Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների ժամանակ հայկական ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի հրետանային միջոց չի կիրառել, խաղաղ բնակիչ կամ բնակավայր չի թիրախավորվել: Այս մասին այսօր Իջեւանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:
Թե ինչ տեսակի զինտեխնիկա է կիրառել հայկական կողմը, պարոն Հովհաննիսյանն ասաց՝ կիրառվել է ՀՀ ցամաքային զորքերի սպառազինության զինատեսակների մեծ տեսականին.«Իհարկե, խոսքը չի գնում ամենամեծ տրամաչափերի եւ ամենահեռահար միջոցների մասին: Կոնֆլիկտի մակարդակը մարտավարական է եւ լոկալ»:
Հուլիսի 12-ին Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ է սկսել. Չորս հայ զինծառայող է զոհվել, ադրբեջանական կողմում զոհերի թիվը անցնում է մեկ տասնյակից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ