Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունների մասին. «Ընտրելու ձեւն էլ կա, հանելու ձեւն էլ կա»

Հուլիս 15,2020 11:47

Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի անդամ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ընդամենը երկու հոգի է դիմել ՀՊՏՀ ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար՝ բուհի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը եւ Տիգրան Մարտիրոսյանը:

Պարոն Խաչատրյանն ասաց, որ որպես ազատական մոտեցումների կողմնակից՝ ինքը կցանկանար, որ շատ թեկնածուներ լինեին, որովհետեւ, ամեն դեպքում մրցակցությունը ենթադրում է շատ մասնակիցներ. «Ես կուզենայի, որ ավելի շատ մարդիկ լինեին, շատ տեսակետներ հնչեին, ծրագրեր ներկայացնեին, մենք էլ կողմնորոշվելու հնարավորություն ունենայինք: Ի վերջո, մենք էլ ամեն ինչի ամբողջությամբ չենք տիրապետում, իսկ երբ թեկնածուները գիտեն՝ ինչի համար են եկել, միգուցե իրենք ավելի լավ առաջարկներ ունենան: Հատկապես, որ բոլորս հասկանում ենք, որ զարգացման խնդիր ունենք, ապագային միտված ծրագրեր են մեզ անհրաժեշտ՝ բուհի առումով»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ անձամբ ինքը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից լուրջ սպասելիքներ ունի, որովհետեւ կարծում է, որ բուհի ներուժը շատ մեծ է, այն կարող է որակյալ կրթություն տալ, սակայն, իր համոզմամբ, այնտեղ, ինչպես եւ ամբողջ երկրում, կառավարման խնդիր կա: Վահագն Խաչատրյանը հենց այս համատեքստում է կարեւորում մրցույթին շատ թեկնածուների մասնակցելը, որպեսզի, իր խոսքով, նրանց ներկայացրած ծրագրերը քննարկելու արդյունքում կարողանային ընտրել լավագույնը, որը կնպաստեր իր նշած ծրագրերի իրականացմանը:

Վահագն Խաչատրյանը նաեւ կարծիք հայտնեց, որ գուցե կորոնավիրուսի պատճառով մարդիկ հետաքրքրություն չեն ցուցաբերել, շատերը չեն ցանկացել դիմել մրցույթին, բայց մի բան, նրա պնդմամբ հստակ է. «ԿԳՄՍ նախարարությունն ուշացել է, ընտրությունը նա պետք է իրականացներ եւ մեկ տարի առաջ, եւ վեց ամիս առաջ եւ չորս ամիս առաջ: Ես նաեւ հասկանում եմ բոլոր բացատրությունները, որ սպասում էինք, թե Բարձրագույն կրթության մասին օրենքն ընդունվեր, որպեսզի երկու անգամ ընտրություն չլիներ, բայց դա սխալ մոտեցում էր:

Սեւ կարապների տեսությունից ելնելով՝ ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է լինելու այդ առումով: Օրինակ, մենք չգիտեինք, որ նավթի գներն իջնելու էին, եւ Չինաստանից համավարակ է սկսվելու: Մենք պետք է մեր այդ օրվա գործն անեինք, որը տվյալ դեպքում կոչվում էր ընտրություն: Հիմա միգուցե այս կորոնավիրուսային իրավիճակն էլ մարդկանց մեջ մեծ հետաքրքրություն չի առաջացրել ընտրություններին մասնակցելու առումով, բայց դրա մեջ էլ մեծ ողբերգություն ու վտանգ չեմ տեսնում:

Ի վերջո` ցանկացած ոք, ով էլ որ ընտրվի, իր աշխատանքի արդյունքով հետագայում պետք է շարունակի ղեկավարել կամ չղեկավարել: Այսինքն, եթե աշխատող արդյունքներ չունեցավ, դժգոհություններ կլինեն եւ վերադասից՝ ԿԳՄՍ նախարարությունից, եւ ՀՊՏՀ խորհրդի կողմից, եւ միգուցե նաեւ համալսարանի ներսում: Արդյունքներ ցույց չտված մարդն ի վերջո կարող է ժամանակից շուտ ազատվել աշխատանքից:

Այնպես որ՝ եթե ընտրություն կա որպես երևույթ, որ անպայման պետք է կայանա՝ պետության, հասարակության մեջ, համալսարանում՝ որպես կառավարիչ, ղեկավար ընտրելու ձեւ, ուրեմն հանելու ձեւն էլ կա: Եթե ընտրվելու ինստիտուտն աշխատում է, իսկ այն հաստատ աշխատում է, նույնը վերաբերվում է Ազգային ժողովին, եթե կա նորմալ ընտրություն, որին մենք ականատես եղանք 2018 թ, ուրեմն պետք չէ անհանգստանալ: Իսկ այն կառավարիչները, որոնք լավ չեն աշխատել, կարող են փոխվել, նրանց փոխարեն նոր կառավարիչներ ընտրվել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031