Լրահոս
Օրվա լրահոսը

«Բժշկի թուղթ» ունեցող պատգամավորները կքվեարկեն գրավոր. «Իմ քայլ»-ում ոչ բոլորն են «կողմ» իրենց իսկ պատգամավորի օրինագծին

Հուլիս 15,2020 12:25

Խորհրդարանի արտահերթ նիստում այսօր քննարկվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքում լրացումների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Օրինագիծը հեղինակել են «Իմ քայլի» մի խումբ պատգամավորներ, որոնց ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը նշեց՝ օրինագծով առաջարկում են սահմանել հիվանդության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորների՝ գրավոր քվեարկելու հնարավորությունը: «Գործող օրենքով պատգամավորներն իրավունք ունեն գրավոր քվեարկելու միայն այն դեպքում, երբ գործուղման են: Կորոնավիրուսը մարտահրավեր է ողջ աշխարհի խորհրդարանի համար: Պատգամավորը զրկվում է իր լիազորությունն իրականացնելուց: Ժամանակավոր անաշխատունակության թերթիկը՝ «բժշկի թուղթը», տրվում է ապաքինվելուց հետո, սակայն պատգամավորը պետք է ընթացքում ներկայացնի թուղթ իր անաշխատունակության մասին, ուստի հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք խնդիրը լուծել»,-նշեց Հովակիմյանը:

Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը խնդրեց հստակեցնել՝ օրինագծի նպատակը կորոնավիրուսի պայմաններում ԱԺ-ի աշխատանքը կաթվածահար չանե՞լն է. «Չարաշահումների առիթ չտալու համար պետք է բառացի գրված լինի, որ արտակարգ դրության ժամանակ պարետի ցուցմամբ մեկուսացած պատգամավորի մասին է խոսքը»: Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Գաղափարը ծնվել է կորոնավիրուսի իրավիճակից: Բայց պատգամավորն այլ առողջական խնդրի պատճառով էլ կարող է աշխատանքի չներկայանալ կամ գտնվել բուժհաստատությունում: Դրա համար չենք ամրագրել, որ միայն կորոնավիրուսով է պայմանավորված: Իսկ եթե լինեն հնարավոր չարաշահումներ, դա շատ լավ ազդակ կլինի քաղաքացիների համար՝ հաջորդ անգամ այդ քաղաքական ուժի օգտին քվեարկելիս»:

Արարատ Միրզոյանը չհամաձայնեց. «Այս պահին պետք չէ ընդհանրական մոտեցում ցուցաբերել, դա հղի է հետեւանքներով: Պետք է կենտրոնանալ միայն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վրա»: Վահագն Հովակիմյանն արձագանքեց՝ օրինագծի այս տարբերակը պակաս խոցելի է. «Եթե ընթացքում կգտնվի ավելի լավ տարբերակ, բնականաբար, կողմ կլինենք, որպեսզի տարընթերցումների տեղ չլինի»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ համոզմունք հայտնեց, որ նման օրինագիծը միայն համաճարակի առնչությամբ է պետք է քննարկել. «Որոշ պատգամավորներ իրար փոխարեն «կնոպկա» են սեղմել, հետո դարձել ԱԺ փոխնախագահներ: Ուստի պետք չէ ակնկալել, որ այս դահլիճում օրինապահ պատգամավորներ են լինելու»:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ առաջարկեց, որպեսզի այս օրինագիծը վերաբերի միայն պարետատնից մեկուսանալու ցուցում ստացած պատգամավորներին. «Իսկ փաստացի հիվանդություն ունեցողների դեպքում, կարծում եմ, չպետք է այս օրինագիծը գործի»:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը նկատեց՝ օրինագծով հնարավորություն է տրվում գրավոր քվեարկել նաեւ հանձնաժողովների նիստերում. «Եթե ամրագրում ենք, որ պատգամավորը կոճակ սեղմող չէ, առանց մասնագիտական քննարկման ընթացքում կարծիք ձեւավորելու՝ ինչպե՞ս պետք է քվեարկի: Հիվանդության պատճառով պատգամավորը գուցե հնարավորություն չունենա հետեւելու հանձնաժողովի նիստին առցանց»: Վահագն Հովակիմյանը չհամաձայնեց. «Եթե պատգամավորն իր աշխատանքը հետեւողականորեն է կատարում, կարող է մինչեւ անգամ հանձնաժողովի նիստը կարծիք ձեւավորել օրինագծերի մասին»:

Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն էլ ասաց, որ գործնականում այս օրինագծի իրացումը կասկածի տակ է, քանի որ անաշխատունակության թերթիկը տրամադրվում է անաշխատունակության ավարտին. «Հետեւաբար առաջարկում ենք այլ ձեւակերպում ընտրել: Եթե որոշվի, որ կձեւակերպվի մեկուսացման պայմանը, կարելի է պահանջել հիվանդության քաղվածքը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031