատունին մոտիկ չի մնում եւ կարող է մի քանի օր շարունակ դարձյալ աճել, իսկ հաջորդող օրերին նորից նվազել: Փաստացի, վարակի տարածումը կանխելու ոչ մի օրինաչափություն չի նկատվում: Համարյա բոլոր երկրներում էլ ցանկացած պահի կարելի է նկատել թվերի տարօրինակ ռեզոնանսներ, որին կոնկրետ բացատրություններ չեն կարողանում տալ: Հավանաբար փորձում են իրենց կարողացածի չափով ամեն ինչ անել, սակայն էական արդյունքներ այդպես էլ չեն գրանցվում, քանզի գնալով եւ վարակվածների թիվն է աճի էական տենդենց գրանցում, եւ մահերի թիվը:
Չափազանց տարօրինակ վիճակ է ստեղծվել աշխարհում: Մի կողմից, կարծես ամեն ինչ անում են այդ պանդեմիայի դեմն առնելու համար, մյուս կողմից՝ գոհացուցիչ արդյունքներ չկան: Փաստորեն, նմանատիպ ընթացքի պարագայում, մոտակա մեկ տարվա ընթացքում (մասնագետների կողմից բուժումը գտնելու կանխատեսումների ռեալ ժամկետը մոտավոր այդքան է նշվում) եւ վարակակիրների, եւ մահերի թիվը սարսափելի պատկեր կարձանագրեն, որից կարելի է եւ վախենալ, եւ ընդհանրապես այդ վարակի դեմն առնելու իմաստով դրական տրամադրվածություն չունենալ:
Ավելին, նման իրավիճակը կարող է մարդկության մոտ այնպիսի խուճապ առաջացնել, որ եթե ինչ-որ դրական հնարավորություններ էլ նշմարվի, ապա ստեղծված խուճապահար իրավիճակը կարող է այդ ողջ գործընթացը լիովին տապալել ու այն տանել ճիշտ հակառակ ուղղությամբ եւ առանց այն էլ եղած սարսափելի իրավիճակը դարձնել լիովին անկառավարելի: Չմոռանանք, որ մի բան է մասնագետների խուճապը, լիովին այլ բան՝ ժողովրդի խուճապը, որի պարագայում շատ դժվար կլինի իրավիճակը ինչ-որ կերպ կայունացնել:
Կարդացեք նաև
Գաղտնիք չէ, որ ամենաանլուծելի իրավիճակները հիմնականում առաջանում են այն դեպքերում, երբ ժողովրդական մասսաները գտնվում են խուճապահար վիճակում, որը բերում է անկառավարելի իրավիճակների, առավել եւս, երբ խոսքը գնում է համատարած պանդեմիայի մասին, որի խորքում մարդու առողջությունն է, իսկ ավելի կոնկրետ՝ նժարին դրված է լինում նրա ապրել- չապրելու գերագույն հարցը: Վերն ասվածով ուզում եմ եւս մեկ անգամ բարձրաձայնել, որ աշխարհում ստեղծված իրավիճակն իրոք մոտենում է կատաստրոֆայի եւ անցած վեց ամիսների դառը փորձը վկայում է, որ հեծանիվ հնարելու հարկ չկա, ուղղակի պետք է անել այն, ինչ անում է Վրաստանը:
Վեց ամիսը լիուլի բավական է, որպեսզի հասկանանք, որ այս պահին այլ ռեալ լուծում չկա, քան Վրաստանի փորձը: Մինչեւ Վրաստանի կողմից ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ իմ ունեցած պատկերացումների բարձրաձայնումը, աշխարհի բոլոր երկրներին ուղղակի առաջարկում եւ հորդորում եմ, որպեսզի պաշտոնապես դիմեն Վրաստանին՝ նրանից ստանալու միջոցառումների այն ցանկը, որը մինչ այսօր նրանք կիրառել են եւ այն համարյա նույնությամբ կիրառել բոլոր այդ երկրներում:
Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ եթե որեւէ հիվանդության բուժումը դեռ գտնված չէ, ապա պետք է կիրառել մաքսիմալ էֆեկտիվ կանխարգելիչ միջոցառումներ, ինչը արել ու անում է Վրաստանը: Նայելով Վրաստանում առկա վարակակիրների եւ մահերի թվերին, վստահաբար կարելի է ասել, որ այնտեղ մինչ այժմ եւ հիմա էլ իրականացվում են իդեալականին մոտ կանխարգելիչ միջոցառումներ, որի հետեւանքով էլ արձանագրել են չափազանց դրական, չեմ վախենա ասել՝ աներեւակայելի արդյունքներ: Իսկ ինչումն է գաղտնիքը, որ չունենալով որեւէ առավելություն աշխարհի որեւէ այլ երկրի նկատմամբ, վիճակը Վրաստանում այսպիսին է. մինչեւ 100 վարակված հիվանդ եւ մի քանի մահ, իսկ աշխարհում տասնյակ միլիոնավոր վարակվածներ ու հարյուր հազարավոր մահեր կան:
Կարծում եմ՝ բացատրությունը միակն է. Վրաստանում համավարակի հենց առաջին օրվանից հստակ եւ ճիշտ կանխարգելիչ միջոցառումներ են կիրառել, այն է. առաջին հերթին հստակ պետական վերահսկողություն է իրականացվել դեպի Վրաստան մուտք գործող եւ Վրաստանից դուրս եկող մարդկանց թեստավորման, ինչպես նաեւ մնացած ամեն ինչի՝ ամբողջ ապրանքային հոսքերի ստուգման առումով, երկրորդ. երկրի իշխանությունները ներդրել են սահմանափակումների հստակ ու ժողովրդին հասանելի մեխանիզմ եւ երրորդ. տարվել են հստակ բացատրական աշխատանքներ՝ ճիշտ իրազեկում, որոնց հանրագումարն ի պատիվ Վրաստանի օրինապահ բնակչության, տվել է այսպիսի նախանձելի արդյունքներ…
Հեծանիվ հնարել պետք չէ, պետք է ընդամենն օգտագործել Վրաստանի փորձը…
Տերը բոլորիս պահապան…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
15.07.2020