Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Քանանյան. «ՀՖՖ իշխանությունը զավթած մի քանի հոգի հակազգային, հայկական ֆուտբոլին դեմ քայլեր են անում»

Հուլիս 15,2020 16:27

Հայկական ֆուտբոլում, մասնավորապես, ՀՀ 1-ին խմբի առաջնությանը մասնակցող «Լոկոմոտիվ» ակումբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այսօր «Լոկոմոտիվ» ՖԱ-ն մամուլի ասուլիս էր հրավիրել:

Ակումբի նախագահ Հրաչյա Քանանյանը մինչեւ ասուլիսը սկսելը խնդրեց հոտնկայս հարգել զոհված հայ զինվորականների հիշատակը, որոնք իրենց կյանքի գնով պահպանել են մեր երկրի սահմանները, «Լոկոմոտիվ» ակումբի զորակցությունը հայտնեց Հայոց ազգային բանակին եւ հայտարարեց, որ իրենք կանգնած են մեր պետության ու բանակի կողքին:

Այնուհետեւ, Հրաչյա Քանանյանը խոսեց իրենց ակումբի նկատմամբ ՀՖՖ-ի կայացրած՝ իր ձեւակերպամամբ, անարդարացի, ոչ իրավաչափ որոշման մասին: Նրա խոսքով 1-ին խմբի մրցաշարի հինգ ակումբներ, այդ թվում՝ նաեւ իրենք, զրկվել են ոչ միայն առաջնությանը մասնակցելուց, այլ մեղադրվում են յոթ պայմանավորված խաղերի կազմակերպման, այդ խաղերում մանիպուլյացիաներ անելու մեջ, որոնք ապացուցված չեն:

Նա հայտարարեց, որ ՀՖՖ-ի կատարած այս անօրինական քայլերը հանգեցրել են 1-ին խմբի կազմաքանդմանը, Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի ոչնչացմանը: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իշխանությունը զավթած մի քանի հոգի ինչպիսի հակազգային, հայկական ֆուտբոլին հակառակ քայլեր են անում: Ես չեմ ուզում մտածել, թե դա ուղղորդված է, ավելի շատ հակված եմ իրենց ոչ կոմպետենտ լինելուն: ՀՖՖ-ն ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում հայտնվածի կարգավիճակում: Այն տարանջատվել է հայկական ֆուտբոլից եւ գործում է որպես առանձին միավոր՝ զբաղվելով միայն դրսից ստացվող ֆինանսների կառավարմամբ եւ դրանք անհամաչափ, տրամաբանությունից դուրս վերաբաշխումով:

Մեր նկատմամբ կայացված որոշումներում հիմնական շեշտադրումը դրվել է որոշ ակումբների վերաբերյալ ՈՒԵՖԱ-ից ստացված զեկուցագրերի եւ ԱԱԾ-ի ինչ-որ փաստաթղթերի վրա՝ այդ ակումբներին մեղադրելով իբր պայմանավորված խաղեր կազմակերպելու եւ այդ խաղերում մանիպուլյացիոն գործողություններ անելու հարցում»,-ասաց նա: Ակումբի նախագահի պնդմամբ, ՈՒԵՖԱ-ի ներկայացրած զեկուցագրերում իրենց մասին նմանատիպ կոնկրետ մեղադրանքներ եւ ապացույցներ չկան:

Նրա համոզմամբ ՀՖՖ-ն չարաշահել է իր իրավասությունները, կայացրել այնպիսի որոշումներ, որոնք խոչընդոտում են պաշտպանվելու, ընդհուպ, մարզական արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունները: Սակայն ակումբը տրամադրված է բոլոր օրինական ճանապարհներով պայքարել մինչեւ վերջ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031