Հուլիսի 14-ի ուշ երեկոյան Ադրբեջանի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքվում, տեղի են ունեցել բազմամարդ ցույցեր: Բաքվում բողոքի ցույցի մասնակցներին ուղեկցել են ոստիկանական ուժեր, որոնք չեն խոչընդոտել նրանց երթին, չնայած այն փաստին, որ Ադրբեջանում կարանտինային ռեժիմ է: Ի սկզբանե ցուցարարները վանկարկել են հակահայկական կոչեր՝ հաջակցություն ադրբեջանական բանակի:
Ինչպես հաղորդում է Թուրան ադրբեջանական գործակալությունը, լուսադեմին մի խումբ ցուցարարներ ներխուժել են խորհրդարանի շենք: Հատկանշական է, որ սկզբում խորհրդարանի շենքը հսկող մեծաքանակ ոստիկանական ուժերը որևէ քայլ չեն ձեռնարկել ցուցարարների մուտքն արգելելու համար: Բայց 15-20 րոպե անց Միլի Մեջլիսի շենք են մտել արագ արձագանքման ոստիկանական ուժերը և մարդկանց ուժով դուրս են բերել շենքից: Իսկ դրսում գտնվող ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են ջրցան մեքենաներ:
Գործակալության փոխանցմամբ՝ տեղի ունեցածից հետո շուրջ 50 հազար մարդ շարժվել է երկու ուղղությամբ, մի մասը՝ դեպի կենտրոն, մյուս մասը՝ դեպի Նարիմանովի հուշարձան: Ոստիկանությունը կիրառել է ջրցաններ, արցունքաբեր գազ, կան տասնյակ ձերբակալվածներ: Տեղեկության համաձայն՝ իրավապահներին չի հաջողվել ամբողջությամբ ցրել ցույցը, ակցիայի մասնակիցները հնչեցրել են հրաժարականի պահանջներ և շարունակել են երթը ոստիկանական ուժերի ուղեկցությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ