Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը պատգամավորները սկսեցին՝ 1 րոպե լռությամբ հարգելով երեկ մեր զոհված զինծառայողների հիշատակը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս պահին սահմանին հարաբերական անդորր է, բայց նաեւ հայտնի է, թե Բաքվում ինչ զարգացումներ են:
Հանձնաժողովի նիստում քննարկվեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» եւ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների հարցը՝ երկրորդ ընթերցմամբ: Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության փոխնախարար Գոռ Մելիքյանն ասաց, որ փոփոխությունները տեխնիկական բնույթ են կրում, Ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված գործընթացները ՊՆ-ից տեղափոխվել են Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարություն:
Իմքայլական Տիգրան Կարապետյանն ասաց. «Բոլորս գիտենք, որ մարտական կիրառության մեջ առաջին անգամ կիրառվել է հայկական արտադրության անօդաչու թռչող սարք, բավականին հաջող է կիրառվել եւ ցանկանանք, որ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարության՝ ձեռնարկությունների հետ կապը ավելի սերտ լինի, ԶՈՒ-ն սպասում է այդ համագործակցության արդյունքին»:
Կարդացեք նաև
Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց. «Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքի հաջողության համար բոլորս, առանց աչքով տալու, ուրախ ենք, շատ կուզենանք, որ ունենա զարգացումներ ու նմանատիպ տեխնոլոգիական հնարավորությունները ավելի էֆեկտիվ կարողանանք օգտագործել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ