Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության տեքստը եւ հայեցակարգը կգրվի հանրային քննարկումներին զուգահեռ. Եղիշե Կիրակոսյան

Հուլիս 15,2020 17:27

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը պետք է լինի թափանցիկ եւ հաշվետու, գործընթացում պետք է ապահովվի հասարակության տարբեր խմբերի բարձր ներառականությունը՝ կուսակցությունների, մասնագիտական խմբերի բացառիկ մասնակցությունը: Այս կարծիքին է Իրավաբանների հայկական ասոցացիայի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Կարեն Զադոյանը:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, հիշեցնենք, ձեւավորվեց 2020 թվականի փետրվարին: Դրանում ընդգրկված են կառավարության, ԱԺ խմբակցությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ներկայացուցիչներ, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, մասնագետ-գիտնականներ: Վերջիններս մրցութային կարգով են ընտրվել: Հանձնաժողովն այսօրվանից սկսել է բարեփոխումների հանրային քննարկումների շարքը: Առաջին քննարկումը կայացավ առցանց ձեւաչափով:

«Շատ կարեւոր է, որ Սահմանադրության տեքստը մատչելի ու հասանելի լինի քաղաքացիներին: Բովանդակային մասով՝ նոր Սահմանադրությունը պետք է լինի լեգիտիմ՝ յուրաքանչյուր քաղաքացի այն իրենը պետք է համարի: Քննարկումները եւ փոփոխությունները պետք է կատարվեն մինչ այժմ քաղված դասերի հիման վրա եւ հայաստանյան համատեքստը հաշվի առնելով»,-իր խոսքում ասաց Կարեն Զադոյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանն էլ նախ ասաց` հանձնաժողովում ունեցել են բավական բուռն քննարկումներ տարբեր առաջարկների վերաբերյալ, որոնք ընդգրկում էին սահմանադրական բարեփոխումների գրեթե ողջ շրջանակը` գործընթացը ճիշտ մոդելավորելու եւ ճիշտ ճանապարհային քարտեզով առաջ տանելու համար: Հանձնաժողովի նախագահը մեջբերեց վարչապետի խոսքը՝ համաձայնելով նրա այն հայտարարության հետ, որ գործընթացում քաղաքացու եւ հասարակության հետ անքակտելի կապի ապահովումը շատ կարեւոր է: Հենց այս նկատառումից ելնելով՝ առանց պատրաստի նյութի, առանց «փակ սենյակում գրված տեքստի» որոշել են սկսել հանրային քննարկումները, որոնք հնարավորություն կտան նաեւ հանձնաժողովին շատ հարցերում դիրքորոշումը հստակեցնել՝ ելնելով քննարկումների արդյունքներից:

Սահմանադրության տեքստը եւ հայեցակարգը կգրվի հանրային քննարկումներին զուգահեռ: Եղիշե Կիրակոսյանն ասաց նաեւ, որ նախատեսվում են թեմատիկ քննարկումներ՝ պառլամենտական հանրապետությունում իշխանության տարանջատման սկզբունքների, բարձրագույն դատական իշխանության մարմինների միավորման եւ առանցքային այլ հարցերի շուրջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031