ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր (ՔԴՄ), Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ալբերտ Վայլերը հուլիսի 15-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, իր խորը մտահոգությունն է հայտնում հայ-ադրբեջանական պետական սահմանին ռազմական էսկալացիայի վերջին դեպքերի առնչությամբ: «Տեղեկությունների համաձայն՝ զինված ընդհարումների արդյունքում բազմաթիվ զինծառայողներ են մահացել և վիրավորվել»:
Որպես խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ՝ Ալբերտ Վայլերը կոչ է արել կողմերին խստագույնս հարգելու և պահպանելու զինադադարը: «Այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում քաղաքական բանակցությունները չունեն այլընտրանք: Մենք շարունակելու ենք սատարել խաղաղ երկխոսության այս ձևաչափը: Հակամարտության բոլոր կողմերի համար պետք է միանշանակ լինի փոխզիջման պատրաստակամությունը և խաղաղ կարգավորումը: Իմ զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և մերձավորներին»: