Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող սահմանադրության ո՞ր հոդվածներն իրավունք չեն տալիս վեթինգ իրականացնել, կփոխվե՞ն դրանք. Լուսինե Հակոբյան

Հուլիս 15,2020 17:59

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը կա, և հատկապես կարևոր է գործընթացի լեգիտիմությունը՝ Ա-ից Ֆ ընկած տիրույթում. «Սա կլինի այն երաշխիքը, որ ՀՀ ժողովուրդը Սահմանադրությունը հասկանա, հարգի, պահպանի եւ այն իրենը համարի վերջապես»: Այս մասին Լուսինե Հակոբյանն ասաց այսօր մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումների առաջին առցանց հանդիպման ժամանակ:

«Ի սկզբանե խնդրահարույց ենք համարել սահմանադրական փոփոխությունները միայն իրավաբանների մասնակցությամբ մշակելու գործընթացը: Հուսով ենք, որ ոլորտային քննարկումների արդյունքում`տարբեր մասնագետների ներգրավմամբ, այդ բացը հնարավոր կլինի շտկել»: Նա նաեւ կարեւորում է, որ հանձնաժողովն իրապես բաց լինի ՔԿՀ-ների առաջարկությունների համար՝ չընկնելով զուտ ֆորմալ մասնակցություն ապահովելու ետեւից եւ չընդունելով բացառապես այն առաջարկությունները, որոնք իսկզբանե համահունչ են հանձնաժողովի մշակած սկզբունքներին:

Բանախոսը մի քանի դիտարկում-հարցեր հնչեցրեց: Հիշեցնելով, որ 2015-ի սահմանադրական փոփոխություններին ընդառաջ՝ հանրային մի շարք գործիչներ, այդ թվում փաստաբաններ, լրջորեն քննադատում էին մարդու իրավունքների բաժնում կատարվող փոփոխությունները՝ համարելով, որ դրանք նահանջ են ժողովրդավարությունից, հետաքրքրվեց`արդյոք այդ ամենը հանձնաժողովը նկատի ունեցե՞լ է, նախատեսվո՞ւմ են փոփոխություններ եւ ի՞նչ փոփոխություններ: Ապա նաև ասաց՝ վարչապետի անդրադարձներից հասկանալի է, որ կառավարման խորհրդարանական ձեւի փոփոխություն չի ցանկանում տեսնել, եւ հետաքրքրվեց, թե հանձնաժողովը քննարկումները ի՞նչ ուղղությամբ է տանում՝ ներկայիս կառավարման մոդելի՞ համատեքստում, թե՞ դիտարկվում է նաեւ կառավարման ձեւի փոփոխություն՝ հաշվի առնելով 2015-ին կառավարման այդ մոդելի նպատակի եւ միջոցի հետ կապված փոփոխությունները: Հիշեցնենք, այն ժամանակ, քննադատվում էր, որ Սահմանադրությամբ կառավարման մոդելը փոխվեց՝ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ պաշտոնավարելու հնարավորություն ստեղծելու համար:

Լուսինե Հակոբյանը նաեւ մեջբերեց կառավարության ղեկավարի եւ տարբեր անդամների հայտարարություններն այն մասին, թե Սահմանադրությունը թույլ չի տալիս դատական համակարգի վեթինգ իրականացնել եւ հետաքրքրվեց`մասնավորապես, Սահմանադրության ո՞ր կարգավորումները դա թույլ չէին տալիս եւ արդյոք դրանց փոփոխություն քննարկվել է, ի՞նչ ուղղությամբ են փոփոխություններ լինելու կամ եթե չեն լինելու՝ ինչո՞ւ: «Այս խնդիրը հատկապես կարևոր եմ դիտարկում դատական ոլորտում արձանագրված վերջին զարգացումների լույսի ներքո, երբ ակնհայտ է դառնում, որ ԲԴԽ-ում դատավորների մեծամասնությունը չի գիտակցում դատական համակարգի առողջացման անհրաժեշտությունը եւ ամեն կերպ լծված է իրենց դատավոր գործընկերների կողմից թույլ տրված խախտումների արդարացմանը: Սա թույլ է տալիս եզրահանգելու, որ դատական օրենսգրքի վերջին փոփոխություններով նախատեսված նոր հանձնաժողովների ձեւավորման անհրաժեշտությունը, հաշվի առնելով, որ այդ հանձնաժողովները մեծամասամբ կազմված են լինելու դատավորներից, ևս թույլ չի տալու արդյունավետ լուծել ներկայիս խնդիրները»,- ասաց նա:

Բանախոսը հետաքրքրվեց նաեւ ընտրական ոլորտին առնչվող հնարավոր փոփոխություններից:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանն իր խոսքում մասնակի անդրադարձավ Լուսինե Հակոբյանի հնչեցրած հարցերին: Նա նախ ասաց՝ Հայաստանում տասնամյակներ շարունակ իշխանությունն իր բոլոր ճյուղերով եղել է զավթված եւ սահմանադրական բարեփոխումների գերագույն խնդիրը պետք է լինի անել այնպես, որ այլեւս ՀՀ քաղաքացին իշխանությունն իր ձեռքը վերցնելու համար կարիք չունենա դիմելու սթրեսային, արտառոց մեթոդների, ինչպես եղավ 2018-ին, այլ դա անի ավելի ինստիտուցիոնալ եղանակներով՝ ընտրական ինստիտուտի, դատական իշխանության անկախության երաշխավորման տարբերակներով: Ինչ վերաբերում է պետական կառավարման համակարգի մոդելին, լինելով խորհրդարանական  կառավարման մոդելի կողմնակից եւ վստահ լինելով, որ երկարաժամկետ հատվածում այդ մոդելը մեզ ավելի լավ տեղ է տանելու, Դանիել Իոաննիսյանն այս պահին այդ հարցին այդքան էլ նշանակություն չի տալիս: Նա համարում է, որ կան թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական կառավարմամբ երկրներ, որոնք ե՛ւ հաջողել են, ե՛ւ տապալվել են: Ոստի, այս առումով, շատ ավելի կարեւորում է դատական իշխանության անկախության բաղադրիչը, քաղաքացիներից իշխանությունը զավթելու անհնարինության մեխանիզմի ապահովումը եւ այլն, որոնք ավելի կարեւոր են հաջողված պետություն ունենալու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031