Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս դահլիճում 1 ժամից կարող է, օրինակ, երկրի ղեկավար փոխվել. ձեր տակ ռումբ եք դնո՞ւմ». Մարուքյանը՝ «Իմ քայլ»-ին

Հուլիս 15,2020 13:16

«Երբ գործող կանոնակարգն ընդունվեց Հրայր Թովմասյանի եւ ՀՀԿ-ի մի շարք գործիչների հեղինակությամբ, ընդդիմությունը դեմ էր ծրարով քվեարկելուն, որովհետեւ պատգամավորը չի մասնակցում քվեարկությանը, պարզ չի նրա կարծիքը, եւ սա նրա համար է, որպեսզի ՀՀԿ-ականները գործի չգան ու ծրար ուղարկելով նիստերը վարեն»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների օրինագիծը, որը հիվանդության հիմքով բացակա պատգամավորներին գրավոր քվեարկելու հնարավորություն է տալիս: «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների հեղինակած այս օրինագծին խմբակցությունում ոչ բոլորն են կողմ:

Մարուքյանը հիշեցրեց՝ «Ելք» դաշինքում սկզբունք էր երբեւէ ծրար չթողնելը. «Հիմա հերիք չի ասում եք՝ նորմալ է, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորը ծրար է ուղարկում, մի բան էլ ուզում եք անաշխատունակության թերթիկի հիմքով ծրար ուղարկել: Ժողովուրդ, կարո՞ղ է մոռանում եք, որ ՀՀ-ն խորհրդարանական երկիր է: Այս դահլիճում մեկ ժամից կարող է, օրինակ, երկրի ղեկավար փոխվել: Այդ ո՞նց եք պատկերացնում, որ պատգամավորին առանց տեսնելու…կարող է տանը զենք են դրել գլխին: Դուք ձեր տակ ռումբ եք դնո՞ւմ: Սա աբսուրդ է, սրա կարիքն անգամ չկա: Բոլորը տեսան, որ դուք այս դահլիճում առանց խոչընդոտի սահմանադրություն եք փոխում, այսինքն՝ ձեր ձայները բավարար են կորոնավիրուսի ժամանակ սահմանադրություն փոխելու համար: Այս ընթացքում ձայնի խնդիր է եղե՞լ: Մենք դեմ ենք առհասարակ եւ կորոնավիրուսի պայմաններում նման բան կիրառելուն»:

«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը նկատեց՝ ենթատեքստ փնտրել պետք չի, օրինագիծը շատ պարզ է. «Պատգամավորը քվեարկելու իրավունք ունի, եւ այդ իրավունքից նրան զրկել որեւէ մեկն իրավունք չունի: Եթե պատգամավորը չի կարող քվեարկել, որովհետեւ վարակված է, նման դեպքերի համար պետք է հնարավորություն տալ իրացնելու քվեարկության իրավունքը: Կարծում եմ՝ սա պետք է ամրագրել արտակարգ դրության դեպքում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031