Թեհրանը կարող է դիվանագիտական նախաձեռնողականության և միջնորդական առաքելության միջոցով գոնե կարճաժամկետ կտրվածքով խոչընդոտել պատերազմի շարունակմանը
12․07․2020թ․ից սկսած ՀՀ և ԱՀ միջև մի շարք նոր ընդհարումներ են տեղի ունեցել Տավուշի մարզի Մովսես գյուղի շրջանում։ 2016 թ․-ի Ապրիլյան պատերազմի դադարից հետո նմանատիպ բախումներն աննախադեպ են, քանի որ դրանք տեղի են ունեցել Արցախի Հանրապետության տարածքից դուրս և ՀՀ պետական սահմաններից ներս։ Սահմանային բռնկումների նախանշաններ կային դեռևս մի քանի ամիս առաջ, երբ երկու կողմերի միջև հռետորաբանական պատերազմի աճ էր գրանցվում։
Վերջերս ռազմական մի կենտրոնի բացման արարողության ժամանակ ԱՀ նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ «Հայաստանի մայրաքաղաքը իր երկրի պատմական հողերի մաս է կազմում», ինչն այս պարագայում կարող է դիտվել լրջագույն սպառնալիք։
Վերջին բախումների կարևորությունն ու տարբերությունն անցած նմանատիպ դեպքերից կայանում են իրենց աշխարհագրական տեղորոշմամբ, քանի որ վերջին շրջանում, այսպես կոչված, վիճելի տարածքների պահանջների հարցը, դուրս է եկել հակամարտության աշխարհագրական ընդգրկվածությունից՝ ներառելով այնպիսի շրջաններ, ինչպիսիք են ՀՀ Տավուշի մարզն ու Երևան քաղաքը։ Պաշտոնական Բաքվի այս քաղաքականությունը կասեցնելու է բանակցությունների ողջ գործընթացը և գործնականում միտված է ամբողջովին բանակցություններից դուրս գալուն։
Կարդացեք նաև
Սահմանային և տարածքային տարաձայնությունները նախկին Խորհրդային հանրապետությունների միջև միշտ են գոյություն ունեցել, սակայն մեծմասամբ այդ տարաձայնությունները մոռացվել կամ հարթվել են։ Ներկայումս Խորհրդային շրջանից ժառանգություն մնացած փոքր տարածքների շուրջ երկու կողմերի սահմանային վեճերի զարգացումը խանգարում է հիմնական հակամարտության լուծմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
ԽՍՀՄ-ում Ստալինն ազգային խմբերի միջև տարաձայնության առարկա սահմանների փոփոխությամբ տեղական տարաձայնությունները ակտիվ ու կենդանի պահելու և Մոսկվան դրանք լուծելու վերջնական ատյանի վերածելու հատուկ քաղաքականություն էր վարում։ Եթե այսօր էլ նախկին Խորհրդային հանրապետությունները չընդունեն սահմանների ներկայիս վիճակը և ռոմանտիկ պատճառներով դրանց ընդարձակման նպատակներ հետապնդեն, ապա տարածաշրջանում պատերազմի կրակը երբեք չի մարի և հարևանների համար դժվարություններ կստեղծվեն։
Չնայած որ Ալիևի՝ Երևանը Ադրբեջանական Հանրապետությանը միացնելու կրկնվող հայտարարությունները ադրբեջանցիների համար ոգեշնչող են, սակայն ամենևին բարիդրացիական մթնոլորտ ձևավորելու ցանկությանը միտված չեն, ինչը պարտադիր պայման է ցանկացած աշխարհաքաղաքական հակամարտություն լուծելու համար։
ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասը վերածվել է անկայուն գոտու, որտեղ ամեն վայրկյան բախման հնարավորություն կա։ Անկայուն գոտիների հատկությունը բախումների արագ բռնկվելու և դեպի այլ տարածաշրջաններ տարածվելու հնարավորության մեջ է, այդ իսկ պատճառով, եթե բախումները չկարգավորվեն և չվերահսկվեն, ապա հակամարտության՝ միջազգային ճգնաժամի վերածվելու հիմքեր կառաջանան։ Չնայած, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետ մեկտեղ հակամարտության հակառակ կողմում զիջումներ անելու վերաբերյալ ենթադրություններ ի հայտ եկան, սակայն նա բարդացրեց Բաքվի դրությունը, երբ բարձրացրեց բանակցությունների սեղանի շուրջ Արցախի Հանրապետության ներկայացուցչի վերադառնալու հարցը։ Բաքուն պատրաստ չէ Արցախի ներկայացուցչի՝ բանակցություններին մասնակցությանը, քանի որ, ակնհայտորեն, նրանք հարցին ավելի խիստ են մոտենում։
Արցախի Հանրապետությունում 2020 թ․-ի ապրիլի նախագահական ընտրությունները և այնուհետև նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելը ևս գրգռել են Բաքվի զայրույթը։ Պետք է նշել, որ Ադրբեջանական Հանրապետության ընդդիմադիր կուսակցությունները ներկայիս իշխանությանը նույնպես բախումների հանդեպ անգործություն դրսևորելու մեջ են մեղադրում։ Մյուս կողմից, ռազմական մեծ ծախսերը Բաքվի քաղաքական շրջանակներում որոշակի սպասումներ են առաջ բերել։
Միևնույն ժամանակ կողմերի միջև պահպանվում է ուժերի հավասարակշռությունը։ ՌԴ-ն և ԱՄՆ-ը երկու կողմերի ռազմական ոլորտներին հատկացվող ֆինանսական օժանդակությունների միջոցով աշխատում են պահպանել հավասարակշռությունը։ ԻԻՀ-ն նույնպես այս առումով բալանսավորված քաղաքականություն է վարում։ Ակնհայտ է, որ ռազմական մեթոդներն այլևս հակամարտության հանգուցալուծման համար հարմար գործիքներ չեն, և լուծման լավագույն միջոցը դեռևս բանակցություններն են։ Այսուհանդերձ, Բաքուն գործնականում լքել է բանակցությունների սեղանը, որով վերահաստատում է հակամարտությունը ռազմական միջոցով լուծման ցանկությունը։
Իրողությունն այն է, որ երկու կողմերը դեռևս հեռու են հակամարտության վերջնական լուծումից, քանի որ ո՛չ բարիդրացիական մթնոլորտ գոյություն ունի, ո՛չ կողմերի միջև աշխարհագրական միավորների բաժանման հնարավորություն և ո՛չ էլ ուժերի ակնհայտ անհավասարակշռություն։
Ներկա փուլում պետք է բացառել պատերազմը, իսկ հակամարտությունը պետք է «սառեցված» վիճակում կառավարվի մինչև որ տեղի ունենա պայմանների և իրավիճակի փոփոխություն։
Փորձը ցույց է տվել, որ ռազմական ճանապարհը Բաքվի համար ևս արդյունավետ չէ։ Ո՛չ 2016 թ․-ի ապրիլյան, ո՛չ էլ 2019թ․-ի օգոստոսյան ռազմական սրացումները չեն նպաստել օժանդակել հարցի լուծմանը, և Բաքվի համար բացառապես զրոյական օգուտ են ունեցել։
Իրանի Իսլամական Հանրապետությունը հավասարակշռված դիրքորոշում ունի այս հակամարտության վերաբերյալ, ինչը հանգեցրել է երկու կողմերում էլ Իրանի հանդեպ վստահության աճին։ Իրանը Թուրքիայի նման միակողմանի մոտեցում չունի, այլ խաղաղ ճանապարհով խնդրի լուծման կողմնակից է և պաշտոնապես հայտարարել է հակամարտության բանակցային և առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության կարգավորման տարբերակի մասին։
Այսպիսով, Թեհրանը կարող է դիվանագիտական նախաձեռնողականության և միջնորդական առաքելության միջոցով գոնե կարճաժամկետ կտրվածքով խոչընդոտել պատերազմի շարունակմանը։
Սալար Սեյֆոդդինի
ԻԻՀ Կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի ավագ փորձագետ