Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ճակատագիրը՝ մե՛ր ձեռքերում է, շնորհավորում եմ

Հուլիս 15,2020 22:00
zinvac ujer

Հուլիսի 12-13-ի իրադարձությունները Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի Տավուշի հատվածում խիստ ցավոտ ստացվեցին Ադրբեջանի համար, եւ խոսքը միայն ռազմական բաղադրիչի մասին չէ

Ձեռնպահ մնալով դեպքերի եղելությունը վերաշարադրելուց, քանզի վերջին օրերի ողջ լրահոսը հենց դրա մասին էր, մի քանի կարեւոր, թեկուզեւ շատ նախնական՝ հետեւություններ դրանցից, այնուամենայնիվ, անհրաժեշտ է դուրս բերել։

Նախ, որքան էլ որ միջազգային հանրությունը, առանձին երկրները հորդորում են միայն խաղաղ, բանակցային ճանապարհով լուծել բոլոր խնդիրները, ինչը մեծ հաշվով ոչ միայն ճիշտ է, այլեւ այլընտրանք չունի, իրականությունն այն է, որ դա կարող է լինել միայն փոխադարձ։ Իսկ այդ փոխադարձության բացակայությունը հայկական կողմին այլընտրանք չի թողնում, քան ուժի գործադրմանը պատասխանել համարժեք ուժով, պատասխանել, իրավիճակից կախված՝ սիմետրիկ կամ ասիմետրիկ, եւ դա, ցավոք, միակ «լեզուն» է, որը հասկանում է ատելությունից կուրացած Ալիեւն իր բարդույթավորված շրջապատով։

Երկրորդը, որքան էլ որ մենք հավատում ենք այն սկզբունքին, որ առանց բանակցությունների՝ չկա՛ հակամարտության լուծում, Ադրբեջանն իր ողջ պետական ռեսուրսը մոբիլիզացրել է մեզ «ծնկի վրա կոտրելու» եւ ուղղակի ոչնչացնելու նպատակին հասնելու համար, իսկ մնացածը (այն է՝ բանակցություններ, խոսակցություններ, մեկնաբանություններ)՝ սոսկ դրա ծխածածկույթն է։

Երրորդը, դատելով ընթացիկ միջազգային արձագանքից, լավագույն դեպքում, մենք կարող ենք ակնկալել միջազգային հարաբերությունների անհասցե-հավասարակշռված կամ անտարբեր-հավասարակշռված մոտեցումներ։ Իսկ առանձին դեպքերում մենք տեսնում ենք նաեւ անբարյացակամ արձագանքներ, որոնք «սերում են» տարբեր դրդապատճառներից՝ սկսած պարզ հայատյացությունից, ինչպես Թուրքիայի պարագայում, վերջացած կարճաժամկետ ինչ-ինչ «հաշվարկներից», որոնք նաեւ, ինչպես կյանքն է ցույց տալիս, նաեւ նոր խնդիրներ են հարուցում միջնաժամկետ հեռանկարում նման «հաշվարկներ» անողներին։ Սակայն, մեր պետականությունը վաղուց է հաղթահարել «անցման տարիքը», որպեսզի սա մեզ զարմացնի կամ զայրացնի։

Չորրորդը, մեր՝ վճռական մենակի ինքնաընկալումը ոչ թե մեզ հաղորդում է հուսահատություն, ինչը շատ կցանկանար մեր հակառակորդը, այլ բազմապատկում մեր վճռականությունը, դարձնում մեր միտքը պարզ եւ անկաշկանդ, հաղորդում է վստահություն սեփական ուժերի եւ ճշմարտացիության նկատմամբ։

Հինգերորդը, արդեն որերորդ անգամն է, հակահարված ստանալով՝ Ալիեւի ռեժիմն ընկնում է հիսթերիկայով համեմված՝ ինքնամոռաց ստախոսության նոպաների մեջ, հաճախ չզգալով, որ արդեն սկսում է ստել ինքն իրեն, հետո հերքել ինքն իրեն հաղորդած ստերը։ Եվ վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ մեր լրատվությունն արդեն շատ դեպքերում ուղղակի շրջանցում էր այդ «փրփուրը», պարզապես հաղորդելով փաստերը, իրադարձությունները, դեպքերի զարգացումը, անկախ նրանից, թե հակառակ կողմից ինչ զառանցանք է գալիս։

Վեցերորդը, մենք չունենք դաշնակից՝ բառիս ամբողջական իմաստով։ Մեր դաշնակիցը, մեղմ ասած, չափազանց անդյուրաշարժ է, երբ խոսքը վերաբերվում է իր պարտավորություններին, սակայն շատ խանդոտ, կասկածամիտ եւ անկանխատեսելի, երբ խոսքը վերաբերվում է արդեն մեր անելիքի կամ չանելիքի մասին։ Իսկ այն «դաշինքը», որին մենք անդամակցում ենք, եւ որը կոչվում է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն»՝ այն դաշինք չէ, եւ այնտեղ մենք իրականում դաշնակիցներ չունենք։ Անտեղ չկա «հինգերորդ հոդված», այնտեղ ոչինչ չկա. այնտեղ չկա ո՛չ «հավաքական», ո՛չ «անվտանգություն», ո՛չ «պայմանագիր», եւ ո՛չ էլ «կազմակերպություն»։ Եվ Հայաստանը որեւէ ակնկալիք չի էլ ունեցել, հիմա էլ չունի։ Այստեղից մենք արդեն ստացանք առավելագույնը՝ հավասարակշռված արձագանք Ռուսաստանից եւ Ղազախստանից։ Բայց մենք նաեւ չենք մոոռանում այն ցինիկ եւ զազրելի հակահայ պրոպագանդան, որը տեղում է ռուսական լրատվամիջոցներից։

Յոթերորդը, Հայաստանի Զինված ուժերը, դիվանագիտությունը, քաղաքական դասը, հասարակությունը, մամուլը՝ դրսեւորեցին ներդաշնակության բարձր աստիճան եւ գերազանցապես փայլուն լուծեցին դրված խնդիրները։ Տեղի ունեցածը նաեւ մի յուրովի հրամանատարա-շտաբային զորավարժություն էր՝ մարտական միավորների որոշակի ծավալի ծավալմամբ, որի արդյունքները գերատեսչական եւ միջգերատեսչական մակարդակներում մանրակրկիտ վերլուծելու նյութ են տալիս, ապագային միտված։

Եվ ութերորդը, արդեն որերորդ անգամն է, Ալիեւի ռեժիմն ինքն իրեն դնում է ծանր կացության մեջ՝ իր հոխորտալից անբարտավանության, մյուս կողմից՝ անհատակ ստախոսության պատճառով։ Եվ ընդհանրապես, ատելությունը վնասակար զգացմունք է, քանզի խեղաթյուրում է իրականության գնահատականները, եւ վնասում է ոչ թե նրան, ում ատում են, այլ հենց ատողին, ընդհուպ մինչեւ անդառնալի հիմարացում։ Բացի դրանից, ինչպես տեսնում ենք, նրանց տրված չէ հասկանալ այն, ինչը հայտնի է երկուսուկես հազարամյակ՝ հույն-պարսկական պատերազմներից, որ կազմակերպված եւ զինված ազատ մարդիկ հաղթում են կազմակերպված եւ զինված ոչ ազատ մարդկանց, մանավանդ, երբ երկրորդները հարձակվում են առաջինների վրա։ Մենք ռինգում չենք, բայց մեր հարեւանն է միշտ իրեն փորձում զգալ ռինգում, մեզ էլ այնտեղ ներքաշելով։ Բայց նրանք պետք է տեղյակ լինեն, որ այդ ռինգում նրանք միայն ծեծվելու են եւ բազմակի նոկդաունից գլխացավերով, ծեծված հեռանալու են ռինգից։ Ինչպես տեսանք, երկու օրվա ընթացքում ջարդուփշուր եղավ Ալիեւյան առասպելը, թե իրենք «ուժեղ» են, մենք՝ «թույլ»… Իսկ դա հարված է նրա իշխանության պատվանդանին, որից այն ճաքեր է տալիս։

Եվ այս արձանագրումը մեզ այլ ընտրություն չի թողնում, քան առանց որեւէ պաթոսի՝ պահպանել սառնասրտությունը եւ պարզապես օգտվել իրավիճակից։

Մեր ճակատագիրը՝ մե՛ր ձեռքերում է, շնորհավորում եմ։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031