Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Օպերատիվ-հետախուզական միջոցառման մասին տեղեկացրել էր հետախուզվող անձին. քննարկվում է Բազումի բաժնի ՀՈԲ ավագ տեսուչի վերաբերյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը

Հուլիս 15,2020 18:21

Օպերատիվ տվյալների իրացման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ նույն վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ՀՈԲ ավագ տեսուչ Ս. Ս.-ն 2020թ. մարտի 17-ին, ժամը 14:10-ի սահմաններում, իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է ընկերոջ՝ Ա. Ա.-ի բջջային հեռախոսահամարին և հայտնել, որ վերջինիս հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված և պատժի կրումից խուսափելու համար ՀՀ ոստիկանության կողմից հետախուզվող անձին հայտնաբերելու նպատակով Բազումի բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքում իրականացվելու է օպերատիվ-հետախուզական միջոցառում: Այդ մասին Ա. Ա.-ն տեղեկացրել է հետախուզվող անձին, ինչի հետևանքով վերջինս չի հայտնաբերվել և իրականացված միջոցառումը եղել է անարդյունք:

Դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից 2020թ. մարտի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության արդյունքում Ս. Ս.-ին վերոնշյալ արարքը կատարելու համար առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 2020թ. մայիսի 6-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը, ըստ էության քննության առնելու համար ուղարկել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Դատական քննության արդյունքում, մեղադրող դատախազի կողմից պահանջվել է ամբաստանյալի նկատմամբ կիրառել պատիժ՝ 1 տարի ժամկետով ռեալ ազատազրկման ձևով: Սակայն 2020թ. հունիսի 2-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Ս. Ս.-ին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում, նշանակել է պատիժ՝ տուգանքի ձևով:

Նկատի ունենալով, որ նշանակված պատիժը համարժեք չէ կատարված հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանին և ելնելով նրանից, որ դատարանում դատախազը պահանջել էր Ս.Ս.-ին ենթարկել ռեալ ազատազրկման, ներկայումս քննարկվում է նշված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռևս 2020թ. փետրվարին կայացած Դատախազության կոլեգիայի նիստին նշել էր, որ առավել խիստ պատժողական քաղաքականություն է ցուցաբերվելու իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից հանցագործությունների բացահայտմանը խոչընդոտելու, առերևույթ հանցագործություն կատարող անձանց պատասխանատվությունից խուսափելուն ուղղված գործողություններ կատարելու, հանցավոր վարքագիծ դրսևորելու դեպքերին: Նման երևույթները գնահատելով որպես հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների նկատմամբ դավաճանություն՝ ՀՀ գլխավոր դատախազը հավելել էր, որ իրավապահ բոլոր մարմինները համակարգային առումով միասնական են նման տարրերին մերկացնելու և նրանց նկատմամբ պատժի անխուսափելիությունն ապահովելու հարցում:

Ավելի վաղ տեղեկացվել էր ՀՀ ՀՔԾ-ում  քննվող մեկ այլ քրեական գործով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետ Ա.Ա.-ի կողմից, իր մտերիմի խնդրանքը կատարելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով,  սահմանված քրեադատավարական գործողություններ կատարելու փոխարեն երկու և ավելի անձանց սպանության փորձի հանցագործության գործիք հանդիսացած հրազենների զարկանները խարտոցով ձևափոխելով առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիքների պարտակում կատարելու, այդպիսով հանցագործության բացահայտմանը խոչընդոտելու և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովումը վտանգելու մասին:

Նշված գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և 2020թ.-ին քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ա. Ա.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 334-րդ հոդվածների 1-ին մասերով, ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության համար:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031