Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական, Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմաններում նորից անհանգիստ է: Անասելի ցավոտ են մեր հերոսների խոցվելու մասին լուրերը, սակայն անթաքույց հպարտություն են պարգևում երկրի սահմաններն ամրապնդելու մեր տղաների անտրտունջ ջանքերը:
Արդեն որերորդ ամառն է, որ մենք ապրում ենք ուժգնացող լարվածության պայմաններում: Բացառություն էր 2016 թվականը, երբ ռազմական էսկալացիան սկսվեց ապրիլի առաջին օրերից: Մեր հակառակորդների սպասելիքներն, ինչպես միշտ, ցնորամիտ են: Այդպես էլ անհասկանալի կմնա նրանց, թե ո՞նց է իր վիճակից ամեն օր դժգոհող ազգը համախմբվում բանակի շուրջ՝ մի կողմ թողնելով ներքին խնդիրներն ու քաղաքական տարբեր հայացքները:
«Ամեն ժողովուրդ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա»,- ասում էր Սպարապետը: Ասում էր հենց այսօրվա համար: Իսկ այս կռվում հոգնել չկա: Տարբերություն էլ չկա` սահմանի որ մասում է՝ Տավուշում, Արցախում, թե մեկ այլ կետում:
Հավերժ հիշատակ մեր նահատակներին: Շուտափույթ ապաքինում՝ վիրավոր տղաներին: Երիցս փառք մեր Բանակին:
Կարդացեք նաև