Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության օրերին Ադրբեջանի արտգործնախարարը տեղում չի եղել: Այս մասին հաղորդում է ընդդիմադիր Turan գործակալությունը:
«Ես չկարողացա նրան գտնել, նա աշխավայրում չէր»,- ասել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով կառավարության նիստին:
Ալիևը նաև դժգոհություն է հայտնել արտգործնախարար Մամեդյարովից՝ նրան մեղադրելով անպատասխանատվության մեջ: Նա դիմել է երկրի վարչապետին՝ խնդրանքով իրենց տեղեկացնել Մամեդյարովի հետ երկխոսության մասին:
Իր հերթին վարչապետ Ալի Ասադովն ասել է, որ ժամը 3-ին (գործակալություն չի նշում՝ կոնկրետ որ օրվա մասին է խոսքը) Մամեդյարովը տանն է եղել: «Ես հարցրի՝ ինչու եք տանը, պետք է աշխատավայրում լինեք և կատարեք նախագահի հանձնարարությունները»,- պատմել է վարչապետը:
Կարդացեք նաև
Այնուհետև Ալիևը դժգոհություն է հայտնել, որ Մամեդյարովը հայկական կողմի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության հարցեր: «Հայաստանի հետ ինչ համագործակցության մասին կարող է խոսք լինել»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ