Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենակեղծ մահմեդականը

Հուլիս 15,2020 12:30

Ժամանակակից աշխարհում օր օրի ավելի անհրաժեշտ է դառնում համագործակցությունը իսլամական եւ քրիստոնեական քաղաքակրթությունների միջեւ: Դրան հակառակ Թուրքիայի նախագահ Ռաջաբ Թայիբ Էրդողանը իր քայլերով փորձում է ավելի մեծ լարումներ, թշնամանք մտցնել երկու քաղաքակրթությունների միջեւ:

Սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճարը Թուրքիայի նախագահ Էրդողանի որոշումով վերածվեց մզկիթի: Նա գիտակցում է, որ նման քայլը լուրջ մարտահրավեր է ոչ միայն համայն աշխարհի քրիստոնյաներին, այլեւ մահմեդականներին, մյուս քաղաքակրթություններին: Վերջապես, նման քայլի փոխարեն Սուրբ Սոֆիայի տաճարը աշխարհի քրիստոնյաների ուխտավայրը դարձնելով, Թուրքիան շատ ավելին կշահի:

Աշխարհում չի եղել մի դեպք, որ որեւէ մզկիթ քրիստոնեական եկեղեցու վերածվի: Իսկ ահա Արեւմտյան Հայաստանի տասնյակ եկեղեցիներ, վանքեր ոչնչացվել են կամ վերածվել մզկիթների:

Ամենեւին էլ զարմանալի չէ, որ Էրդողանի ղեկավարած Թուրքիան է կազմակերպում Մերձավոր Արեւելքից, Աֆրիկայից ու Միջին Ասիայից հարյուր հազարավոր գաղթականների ներհոսքը եվրոպական երկրներ՝ նպատակ ունենալով ոչ միայն փոփոխել այդ երկրների էթնիկական կազմը, այլեւ ներսից կազմաքանդել այդ երկրների տնտեսությունն ու մշակույթը, տարիների ընթացքում վերածել մեծամասնությամբ մահմեդականություն դավանող երկրների: Էրդողանական Թուրքիան զորքեր է մտցնում հարեւան երկրներ, խախտում նրանց տարածքային ամբողջականությունը, նոր պատերազմ սպառնում հարեւաններին:

Դրան զուգահեռ Էրդողանը շարունակում է իրեն համարել մահմեդականության հիմնադիր Մուհամմադ մարգարեի հետնորդը:

Այժմ տեսնենք, թե Թուրքիայի նախագահի այս քայլերը որքանով են համապատասխանում Մուհհամադ մարգարեի թողած ժառանգությանը եւ ուխտին:

«Շուշի հիմնադրամ» հրատարակչությունը լույս է ընծայել «Մուհամմադ մարգարեի վեց ուխտը իր ժամանակի քրիստոնյաների հետ» գիրքը, որի հեղինակն է մարգարեի հետնորդներից Մուհամմադ իբն Աբդալլահը: Գիրքը՝ մատուցելով մահմեդականների առաջնորդ Մուհամմադ մարգարեի քարոզները՝ ուղղված քրիստոնյաներին եւ մահմեդականներին, նպատակ ունի խաղաղության կամուրջ կապել եւ իրար նկատմամբ հանդուրժող դարձնել երկու քաղաքակրթությունների հանրություններին: Մուհամմադ մարգարեն, որին մահմեդականները  համարվում են Աստծո Դեսպանորդը, դեռեւս VII դարում գուշակելով, որ կարող է հետագա դարերի ընթացքում հակամարտություններ առաջանալ քրիստոնեական եւ իսլամական քաղաքակրթությունների միջեւ, դիմել է մահմեդականներին, որ հանդուրժող լինեն քրիստոնյաների նկատմամբ: Մարգարեն հանդիպումներ է ունեցել Սինա լեռան վանականների, Նաջրանի, Պարսկաստանի, աշխարհի քրիստոնյաների հետ, պատվիրել աշակերտին՝ Մուհամմադ իբն Աբդալլահին, գրի առնել իր  վեց ուխտերը, ըստ որի մարգարեն ասում է. «Եթե որեւէ մեկը խախտի երդումը, որը տրված է այստեղ, հակառակվի նրան կամ հերքի պատվիրանները, նա կխախտի Աստծո ուխտը, կկտրի Նրա հետ կապը, կծաղրի Նրա կրոնը, կարժանանա Աստծո անեծքի՝ անկախ նրանից, նա սուլթան է, թե պարզապես հավատացյալ մահմեդականներից մեկն է»: Իր հովանավորչության տակ առնելով քրիստոնյաներին ու նրանց շինությունները, մարգարեն պատվիրում է. «նրանցից (քրիստոնյաներից) ոչ մի եկեղեցական շենք չպետք է քանդվի, եկեղեցիների ունեցած դրամը չպետք է օգտագործվի մզկիթներ կամ մուսուլմանների տներ կառուցելու համար: Նա, ով նման բան է անում, խախտում է Աստծո ուխտը եւ հակառակվում Աստծո Դեսպանորդին»:

Ուսումնասիրելով թուրքերի պատմությունը, համոզվում ես, որ նրանց առաջնորդները, որոնք նվաճելով Հայաստանն ու Բյուզանդիան, միանգամայն արհամարհել են Մուհամմադ մարգարեի՝ Աստծո Դեսպանորդի պատգամը, քանի որ այդ ընթացքում միայն Բյուզանդիայում երկրագնդի երեսից ոչնչացվել են ավելի քան հիսուն ժողովուրդ՝ իրենց հազարամյա մշակույթով: Դա մարդկային քաղաքակրթության ամենամեծ կորուստներից է: XX դարի սկզբին իրականացրել են ամենահրեշավոր ու ամենաանմարդկային ծրագիրը՝ հայերի ցեղասպանությունը՝ յուրացնելով նրանց ունեցվածքը, հողը, բնակավայրերը, մայրաքաղաքը՝ Անին, սրբազան Արարատ լեռը:

Մուհամմադ մարգարեի պատգամները արհամարհում են այդ եղեռնագործների այսօրվա ժառանգները՝ փորձելով մոռացության մատնել իրենց նախնիների ոճրագործությունը: Այսօր էլ Էրդողանը շարունակում է իրենց նախնիների վարքագիծը, այս անգամ էլ փորձելով ոչնչացնել իրենց իսկ հավատակիցներին՝ քրդերին, Սիրիայի ալեւիներին, Լիբիայի իսլամ դավանող ժողովրդին:  Մուհամմադ մարգարեի քարոզները՝ ուղղված քրիստոնյաներին եւ մահմեդականներին, ասես գուշակելով ապագան, նպատակ ուներ խաղաղության կամուրջ կապել եւ իրար նկատմամբ հանդուրժող դարձնել երկու քաղաքակրթությունների հանրություններին:

Եվրոպացիներն էլ չեն ուզում հավատալ, որ Էրդողանը ծրագրում է արդի Եվրոպայում էթնիկ ու կրոնական մեծամասնություն դառնալով, ոչնչացնել եվրոպական քաղաքակրթությունը, ինչպես դա արեցին իր նախնիները Բյուզանդական հզոր կայսրության ներսում: Տարօրինակ է, որ այդ հարցում այսօր երբեմն նրան օժանդակում են աշխարհի հզորագույն երկրների որոշ առաջնորդներ: Գուցե նրանց Էրդողանի այս վերջին քայլը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը սթափեցնի:

Նկատի ունենալով այս ամենը, առաջարկում եմ Էրդողանին ու նրա կողմնակիցներին ընթերցել աշխարհի մահմեդականների առաջնորդի ուխտը, պատվիրանները: Վերջապես, կարդացեք Ղուրանը,  հավատքի եկեք, գուցե Ալլահը ների ձեզ:

ԲԱԿՈՒՐ

«Շուշի» հիմնադրամի նախագահ, արձակագիր,

հրապարակախոս, գեղանկարիչ

«Առավոտ» օրաթերթ
13.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031