ԱՄՆ Ներկայացուցիչերի պալատը հուլիսի 20-ին քննարկելու է Ադրբեջանին ԱՄՆ պաշտպանական հատկացումների դադարեցման հարցը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ վերջին սահմանային հարձակումից հետո: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Կոնգրեսական Բրեդ Շերմանը ներկայացրել է Ազգային պաշտպանական ակտում փոփոխություն կատարելու առաջարկ, որով 2021 թվականի ֆինանսական տարում պաշտպանական հատկացումներ չեն տրամադրվի Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հավաստիացրել Կոնգրեսին, որ այդ միջոցների փոխանցումը չի սպառնում քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը, քանի որ Ադրբեջանը բազմիցս սպառնացել է հարվածել Հայաստանից Ստեփանակերտի օդանավակայան թռչող քաղաքացիական ինքնաթիռներին: Շերմանի նախագծին աջակցում են Ֆրենկ Փելոնը, Ջեքի Սփայերը, Ադամ Շիֆը, ԹիՋեյ Քոքսը:
Ֆրենկ Փելոնն էլ Պաշտպանության դեպարտամենտից պահանջել է Կոնգրեսին ներկայացնել հաշվետվություն՝ նախորդ տարիներին Ադրբեջանին տրամադրված 120 միլիոն դոլարի պաշտպանական աջակցության վերաբերյալ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ