Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ժամանակը անցողիկ է՝ մեր ազգի հոգեկերտվածքը մնայուն». Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը

Հուլիս 15,2020 15:47

Ո՞վ է դեռ կասկածում, որ  թուրք-թուրք  պետություններում երազում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գոյությունից ազատվել: Որ «Հայկական հարցի» պահանջատիրության,  կատարված ցեղասպանական գործողությունների պատժի մասին այլևս ոչ ոք չհիշի: Վերջին օրերի հռետորաբանությունը և սահմանային սադրանքները այդ ծրագրի վառ  ապացույցն են:

Պատահական չէր, որ Իլհամ Ալիևը վերջին ամիսներին «պատմաբան» էր դարձել, իր ցեղի պատմությունը վեր էր դասում մեր հազարամյա գոյության և հարատևման ժամանակաշրջանից:

Եվ այս պայմաններում Հայաստանի կրթության նախարարը փորձում է, առնվազն, կրճատել մեր նոր սերնդի պատմական հիշողությունը, դպրոցական ծրագրից հանելով Հայ եկեղեցու պատմություն առարկան:

Իսկ որ այն դպրոցում ուսանելու բարձրագույն անհրաժեշտություն է, պայմանավորված է  առնվազն հետևյալ հանգամանքներով՝

  • Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ պահպանել և փոխարինել է պետական կառույցները՝ իրականացնելով դրանց հիմնական գործառույթները:
    Պահպանել է մաշտոցյան գիրը, հայ գրականության գոհարները, հոգևոր և ժողովրդական երաժշտությունն ու երգը: Բոլոր հնարավոր միջոցներով ստեղծել և զարգացրել է կրթական համալիր հաստատությունները:
  • Արհավիրքների ժամանակ միավորել է հայությունը՝ դիմագրավելու թշնամու ոտնձգությունները:
  • Մեծագույն դերակատարում է ունեցել հայի ազգային նկարագիրը պահպանելու և զարգացնելու, ազգային արժեհամակարգը նոր սերունդների դաստիարակության համակարգում անփոփոխ ներկայացնելու ուղղությամբ: Մշտապես քարոզել է ընտանիքի ամրության, բարոյական նորմերի պահպանման, երեխաներին ազգային ոգով կրթելու օգտին:
  • Ցեղասպանություն վերապրած ու աշխարհով սփռված ազգի բեկորները եկեղեցին իր շուրջ է միավորել, օտար երկրում նպաստել է հայի ազգային ինքնության զարգացմանը, քարոզել է հյուրընկալած երկրի օրինավոր քաղաքացի լինելը: Վերջապես, մյուս կառույցների աջակցությամբ, փրկել է հայկական սփյուռքը ուծացումից:
  • Պատմական անհրաժեշտություն է համարվել Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե (Մխիթարյան Միաբանություն), Հայ Ավետարանչական եկեղեցիների ազգապահպան գործունեությունը, ինչը շարունակվում է և այսօր, առանց հակասությունների:

Թվարկածը, ընդամենը չնչին մասն է կազմում այն անգնահատելի ազգաբեր և պետականամետ գործունեության, որն Արարատի բիբլիական գագաթի հարատևության  հետ է համեմատելի:

Եվ այս ամենից եզրակացությունը մեկն է՝ ազգային եկեղեցու պատմությունը մեր ժողովրդի ոչ միայն հարատևության և մաքառելու արձանագրությունն է, այլ հպարտանալու, հոգևոր հարստությունից օգտվելու, խիզախ ու դարերում կոփված անկոտրում քաղաքացի լինելու, աշխարհում քաղաքակիրթ ներկայանալու հնարավորությունն է:

Ինչ վերաբերում է այսօրվա նախարարին, նրան ուղղորդող վարչապետին, ապա հասկացեք՝ հնարավոր չէ  շրջել մեր ժողովրդի գիտակցությունը ազգային գաղափարախոսությունից դեպի հեղհեղուկ, այսպես կոչված, գլոբալիստական, նեոլիբերալ մտածելակերպի: Ձեր ժամանակը անցողիկ է՝ մեր ազգի հոգեկերտվածքը մնայուն:

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության  նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031