«Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը քննարկում է հավաքների ազատության սահմանափակումը վերացնելու հարցով վարչական դատարան դիմելու հարցը։ Դեռ նախօրեին երեք կուսակցությունների աշխատանքային խումբն ԱԺ որոշման նախագիծ էր ներկայացրել խորհրդարան, որով պահանջում էր արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում սահմանվող քաղաքական պայքարի սահմանափակումների մասը հանել, սակայն իշխող մեծամասնությունն այն չընդունեց։
Երեկ «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ, իրավաբան Արսեն Բաբայանից փորձեցինք պարզել, թե մասնավորապես ինչ փաստարկներ են դրվելու հայցի հիմքում, եւ ինչ պահանջ է ներկայացվելու դատարանին, սակայն Բաբայանը մեզ փոխանցեց, որ աշխատանքային խումբը դեռեւս քննարկում է դատարան դիմել-չդիմելու հարցը, որոշման դեպքում կտեղեկացնեն հանրությանը։ Իսկ մինչ այդ քննարկումը Բաբայանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ վստահեցնելով միայն, որ դատարան դիմելու իրավական բոլոր հիմքերն առկա են։ Մեր տեղեկություններով՝ դատարան դիմել-չդիմելու նպատակահարմարության հարցը քննարկվում է քաղաքական կոնտեքստում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքական շահարկումների տեղիք կարող է տալ, եթե մի կողմից պայքարեն հավաքների սահմանափակումները վերացնելու համար, բայց հավաքներ չանեն։ Իսկ եռյակում դեռ նման օրակարգ չի ձեւավորվել։ Թեեւ իրավական առումով, ըստ մեր աղբյուրի, ամեն ինչ պարզ է։ Դիմումի հիմքը լինելու է արտակարգ դրության մասին կառավարության որոշումը, որը հակասում է Սահմանադրությանն ու «Արտակարգ դրության մասին» ՀՀ օրենքին։
Մասնավորապես, «Արտակարգ դրության մասին» օրենքն ասում է, որ արտակարգ դրություն հայտարարելու համար պետք է լինի սահմանադրական կարգին սպառնացող վտանգ, եւ որեւէ այլ եղանակով հնարավոր չլինի կանխել դա։
Այսինքն, հայցադիմումը կառուցվելու է այն պնդման հիմքով, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը լիարժեք թույլ է տալիս ապահովել համավարակի դեմ պայքարը, այդ դեպքում արտակարգ դրություն հայտարարելն անօրինական է։ Ինչպես նաեւ հավաքների իրավունքը չի կարող սահմանափակվել, եթե չկա դրա հիմնավոր անհրաժեշտությունը։ Հատկապես, երբ երկրում հայտարարված չէ կարանտին, եւ, օրինակ, թույլատրվում է սրճարաններում, ռեստորաններում առանց դիմակի նստելը, ապա հիմնավոր չէ քաղաքական հավաքների տոտալ սահմանափակումը։
Կարդացեք նաև
Արձանագրենք, որ նման հայցադիմումն իր մեջ լուրջ քաղաքական կոմպոնենտ ունի, եւ քիչ հավանական է, որ մեր դատարանը գնա նման համարձակության եւ բավարարի այն, սակայն այս պարագայում թերեւս գործընթացն է կարեւոր, որը եւս քաղաքական պայքարի բաղկացուցիչ է։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: