Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Մկրտչյանին հարցրի թևդ ա՞, գլխով արեց». Մխիթար Ավետիսյան

Հուլիս 15,2020 18:30

«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հուլիսի 15-ի նիստին (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) հարցաքննվեց ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը: Տիգրան Եգորյանը միջնորդեց, որպեսզի դատական նիստերի դահլիճում հարցաքննվեն նաև Արամ Մանուկյանն ու Արամ Հակոբյանը:

Դատարանի դահլիճում հարցերի միջոցով Տիգրան Եգորյանը փորձեց պարզել այն դրվագը, թե ով է օգնություն տրամադրել Մխիթար Ավետիսյանին: Նա ասաց, որ իրեն օգնություն է ցուցաբերել Էդուարդ Գրիգորյանը ու պատմեց. «Նա վիրակապում էր ինձ, այդ ընթացքում կրակոցներ եմ լսել: Մյուս շենքում՝ երեք հարկանի, եղած կրակոցները մեզ համար տեսանելի չէին»:

Հարցին՝ արդյոք դա այն շե՞նքն է, որում գտնվում էր զինանոցը և որում գտնվում էր Գագիկ Մկրտչյանը, նա դրական պատասխան տվեց ու շարունակեց. «Երբ գնացիք այդ շենք արդեն Գագիկ Մկրտչյանը վիրավոր էր՝ թևից բռնած: Հարցրի՝ թևդ ա՞,  գլխով արեց»:

Դատական նիստին հարցաքննվեց նաև ամբաստանյալ Էդուարդ Գրիգորյանը: Նա հարցերին ի պատասխան ասաց, որ տեսել է՝ Գագիկ Մկրտչյանը և Մխիթար Ավետիսյանը զրուցում են, սակայն չի լսել, թե ինչ թեմայով: Այդ դրվագը նա ներկայացրեց. «Ճանապարհին կանգնել ենք, Մխոն Գագիկի հետ խոսել է, մենք շարունակել ենք: Ես չեմ խոսել, շուրջբոլորս եմ նայել: Հետաքրքիր չէր, թե ինչ է շփվում Մխոն Գագիկ Մկրտչյանի հետ»: Հարցին՝ Գագիկ Մկրտչյանն արդեն վնասվածք ստացա՞ծ էր, ասաց, որ չի նկատել. մոտ չի գնացել: Հարցին՝ վիրակապվա՞ծ էր, պատասխանեց, որ չի տեսել: Հարցին՝ Արայիկ Խանդոյանն այդ հատվածո՞ւմ էր, նա պատասխանեց՝ ոչ ու նշեց, որ սկզբում նրան անցակետի մոտ է տեսել, հետո այդ երեք հարկանի շենքում, երբ Մխիթարի հետ գնացել է այդտեղ»:

Հարցին՝ արդյոք երեք հարկանի շենքում Արմեն Բիլյանին տեսե՞լ է, Էդուարդ Գրիգորյանը պատասխանեց. «Մենք որ շարժվել ենք դեպի երեք հարկանի շենք, Արմեն Բիլյանը մնացել է անցակետում, քանի որ Արմեն Բիլյանը մեր տղաների հետ այնտեղ հսկում էր»:

Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝  ի վերջո Գագիկ Մկրտչյանը ինչպե՞ս է հրազենային վիրավորում ստացել, Էդուարդ Գրիգորյանը պատասխանեց. «Ես այնքան զբաղված եմ եղել, որ քննարկումների ժամանակ չկար: Ասում եմ, որ քննարկում չի եղել այդ հարցում, իսկ թե ինչ հանգամանքում է եղել, ես չեմ կարող ասել» :

Էդուարդ Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 22-ին՝ ժամը 11:00-ին: Կհարցաքննվեն Արամ Մանուկյանն և Արամ Հակոբյանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031