Ռուսերեն մի շատ դիպուկ ասացվածք կա, որը կարելի է մոտավորապես թարգմանել այսպես. «Նա նույնքան օգուտ է տալիս, որքան արու այծը՝ կաթ»: Ինձ թվում է այդ ասացվածքը Հայաստանի դեպքում միանգամայն կիրառելի է ՀԱՊԿ-ի հանդեպ: Զուտ տեսականորեն՝ եթե երկիրը մտնում է ինչ-որ ռազմական դաշինքի մեջ, ապա նա, ըստ երեւույթին, ակնկալում է, որ այդ դաշինքը, տվյալ երկրի վրա հարձակման պարագայում, ինչ-որ ձեւով կնպաստի ագրեսիան հետ մղելուն: Դաշինքն իր արագ արձագանքման ուժերը ուղարկում է կոնֆլիկտի վայր (կոնկրետ այս իրավիճակում Աստված մի արասցե, իհարկե), կամ դաշինքը բարոյապես աջակցում է իր անդամներից մեկին՝ օրինակ` հայտարարում է, որ դատապարտում է իր դաշնակցի վրա հարձակումը: Պարզապես մտահոգություն հայտնելը կամ երկու կողմերին զսպվածության կոչեր անելը վկայում է այն մասին, որ այդ կազմակերպությունն իր անդամին եւ ոչ անդամին դիտարկում է միեւնույն հարթության մեջ: Այդ դեպքում ո՞րն է անդամակցության եւ «դաշնակից» հասկացության իմաստը:
Մի խոսքով՝ ՀԱՊԿ-ին անդամակցելով Հայաստանը ոչ մի օգուտ չի քաղում: Սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալով մեր երկիրը կտուժի, որովհետեւ դա կառաջացնի Ռուսաստանի դժգոհությունը՝ դրանից բխող զանազան հետեւանքներով (օրինակ՝ գազի գնի բարձրացմամբ): Սա մի քիչ նման է այն իրավիճակին, երբ ամուսիններից մեկը ոչ մի իմաստ չի տեսնում ամուսնության մեջ, բայց չի էլ կարող դիմել՝ բաժանվելու համար, որովհետեւ «հակառակ կողմը» սկանդալներ կսարքի:
Քանի որ իրավիճակն այդպիսին է, ես այս պահին այլ ելք չեմ տեսնում, քան համակերպվել թղթի վրա գոյություն ունեցող այս դաշինքի հետ, եւ ոչ մի բան դրանից չակնկալել: Մասնավորապես՝ չպահանջել այն, ինչը մենք իրականում չենք ուզում՝ եթե ռուսական զորքը (պարզ է, չէ՞, որ ՀԱՊԿ զորք գոյություն չունի) կանգնի հայ-ադրբեջանական սահմանին եւ փորձի այս հատվածում «խաղաղության հաստատել», ապա դրանից, ենթադրում եմ, կշահի Ադրբեջանը: Համենայնդեպս, Արցախյան ճակատում 90-ականների սկզբին Խորհրդային միության, իսկ այնուհետեւ՝ Ռուսաստանի ռազմական «խաղաղարարության» փորձը հենց դա է հուշում: Իսկ վճռորոշ առավելության մենք հասանք այն ժամանակ, երբ ոչ մի օտարերկրյա զինուժ մարտական գործողությունների տարածքում չկար: Հիմա էլ, չեմ կասկածում, նույնն է լինելու:
Ռուսաստանի հետ պետք է շարունակել պահպանել հնարավորինս լավ հարաբերություններ՝ «մուննաթ գալը» կամ, առավել եւս՝ դուռ շրխկացնելը ոչ մի օգուտ չի բերի: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ մենք ոչ մի դաշնակից չունենք եւ չենք ունենա: Միասնականության դեպքում հայկական պետության, հայկական բանակի եւ 10 միլիոն հայության առկայությունը լիովին բավարար է մեր ազգային խնդիրները լուծելու համար: Ներքուստ ուժեղ լինելու դեպքում մենք դարձյալ ոչ մի դաշնակից ձեռք չենք բերի, փոխարենը մեզ բոլորը կհարգեն: Այդ թվում՝ ադրբեջանցիները:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայ-թուրքական, հայ-իրանական սահմանը պահպանում են ռուսները:
Ո՞վ է շահում դրանից:
1992 թ-ից մինչ օրս, հանրապետության ղեկավարները/առաջնորդները չկարողացան կամ չցանկացան երկրի սահմանները վերցնել սեփական պաշտպանության ներքո:
Ապուշության ամենաբարձր աստիճան:
Ռուսաստանը՝ որպես պետություն, ելնելով սեփական պետական շահերից,
թքած ունի բոլորի վրա: Թե Ադրբեջանստանը, թե Հայաստանը, թե Վրաստանը նրա համար մի հատ սեփական Անդրկովկաս է:
Առաջին տարածքային «սուրբը» քծնում էր Ելցինին, երկրորդը՝ շեկ աղվեսի պես պոչ էր խաղացնում Պուտինի առաջ, իսկ երրորդը՝ Պուտինի վանկա-վստանկան էր:
Իսկ այսօրվա «սուրբը»՝ երեքը մեկում: