Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել. մեր ժողովուրդն ամուր կանգնած է իր դիրքերում». Արծրուն Հովհաննիսյան

Հուլիս 15,2020 00:17

«Դիրքերի բարելավման հարցին ես չպատասխանեմ: Դուք գիտեք՝ կա իրավիճակ, որի ընթացքում զինված ուժերը կատարում են կոնկրետ խնդիրներ: Մեր հստակեցումները, քարտեզագրումները կարող են վնասել մեր զինված ուժերի կատարած խնդիրներին: Կսպասենք՝ իրավիճակը հանդարտվի, միգուցե դրան առանձին կանդրադառնանք»,- Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված բրիֆինգին  հայտարարեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիրքային բարելավումների մասին հարցին:

Մյուս հարցին՝ արդյոք ավելի մեծ զորամիավորումների տեղաշարժ կա՞ դեպի սահման, որը հետագայում կարող է ավելի լուրջ գործողությունների բերել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Միանշանակ վստահ եղեք, որ ՀՀ զինված ուժերը հստակ տիրապետում է ադրբեջանական զինված ուժերի բոլոր տեսակի զորաշարժերին, երթերին, տեղափոխություններին, բայց կգերադասեի չխոսել այն մասին, թե ինչ ուժեր որ կողմ են տեղափոխվել: Ցույց չտանք, թե իրականում ինչի ենք տիրապետում: Չբացենք մեր խաղաքարտերը»:

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց՝ հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել: Նա վստահեցրեց՝ տեղի չի էլ ունենա, քանի որ մեր ժողովուրդն ամուր կանգնած է իր դիրքերում:

Խոսելով Ադրբեջանի՝ իր խաղաղ բնակչության թիրախավորման քաղաքականության մասին՝ նա ասաց. «Այսօր ունեցանք նյութ այդ մասով, թե ինչպես մի ամբողջ դիվիզիոն շրջապատել է գյուղը բոլոր կողմերից, ու մերոնք ինչպես էլ փորձեին ճնշել այդ դիվիզիոնը, միանշանակ թիրախավորվելու էր խաղաղ բնակչությունը»:

ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության մասին հարցին Արծրուն Հովհաննիսյանը չպատասխանեց՝ վստահեցնելով, որ կունենանք հնարավորություն այդ մասին լսելու ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունը:

Հարցին՝ արդյոք անհրաժեշտություն կա՞ պահեստազորին, նաև երկրապահին ներգրավելու, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «ՀՀ Զինված ուժերը, մշտական մարտական պատրաստության մեջ գտնվող մեր ստորաբաժանումները և զորամիավորումները հստակ կատարում են իրենց առջև դրված խնդիրները: Դրա անհրաժեշտությունը չկա, գիտեք, որ նման գործընթաց իրականացնելու համար կա հստակ օրենսդրական ընթացակարգ: Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ՀՀ կառավարությունն այդ հարցը կլուծի: Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»:

Հարցին՝ արդյոք ամենածանր հրետանին տա՞նկն է եղել, որ կիրառվել է այս օրերին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ տանկը չէ, քանի որ «գրադ» էլ է օգտագործվել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031