Խոսքն այն պատվաստանյութի մասին է, որը ստացել են ԱՄՆ-ի Առողջապահության ազգային հաստատության եւ Նուբար Աֆեյանի ղեկավարած «Մոդերնա» ընկերության գիտնականները
Կովիդ 19 հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումներն ԱՄՆ-ում ցույց են տվել հուսադրիչ արդյունք: Այն կիրառվելու դեպքում փոփոխվում է մարդու իմունային համակարգն այնպես, ինչպես գիտնականներն էին կանխատեսում:
ԱՄՆ-ի կառավարության գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին ողջունել է գրանցված հաջողությունը: Խոսքն այն պատվաստանյութի մասին է, որը ստացել են ԱՄՆ-ի Առողջապահության ազգային հաստատության եւ Նուբար Աֆեյանի ղեկավարած «Մոդերնա» ընկերության գիտնականները: Պատվաստանյութը փորձարկման իր ամենակարեւոր փուլը սկսելու է հուլիսի 27-ին: Այն փորձելու են
30 հազար անձանց մասնակցությամբ, որը վերջնականապես կտա պատասխան, թե արդյոք այս պատվաստանյութն ունի կորոնավիրուսից մարդկանց պաշտպանելու կարողություն:
Կարդացեք նաև
Նախապես 45 կամավորների մասնակցությամբ մարտ ամսից իրականացված փորձերը ցույց են տվել, որ նրանց արյան մեջ զարգանում են չեզոքացնող հակամարմիններ` մոլեկուլներ, որոնք արգելափակում են վարակը մինչեւ այն մակարդակը, որը ցույց են տալիս կովիդ 19-ով հիվանդացած, ապա` ապաքինված անձինք:
Կարեւոր հանգամանքներից մեկը. Պատվաստանյութի փորձերի ժամանակ կամավոր կերպով մասնակցած անձանց մոտ չեն գրանցվել լուրջ կողմնային երեւույթներ: Սակայն նրանց կեսից ավելիի մոտ սրսկումը ստանալուց հետո ի հայտ են եկել գրիպի ախտանիշներ: Դա, ասում են բժիշկները, սովորական երեւույթ է նման պատվաստանյութերի կիրառման դեպքում: Այն կարող է նաեւ առաջ բերել ընդհանուր թուլություն, գլխացավ, սարսուռ, բարձր ջերմություն ու հոդացավ:
Այն երեք կամավորները, որոնք համաձայնվել էին ստանալ պատվաստանյութի ամենաբարձր չափաբաժինը, զգացել են ավելի նկատելի կողմնային ազդեցություններ:
Այսինքն` կարելի է ասել, որ պատվաստանյութն ընդունելու դեպքում մարդկանց մոտ առաջ են գալիս կորոնավիրուսի ախտանիշներ, սակայն դրանք կրում են ժամանակավոր բնույթ: Տեւում են մոտ մեկ օր եւ սկսվում են պատվաստանյութի ներարկումից անմիջապես հետո:
Ինչպես Վանդերբիլթի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետներից Ուիլյամ Շաֆներն է ասում, «կատարվել է առաջին լավ քայլը»: Սակայն համաճարակաբանի խոսքերով, դեռեւս վստահաբար չի կարելի ասել, որ հետագայում սպասվելիք մյուս պատվաստանյութերը կունենան լիովին կանխող հատկություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: