ՀԱՊԿ-ից կոչ են անում դաշնակիցներին դրսեւորել համերաշխություն եւ փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն եւ տառին
Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը միջազգային հանրության ուշադրության կիզակետում է:
Նախ, հուլիսի 13-ին իրավիճակի վերաբերյալ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք դատապարտեցին հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ արեցին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հետագա լարվածությունը կանխելու համար։ Ապա` նրանք, որքան հնարավոր է՝ շուտ առարկայական բանակցությունների վերսկսման կոչ արեցին:
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրված բախումները: Մենք կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գործող ուղիղ հաղորդակցման կապերը՝ հետագա լարվածությունից խուսափելու համար եւ անվերապահորեն պահպանել զինադադարը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները մնում են լիովին պատրաստակամ՝ օգնելու կողմերին հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական, խաղաղ կարգավորմանը: Մենք ակտիվորեն կմնանք ներգրավված այդ նպատակի իրականացման ջանքերին»,- ասվում էր ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մորգան Օրտագուսի հայտարարության մեջ: ԱՄՆ-ը միանում էր Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով կողմերին որքան հնարավոր է շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները:
Կարդացեք նաև
Ռուսաստանը՝ բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները հարգելը՝ շեշտեց նաեւ իր առանձին դերը Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում:
Հուլիսի 13-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զրույց էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նրանք քննարկել էին հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը եւ այն հաղթահարելու ուղիները: «ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի համարեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով»,- ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:
Ավելի ուշ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ: ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը եւ զսպվածություն դրսեւորել՝ հաշվի առնելով ստանձնած պարտականությունները, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները: Լավրովն ընդգծել էր, որ Ռուսաստանը կշարունակի իր միջնորդական առաքելությունն, ինչպես Բաքվի եւ Երեւանի հետ շփումների, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ռուսական կողմը նաեւ կարեւորել է, որպեսզի «Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն իրադրությունը գնահատելիս եւ խուսափեն այնպիսի հայտարարություններից եւ գործողություններից, որոնք կարող են լարվածության հավելյալ աճ սադրել», ասվում էր ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Եվրոպական միության Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ:
ԵՄ-ն երկու կողմերին կոչ էր արել դադարեցնել զինված դիմակայությունը, ձեռնպահ մնալ լարվածություն հրահրող գործողություններից եւ հռետորաբանությունից եւ ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ հետագա էսկալացիան կանխելու համար: Այս համատեքստում, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, երկու կողմերը պետք է օգտագործեն բոլոր մեխանիզմները ուղիղ հաղորդակցության համար` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ ձեւավորված ձեւաչափով, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներգրավմամբ: «Հրադադարի այս լուրջ խախտումները ցույց են տալիս տեղում ԵԱՀԿ դիտարկումը վերսկսելու հրատապության անհրաժեշտությունը, հենց որ պայմանները թույլ տան դա»,-ասված է հայտարարության մեջ:
ԵՄ-ն կողմերին կոչ էր անում խստորեն հարգել հրադադարի ռեժիմը, էներգիան եւ ռեսուրսները ներդնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար՝ խելացի կերպով վերստին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո իրականացվող բուն բանակցություններին եւ պատրաստել հասարակություններին խաղաղության համար:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին եւ իրավիճակի սրումը: Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ ասվում էր. «Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է ստացած հաղորդագրություններից՝ հայ-ադրբեջանական միջազգային սահմանի վրա փոխադարձ հրետակոծման մասին, այդ թվում՝ ծանր զենքի օգտագործմամբ, որոնք ինչպես հայտնում են՝ մահվան պատճառ են դարձել»: Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաեւ բոլոր շահագրգիռ կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու եւ սադրիչ հռետորաբանությունները կանխելու համար»: «Գլխավոր քարտուղարը հաշվի է առել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօր արած հայտարարությունը եւ վերահաստատում է իր լիակատար աջակցությունն այս վտանգավոր իրավիճակը լուծելու նրանց ջանքերին եւ կոչ է անում բանակցությունների միջոցով շարունակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը», – ասել է Դյուժարիկը:
Կրեմլը՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մակարդակով եւս հուլիսի 14-ին մտահոգություն հայտնեց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ: «Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունից: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ կատարել հրադադարի պայմաններում իրենց ստանձնած պարտավորությունները: Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել կարգավորման համար», – լրագրողներին ասել էր Պեսկովը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա հուլիսի 13-ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ պետք է հրավիրվեր, որը անհայտ պատճառներով հետաձգվել էր: Հուլիսի 14-ին տարածվեց ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի հայտարարությունը, որում ասվում էր. «ՀԱՊԿ քարտուղարությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման առնչությամբ, որն առաջացել է հուլիսի 12-ին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների միջեւ զինված բախումից հետո, այդ թվում՝ ծանր սպառազինության կիրառմամբ, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարեւան պետությունների սահմաններում, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ պետություն է: Այս իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, որոնք ձեռք են բերվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով»,-ասվում է մեկնաբանությունում: Կազմակերպությունը կողմերին կոչ արեց անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ լիազորություն ներքո գտնվող տարածքներում:
ՀԱՊԿ-ը, ինչպես նկատում ենք, փոքր-ինչ զուսպ հայտարարությամբ փորձել է չբարկացնել Ադրբեջանին: Մինչդեռ հենց ՀԱՊԿ-ից Հայաստանին աջակցելու հարցում պետք է հնչեր համարժեք գնահատական՝ ի պատասխան Ադրբեջանի սադրիչ քաղաքականության: Գումարած՝ պաշտոնական Անկարան բացահայտ պաշտպանում է Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը՝ Հայաստանի նկատմամբ:
Որոշակի զսպվածությանը զուգահեռ, սակայն ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովից դատապարտող հայտարարություններ հնչեցին: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի կայքի՝ հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Նա մանրամասն անդրադարձել է հուլիսի 12-ին սկսած հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության թիրախավորմանը: ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Չինարիի եւ Այգեպարի հայկական բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետեւանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտները. «Տեղեկությունների համաձայն՝ վերջին ժամերի ընթացքում անօդաչու թռչող սարքերը հրետակոծել են Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները»։
«Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու եւ հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, հակառակ ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, ի աջակցություն որի հանդես են եկել ՀԱՊԿ անդամ պետությունները, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման եւ ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, իսկ ներկայումս՝ անգամ փորձելով կյանքի կոչել դրանք։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրության էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման անհրաժեշտության հարցերի համատեքստում ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վրա՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը. «Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության եւ ուշադրության առարկա է ողջ կազմակերպության եւ նրա անդամներից յուրաքանչյուրի համար, քանի որ կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ: Կոչ ենք անում մեր դաշնակիցներին դրսեւորել համերաշխություն եւ փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն եւ տառին։ Այս աննախադեպ իրավիճակը կարեւոր փորձություն է դառնում ինչպես մեզնից յուրաքանչյուրի, այնպես էլ Կազմակերպության համար»:
Հիշեցնենք, թե ինչ է ասվում Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում: ՀՀ ԱԳՆ-ի կայքում այդ մասին արձանագրված է. «Առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի՝ «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:
ՀՀ իշխանությունները դիվանագիտական ճակատում Ադրբեջանի սադրիչ քաղաքականության վրա լույս սփռելու, սահմանային իրադրության պատկերը ներկայացնելու առումով ահռելի աշխատանք ունեն իրականացնելու: Այլապես միջազգային կառույցներից Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված «հավարասակշռված» ու ոչ հասցեական հայտարարությունները անվերջ կշարունակվեն:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.07.2020