Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի մի խումբ ազերիներ վաղը Թեհրանի մեր դեսպանության մոտ ցույց են կատարելու

Հուլիս 15,2020 23:40

Իրանի մի խումբ ծայրահեղական ազերիներ, որոնք պանթուրքիստական հակումներ ունեն, իրենց պատկանող սոցիալական ցանցերում հայտարարել են «ագրեսոր» Հայաստանի դեսպանության մոտ բողոքի ցույց կազմակերպելու մասին: Ցույցը տեղի է ունենալու հինգշաբթի՝ հուլիսի 16-ի ժամի 18:00-ին. նույն ժամին «Հյուսիսային Ադրբեջան»ին զորակցելու համար ցույցեր տեղի կունենան նաև Թավրիզում՝ Ադրբեջանի հյուպատոսության շենքի մոտ և ազերիաբնակ Ուրմիա, Արդաբիլ, Զանջան և Նաղադե (Սուլդուզ) քաղաքներում: Պանթուրքիստական այս խումբը բացահայտորեն պաշտպանում է Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականությունը, մասամբ արևմտամետ է և քննադատում է Իրանի Իսլամական Հանրապետության: Նրանք Իրանի իշխանություններին համարում են Հայաստանամետ և այն կարծիքին են, որ Իսլամական Հանրապետությունը հալածում է Իրանի թուրքալեզու ժողովուրդներին:

Մի շարք փաստեր վկայում են, որ Իրանի ոստիկանությունը Հայաստանի դեսպանության մոտ հրավիրված ցույցը չի ցրելու: Հինգշաբթին Իրանում շաբաթավերջ է և հանգստյան օր, քաղաքում այդ օրը ոչ մի պետական հիմնարկ կամ արտասահմանյան ներկայացուցչություն չի աշխատում, ԶԼՄ-ներն էլ մասնակի են աշխատում, ենթադրում եմ այդ մեռած օրն ու ժամը հատուկ է ընտրված: Սա Իրանի ազերիների երկրորդ ցույցն է մեր դեսպանության մոտ. առաջինը տեղի է ունեցել Շուշիի ազատագրման օրերին:

Իրանի թուրքալեզու քաղաքացիները զգալի թիվ են կազմում և իրանահայերի օրինակով իրենք ևս իրավունքներ են պահանջում. եթե թեհրանահայերին արտոնված է իրենց ակումբում հավաքվելով «Արցախը Հայաստան է և վերջ» գոռալ, ապա հայերից հարյուարապատիկ անգամ ավելի քանակ ունեցող համայնքի գեթ մեկ հատվածն էլ իր քաղաքացիական իրավունքն է իրացնում. վաղվա ցույցի հրավերի մի այլ հատվածում ասված է. «Հայերն ամեն տարի Թեհրանում ազատորեն ցույցի են դուրս գալիս ընդդեմ թուրքերին և անգամ Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներն են վառում. պետք է տեսնել արդյո՞ք վաղը Ազերբայջանի ժողովրդին կարտոնեն հավաքվել Թավրիզ, Զանջան, Ուրմիա, Արդաբիլ ու Թեհրան քաղաքներում և խաղաղ ցույցով պաշտպանել հյուսիսային Ազերբայջանի շիաներին» (https://t.me/ArazNews/48169): Նման ցույցերը ոստիկանության համար առիթ է նաև ազերի ծայրահեղականներին բացահայտելու համար: Պանթուրքիստները մեր դեսպանության մոտ ցույց կազմակերպելու համար ընտրել են հարմար պահ, քանի որ Իրան-Հայաստան հարաբերություններում կան նաև որոշ թյուրըմբռնումներ (Իսրայելում մեր կողմից դեսպանություն հիմնելու որոշում …): Անցնող քառասուն օրվա ընթացքում սա Հայաստանի դեսպանության մոտ կատարվող երկրորդ ցույցն է, առաջինը՝ ինը հունիսին կազմակերպել էին իրանցի ծայրահեղական շրջանակները:

Եվս մի ուշագրավ փաստ. Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության մոտ կայանալիք ցույցի համար տրված է նաև երկրորդ հասցե հետևյալ բովանդակությամբ «Ադրբեջանի հյուպատոսության մոտ կայանալիք ցույցը չարտոնելու դեպքում հավաքվել Աբռեսան խաչմերուկում» (https://t.me/ArazNews/48166): Սա ևս վկայում է Թեհրանում Հայաստանի դեսպանության մոտ բողոքի ցույցի արտոնված լինելու մասին:

Պանթուրանական այս շրջանակների ակտիվացման գլխավոր հրահրիչը Թուրքիան է: Անկարան սրանով մի քանի նպատակ է հետապնդում. նա իր կտրուկ հայտարարություններով զբաղված է պահում իրեն համակրողներին և ցույցերի ու այլ քարոզչական հնարքներով խնդիրներ է ստեղծում Իրանի և Հայաստանի համար:

Տիգրան Դավթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031