«Սեւ շուկայում գործում են այսպես կոչված խորհրդատվական գրասենյակներ, որտեղ հաճախ են աշխատողներ փոխում: Դրանք տալիս են իբրեւ խորհրդատվություն՝ վարկեր ձեւակերպելու, ապառիկ տրամադրելու հարցերով եւ հսկայական գումարներ շորթում մարդկանցից: Քաղաքացիները գնում են ապառիկ ձեւակերպելու, որպեսզի գումարը վերցնեն եւ տան խանութին, սակայն իրենց գումարը չեն տալիս: Դա վարկային ծովահենություն է: Այս չարիքի դեմ ինչպե՞ս պայքարել»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր «Իմ քայլը» խմբակցության կողմից ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Հովհաննես Խաչատրյանից հետաքրքրվեց նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Խաչատրյանը նշեց, որ այսպես կոչված «վարկային միջնորդների» համար լիցենզիայի տեսակ ՀՀ-ում չկա, սակայն խնդրի հետ կապված իրավական գործընթաց կա. «Որոշ դեպքերում բանը հասել է նրան, որ այդ ընկերությունները գիծն անցել են, եւ դատախազությունում խարդախության հոդվածով քրեական գործեր կան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ