Պարեկային նոր ծառայություն է ստեղծվելու, որը փոխարինելու է ոստիկանության երկու արտաքին տեսակներին՝ պարեկապահակետային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը, «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը։
«Նոր ծառայության ներդրմամբ մենք նպատակադրել ենք ձևավորել ոստիկանության ծառայողի նոր կերպար, որը հարիր է ժողովրդավարական հասարակարգին, և որը ունի կրթության, պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական և տեխնիկական պատրաստվածության բավարար մակարդակ՝ այսօրվա ծառայության ժամանակակից մարտահրավերները հաղթահարելու համար»,- ասաց նա։
Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ ոստիկանությունը հայտարարել է ընդունելություն՝ նոր ծառայության ձևավորման համար, որի նպատակն է 5-ամսյա դասընթացների ընթացքում ձևավորել դիմորդներ, և այնուհետև պատրաստել պարեկային ծառայողներ։
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության Տիգրան Եսայանը հավելեց, որ դրանք ոստիկանությունում շատ սպասված բարեփոխումներ են․ «Դեռևս թղթի վրա, բայց մենք ունենք ձևավորված պարեկային ծառայություն՝ իր գործառույթներով և իր գաղափարով։ Առաջին փուլով նախատեսված է ստեղծել Երևան քաղաքում, որը մենք պետք է ավարտենք մինչև 2021 թվականի առաջին եռամսյակի ավարտը»։
Կարդացեք նաև
Տիգրան Եսայանը շեշտեց, որ նոր պարեկային ծառայությունը պարզապես ոստիկանության երկու ծառայությունների միացումը չէ․ այն ունի նոր գաղափարներ, նոր գործառույթային պարտականություններ, ծառայության կազմակերպման նոր ձև, նոր տրամաբանություն։ Դրան զուգահեռ ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոն, որը կառավարելու է պարեկային ծառայության աշխատանքները։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ «Արմենպրեսի»