Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ բուժվողների թիվը երեք օրվա հետ համեմատ մնացել է նույնը։ Շիրակի մարզպետարանի պաշտոնական տվյալներով, այնտեղ Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։ Բարեբախտաբար, չի ավելացել նաև մահացողների թիվը, մարզից, ընդհանուր առմամբ 25 հոգի է մահացել։
Երկու օրվա ընթացքում չինչին քանակով ավելացել է տնային բուժում ստացողների թիվը․ 274-ից դառնալով 276։ Նշենք, որ 45 հոգի էլ տեղափոխվել են մայրաքաղաք։
Շիրակի մարզպետարանի պաշտոնական տեղեկության համաձայն․ «Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6080 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 14-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5726 նմուշառման հետազոտություն, հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 57 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 920 քաղաքացի, նրանցից 276-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կարդացեք նաև
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 366 բնակիչ»։
Մեր տեղեկություններով, Շիրակի մարզում դրական դեպքերը օրական տատանվում են 25-35 տոկոսի սահմաններում․ օր կա նմուշառվածների ընդհանուր քանակից 25 տոկոսն է դրական, օր կա՝ 27, 33 տոկոս։
Գյումրու արտադրամասերում նոր դեպքեր չկան, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նմուշառումներ է իրականացրել Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում, որտեղ վարակվածության որևէ դեպք չի արձանագրվել։
Պարբերաբար նմուշառումներ են կատարվում նաև Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, այստեղ ևս որևէ դեպք չի արձանագրվել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ