Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվում է ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի միավորման հարցը. Եղիշե Կիրակոսյան

Հուլիս 15,2020 18:50

Մինչեւ տարեվերջ նախատեսված է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տեքստն ունենալ, իսկ մինչեւ 2021-ի հունիս ամիսը նախատեսվում է բուն նախագծի առկայությունը: Այս մասին, այսօր կազմակերպված սահմանադրական բարեփոխումների հանրային առաջին առցանց քննարկման ժամանակ հայտարարեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը:

Բանախոսը տեղեկացրեց`այս պահին հանձնաժողովը շատ քիչ հարցեր է քննարկել եւ շատ քիչ հարցերի վերաբերյալ դիրքորոշում ունի: Եղիշե Կիրակոսյանը սա կարեւոր է համարում այն առումով, քանի որ հստակ քաղաքական օրակարգ չկա եւ քննարկումներում այն պետք է ձեւավորվի: Հանձնաժողովի նախագահն ընդունում է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանի մոտեցումը, որ միայն իրավաբաններից կազմված հանձնաժողովը թերի է լիարժեք, բազմակողմանի անդրադարձերով Սահմանադրություն ունենալու համար, ուստի կարեւորում է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ իրական քննարկումները, ինչի մասին բարձրաձայնել էր Լուսինե Հակոբյանը:

«Ես, ամեն դեպքում, մոտեցումներ չունեմ, որ կանխակալ ընդունելի կամ չընդունելի դիտարկումներ լինեն: Այս փուլն ինքնին կարեւոր է նաեւ հանձնաժողովին օգնելու համար: Առանց այս փուլի, ես վստահ եմ հանձնաժողովն առաջ գնալ չի կարող»,- ասում է Եղիշե Կիրակոսյանը:

Իր հիմնական զեկույցում բանախոսն անդրադարձավ այն հարցերին, որոնք հանձնաժողովը նախնական քննարկել եւ հավանության է արժանացրել: Հստակեցրեց` վերջնական դիրքորոշումներ այդ հարցերի վերաբերյալ, դեռ չկան: Խոսքը սահմանադրական կարգի հիմունքներ բաժնում սկզբունքների վերանայման, նոր սկզբունքների ամրագրման մասին է:  Օրինակ, պետություն-եկեղեցի սահմանափակման կարգավորման վերանայման`ազգային ժառանգություն համարվող արժեքների պահպանության ապահովման նպատակով իրավական ինստիտուտների եւ կառուցակարգերի ներդրման, մասին է: Դեռ վերամշակումներ են ընթանում, առանձին քննարկում կլինի թեմայի շուրջ: Բայց, բանախոսի հավաստմամբ, հետաքրքիր լուծումներ են առաջարկվում: Նախագծի`միջազգային իրավունքին վերաբերվող բաժնում, քննարկվում է նաեւ վերպետական կազմակերպությունների ակտերի կիրառելիության հարցերը: «Խոսքը այնպիսի վերպետական կազմակերպությունների մասին է, ինչպիսին ԵԱՏՄ-ն է»,- օրինակ բերեց բանախոսը:

Իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման հատվածում հանձնաժողովը համաձայնության է եկել կառավարման համակարգը չփոխելու հարցում: Կառավարման համակարգը չփոխելու մասով, հիշեցնենք, դրական էր արտահայտվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանձնաժողովը քննարկում է նաեւ կայուն մեծամասնության ինստիտուտի վերանայման-փոփոխության, խորհրդարանական խմբակցությունների եւ հանձնաժողովների վերահսկող լիազորությունների վերանայման, պառլամենտական համակարգում նախագահի կարգավիճակի եւ լիազորությունների վերանայման հարցերը: Նաեւ`Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնատար անձանց անձեռնմխելիության ինստիտուտի վերանայման, վարչապետի անձեռնմխելիության ինստիտուտի ներդրման հարցերը: Մարդու իրավունքների եւ ազատությունների մասով քննարկվել է, մասնավորաբար, Սահմանադրության երկրորդ եւ երրորդ գլուխներում փոփոխությունները, դրանց միավորման հավանականությունը, քննարկվել է դատապարտյալների ընտրական իրավունքի հարցը, ՄԻՊ-ին սոցիալական իրավունքի մասով բողոք ներկայացնելու հնարավորություն տալը եւ այլն:

Դատական իշխանության մասում առանցքայի առաջարկը ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի միավորման հարցն է: Եղիշե Կիրակոսյանը բացատրեց`որեւէ ինստիտուտի ֆունկցիա չի նախատեսվում վերացնել, դրանք միատեղվելու են: Առաջիկայում հանձնաժողովն առավել մանրամասն եւ հանգամանալից կքննարկի այս առաջարկը: Առաջարկ կա նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության կարգի փոփոխության, դատավորների եւ ԲԴԽ անդամների տարիքային ցենզի նվազեցման, ԱԺ-ի դերի`ՍԴ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, արդարադատության իրականացմանը ժողովրդի անմիջական մասնակցության վերաբերյալ, բայց այս բոլոր առաջարկները կախված են հիմնական ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի միավորման-չմիավորման հարցի շուրջ կոնսենսուսից:

Դատավորների վեթինգի, մարդու իրավունքների մասով էլ, ըստ հիմնական զեկուցողի, մանրամասն վերլուծություն կա, բայց դա նույնպես ածանցյալ է առաջին`հիմնական հարցին:

Քննարկվել է դատախազության եւ քննչական մարմինների անկախության սահմանադրական երաշխիքների հարցը, դատախազության լիազորությունների վերանայման, քննչական մարմինների`գործադիր իշխանությունից անկախության հարցը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031