Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ. «Այս խոշոր տրամաչափի ոտնձգությունն աննախադեպ էր 1990-ական թվականներից սկսած». «Հայկական ժամանակ»

Հուլիս 15,2020 09:30

«Տավուշի մարզի բնակիչների շրջանում հաղթական տրամադրություն է, խուճապ չկա»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

– Ազատամարտիկները հայտարարել են, որ պատրաստ են մեկնել Տավուշի առաջնագիծ, մարզպետարան այդ հարցով դիմե՞լ են, այս պահին դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք։

– Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։ Շնորհակալ եմ մեր հայրենակիցներից, մենք իհարկե՛, որոշակի առումով ինքնակազմակերպվել ենք՝ այդ թվում «Երկրապահ» կամավորականների միության հետ, որ իրենք եւ զինկոմիսարիատները համակարգեն այս աշխատանքները։ Առիթից օգտվելով՝ կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին զորամասեր եւ զորամիավորումներ չայցելել։ Եթե նմանատիպ հարցերով եկել են Տավուշ կամ ցանկություն ունեն գալու՝ ավելի լավ է միանգամից դիմեն զինկոմիսարիատներ։ Բայց նորից եմ ուզում կրկնել, որ դրա կարիքը այս պահին չկա, եւ մեր Զինված ուժերը լիարժեք ի վիճակի են իրականացնելու իրենց առջեւ դրված բոլոր խնդիրների լուծումները։

– Համայնքներից տեղեկություններ ստացե՞լ եք, թե նյութական առումով ինչ վնասներ են կրել։

– Հիմա գնահատում ենք վնասները, որ նաեւ իրականացվի համապատասխան փոխհատուցում։

– «Տավուշ տեքստիլ»-ի ուղղությամբ հնչած կրակոցների հետեւանքով ի՞նչ վնասներ են եղել։ Ենթակառուցվածքների առումով Բերդում խնդիրներ առաջացե՞լ են։

– Բարեբախտաբար շենքին հարված չի եղել, բայց այո՛, այդ ուղղությամբ կրակոցներ են եղել։ Ընդ որում, բոլորս գիտենք, որ «Տավուշ տեքստիլ»-ը Հանրապետության ամենամեծ բժշկական դիմակներ արտադրող ձեռնարկությունն է, այս առումով այդ ձեռնարկությունը կենսական նշանակություն ունի՝ նաեւ համավարակի տեսանկյունից։ Եվ ըստ էության նաեւ ոտնձգություն է եղել այն գործարանի վրա, որն այս պահին ստրատեգիական նշանակության գործարան է համարվում։
Իսկ Բերդ քաղաքում ենթակառուցվածքների առումով խնդիրներ չեն առաջացել։ Եղել են որոշ ենթակառուցվածքային խնդիրներ կապված գազատարների հետ, վերանորոգման աշխատանքներ են արվում, կարծում եմ այսօր կամ վաղը կավարտվի։

– Որպես մարզպետ, այս պահին անվտանգային խնդիր տեսնո՞ւմ եք մարզի համար։

– Այո՛, իհարկե՛, մենք ունենք կենսական ճանապարհներ, որոնք հատվածային գտնվում են ադրբեջանական դիտարկման տակ։ Նաեւ ունեցել ենք մեր պատմության ընթացքում՝ այս վերջին շրջանում ժամանակահատվածներ, երբ այդ ճանապարհները փակվել են։ Մենք ունենք գյուղեր, որոնք ուղղակիորեն գտնվում են թշնամու սահմանին, եւ այդ գյուղերն ըստ էության անընդհատ վտանգված են, եթե կա պատերազմական տրամադրություն։ Իսկ, որ այդ տրամադրությունը առկա է՝ հենց վերջին օրերին երեւաց։ Վերջին 2 տարվա ընթացքում իրականում հարաբերական անդորր էր, իհարկե՛, ամիսներ առաջ այդ անդորրը Տավուշում խաթարեցին, հրաձգություն եղավ՝ Բաղանիս, Կոթի եւ Բարեկամավան վարչական շրջանների ուղղությամբ։ Մենք նաեւ ունեցանք վիրավոր պատանի, վնասված բնակարան Բարեկամավանում, բայց իհարկե՛, այս խոշոր տրամաչափի ոտնձգությունն աննախադեպ էր 1990-ական թվականներից սկսած։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031