Երեկ կեսգիշերից հետո մինչ այժմ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, կրակոցներ, հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից, չեն եղել: Այս մասին այսօր Իջեւանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց՝ հուլիսի 12-ից մեր ՀՕՊ համակարգերը խոցել են 13 ԱՍԹ-ներ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական.«Արդյունավետության տեսանկյունից՝ բարձր ցուցանիշ է»:
Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը 50-ից ավել հրետանային արկեր է կիրառել հայկական հինգ-վեց բնակավայրերի վրա, բայց հրադադարի ռեժիմը գրեթե լիովին պահպանվում է. «Մեր Զինված ուժերը զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին, հետեւում են հակառակորդ կողմի բոլոր զարգացումներին, պատրաստ են ցանկացած բնույթի սադրանքներին՝ հակառակորդի ցամաքային եւ օդային հարվածներին անհրաժեշտ հակահարված տան»:
Հուլիսի 12-ին Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ է սկսել. Չորս հայ զինծառայող է զոհվել, ադրբեջանական կողմում մեկ տասնյակից անցնում է զոհերի թիվը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ