Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան փորձում է ձեռքերը տաքացնել լարվածության կրակի վրա. «Փաստ»

Հուլիս 15,2020 12:37

Մեր երկրի համար անվտանգության հիմնական սպառնալիքը գալիս է Ադրբեջանի կողմից, որը տարբեր միջոցներով փորձում է հասնել ռազմական գործողությունների վերսկսմանը և հրաժարվում է ճանաչել Արցախի անկախությունը։ Սակայն Հայաստանի համար մյուս մեծ արտաքին սպառնալիքը գալիս է հարևան Թուրքիայից։ Այս երկիրն արդեն ուրիշ քաշային կատեգորիա է, քանի որ 80 մլն-ից ավելի բնակչություն ունի, տիրապետում է ահռելի տնտեսական հզորության՝ անգամ Մեծ քսանյակի (G20) երկրների մեջ է մտնում, և ունի անհամեմատ հզոր ռազմական ներուժ՝ սպասարկելով ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևը։

Թուրքիան հակահայ քաղաքականության շրջանակներում բացահայտ կերպով սատարում է Ադրբեջանին։

Բացի այդ, Թուրքիա-Ադրբեջան տանդեմը վարում է Հայաստանին տնտեսապես շրջափակման ենթարկելու և մեկուսացնելու քաղաքականություն։ Այդ պատճառով է, որ տարածաշրջանային գրեթե բոլոր ստրատեգիական նախաձեռնությունները և կարևորագույն հաղորդակցության ուղիները շրջանցում են մեր երկիրը։ Եվ ժամանակի ընթացքում Թուրքիան փորձում է ավելի մեծացնել իր ներգրավվածությունը տարածաշրջանում և անգամ տարածաշրջանից դուրս։ Պատահական չէ, որ թուրքական բանակը ժամանակ առ ժամանակ քուրդ զինյալներին ոչնչացնելու կամ այլ պատրվակներով ներխուժում է Սիրիայի կամ Իրաքի հյուսիսային հատվածներ՝ ոտնահարելով այդ երկրների ինքնիշխանությունը։

2023 թվականին լրանում է Թուրքիայի Հանրապետության հռչակման 100 տարին, և այդ երկիրը ձգտում է այդ հոբել յանական թվականին վերականգնել իր հզոր տերության կարգավիճակը։Եվ այս համատեքստում ադրբեջանական ուղղությունը մնում է թուրքական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Դրանով է պայմանավորված Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին տեղի ունեցած ռազմական միջադեպի վերաբերյալ թուրքական կողմի չափից ավելի ադրբեջանամետ արձագանքը։

Պատահական չէ, որ հայկական կողմի գործողությունները դատապարտեցին և Ադրբեջանին իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Թուրքիայի արտգործնախարարությունը, ապա ԱԳ նախարար Չավուշօղլուն, ինչպես նաև նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։

Այսպիսի հայտարարություններով Թուրքիան լարվածություն է հրահրում տարածաշրջանում և փորձում է ձեռքերը տաքացնել այդ լարվածության կրակի վրա։ Պատահական չէ, որ վերջերս մամուլում հայտնվեցին գաղտնի փաստաթղթեր, որ Թուրքիան Հայաստան ներխուժելու պլաններ է ունեցել։ Չնայած շատերը լուրջ չեն ընդունում այդ ծրագրերը, սակայն դրանք լուրջ անհանգստանալու տեղիք պետք է տան։ Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը։

Անհրաժեշտ է, որ մեր երկիրը ակտիվացնի իր արտաքին քաղաքականությունը Թուրքիայի ախորժակը զսպելու ուղղությամբ, և դրա շրջանակներում խորացնի իր համագործակցությունը այն երկրների հետ, որոնց հետ Թուրքիայի հակասությունները խորանում են։ Այդպիսի գործընկերներ կարող են լինել Կիպրոսը, Հունաստանը, Եգիպտոսը, Սիրիան, ինչու չէ, նաև Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ը։ Այս կերպ պետք է զսպել ու հակակշռել Թուրքիային։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031