Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոնսերվատորիայի գործընթացների եւ մի շատ գրավիչ օրինախախտման մասին

Հուլիս 15,2020 13:00

Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանի հետ

Մեր զրույցը կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հետ վաղուց հասունացել էր, քանի որ ցանկանում էինք ներկայացնել մշակութային կրթական հաստատության առջեւ ծառացած խնդիրներն՝ այսօրվա անսովոր իրականության հրամայականներով պայմանավորված…

– Տիկին Հովհաննիսյան, ինչպե՞ս հաջողվեց կազմակերպել ուսումնական գործընթացը համավարակի, արտակարգ իրավիճակի եւ կարանտինի պայմաններում։ Ի՞նչ խնդիրներ առաջացան, ինչպե՞ս հաղթահարվեցին, հաղթահարվեցի՞ն արդյոք, ի՞նչն էր, այնուամենայնիվ, անհնար  իրականացնել հեռավար ուսուցման պայմաններում։ 

– Ուսումնական տարին սկսել էինք մեծ ակնկալիքներով, բազմաբնույթ կրթական ու մշակութային ծրագրերով, որոնց մի մասը հաջողվեց իրականացնել մինչեւ 2020-ի հունվար-փետրվար ամիսները, սակայն համավարակը գլխիվայր շրջեց ամեն ինչ, այդ թվում նաեւ՝ կոնսերվատորիայի առօրյան ու գալիք նախագծերը։ Ստիպված եղանք կարճ ժամանակահատվածում ամբողջ աշխատանքը վերափոխել առցանց, հեռավար ձեւաչափի։ Այն, ինչն ամիսներ առաջ աներեւակայելի էր թվում, այսօր կայացած իրողություն է, եւ մենք էլ, բոլորի պես, ընտելացանք առցանց դասախոսություններին, առցանց ժողովներին ու հանդիպումներին, առցանց քննություններին ու ելույթներին… Ստիպված եղանք որոշ ձեւաչափեր, պահանջներ, ընթացակարգեր արագ համապատասխանեցնել առցանց հնարավորություններին։ Ինչ խոսք, դժվար էր թե՛ ուսանողների եւ թե՛ դասախոսական կազմի համար։ Այնուամենայնիվ,  բոլորս էլ գիտակցում ենք, որ սա հարցի ժամանակավոր լուծում է, եւ երբեւէ հեռավար դասավանդումը չի կարող փոխարինել առկա ձեւաչափին։

– Արդյո՞ք հեշտ ընդունվեց առցանց ձեւաչափը։ Եղա՞ն տարակարծություններ, դիմադրություն։ Այս ամիսների ընթացքում համացանցում շատ ու շատ հակասական կարծիքներ հնչեցին հենց կոնսերվատորիայի դասախոսների եւ ուսանողների կողմից՝ երբեմն սուր քննադատության արժանացնելով առցանց դասավանդման հետ կապված պրոֆեսիոնալ թերությունները։

– Ինձ ուղղված ցանկացած հասարակական հարցի պատրաստ եմ պատասխանել եւ պատասխանել եմ, երբ դրա կարիքը եղել է։ Ինչ վերաբերում է այլակարծությանը, ապա պատասխանատու չեմ կոնսերվատորիայի որեւէ աշխատակցի կամ ուսանողի կողմից արտահայտած կարծիքի համար։ Մարդիկ ունեն ազատ արտահայտվելու իրավունք, եթե նույնիսկ այն չի համընկնում վերադասի կարծիքի հետ։ Խոսքը չի վերաբերում բուհի վարկանիշի վրա բացասաբար ազդող բանսարկություններին, որոնք պետք է կարգավորվեն բուհի ներքին կանոնակարգի համաձայն։ Այն սահմանափակումները, որոնցում ապրում է մեզանից յուրաքանչյուրը, գիտակցելով համավարակի վտանգավորությունը, խաթարեցին կոնսերվատորիայի հատկապես կատարողական մասնագիտացումների գործընթացները։ Որոշ դասընթացներ պարզապես անհնար եղավ իրականացնել՝ անսամբլային կատարողականության հետ կապված դասընթացները, երգչախմբերի, նվագախմբերի պարապմունքներն ու փորձերը, օպերային ստուդիայի դասընթացները, ժամանակավորապես չեղարկվեց «Դոն Պասկուալե» օպերայի բեմադրությունը եւ շատ ու շատ նախագծեր։ Ի տարբերություն այլ բուհերի, կոնսերվատորիայի համար առցանց ուսուցումը միանգամայն անընդունելի է եւ հակապրոֆեսիոնալ։ Սակայն այս ամենին ես անդրադառնում եմ վերջին քննության անցկացումից հետո միայն, որովհետեւ գիտակցել եմ իրավիճակի հրամայականը։ Գիտակցել եմ, որ մեր ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի առողջությունն առավել կարեւոր է, գիտակցել եմ, որ կան վերադասի՝ այս պահին վարչապետի, պարետի, նախարարության որոշումներ, որոնք պետք է կատարել, որպեսզի օր առաջ, ժամ առաջ վերանան այդ սահմանափակումները, եւ մենք անցնենք մեր բնականոն աշխատանքային ռիթմին։

– Օրերս մեկնարկեց Music 20 միջազգային փառատոնը, սակայն մեր հասարակությունը միանշանակ չընդունեց համավարակի պայմաններում նման մեծածավալ մշակութային միջոցառման իրականացումը։ Չափազանց գերադրական գնահատականների կողքին հնչեց նաեւ խիստ քննադատական վերաբերմունք, ինչին ի պատասխան՝ փառատոնի կազմակերպիչ եւ նախաձեռնող Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամլո խոսնակը հետեւյալ բացատրությունը տվեց։ «Աշխատողի եւ արժեք ստեղծողի համար քննադատությունը սովորական է, չեն քննադատում նրան, ով ոչինչ չի անում։ Իրականում ոչինչ չանողը հիմնականում հենց բոլորին քննադատողն է»: Ինչո՞վ կբացատրեք այդչափ իրարամերժ կարծիքները:

– Ես երբեք ինձ թույլ չեմ տվել պատեհ-անպատեհ խոսել, որովհետեւ իրավունք չունեմ խաթարել այնքան փխրուն դրական միջավայրն անցողիկ ու անարժան դրվագների պատճառով, որովհետեւ ամենաբարդ ու կարեւոր բանը համարում եմ առողջ ստեղծագործ միջավայրը, համերգը, ունկնդրի տրամադրությունը, դասախոսի ազատ շնչառությունը, երաժշտական մտքի զարգացումները, նորելուկ երաժշտի կայացումը, մեր երազանքների իրականացումը։ Էլի չէի անդրադառնա, եթե չկարդայի նվագախմբի մամլո խոսնակի կողմից փառատոնի առնչությամբ հնչող վրդովմունքի որակումը, որպես «բարդույթավորված մրցակիցների» եւ «ոչինչ չանողների» սովորական քննադատություն։ Բեմում երկու տասնյակից ավելի երաժիշտներ՝ առանց դիմակի, աշխարհահռչակ երգչուհու փորձին ներկայանալը՝ առանց պարետատան կողմից նախատեսված 14-օրյա կարանտինի… Ուրեմն այդ ի՞նչ հավաստիացումներով են հիմնավորել փառատոնի անվտանգությունը, որ պարետն անձամբ թույլ է տվել փառատոնի անցկացումը։

Ես գիտեմ՝ որքան բարդ գործ է կրել պատասխանատվություն եւ լինել ղեկավար։ Երբ պարետին գրում են՝ մենք գտել ենք ձեւաչափ, փառատոնը կազմակերպվելու է առցանց…, վերջինս կարդում եւ դրական է արձագանքում երիտասարդ եւ խանդավառ նախաձեռնությանը։ Իրականում այն առցանց է՝ մասամբ։ Պարետն, արտոնելով նախաձեռությունը, հայտնվել է ծուղակում, հատկապես Հ1-ի ռեպորտաժից հետո, երբ դրվատվում է մի նախաձեռնություն, որտեղ ակնհայտորեն խախտված են իր իսկ որոշումները՝ առաջացնելով հասարակայնության իրավացի վրդովմունքը։ Եթե շրջանցվել է նախարարության միջնորդությունը՝ անհասկանալի է… Ունենք դժվարին իրավիճակ՝ համավարակ, որը, ցավոք, երկարաձգվեց։ Խմբային արվեստի համայնքն ու մշակութային-կրթական ողջ համակարգը փորձեցին գտնել ելքեր, որոնք համապատասխանեցվեցին համավարակի ժամանակ ընդունված օրենքներին՝ պահանջելով եռակի աշխատանք, մինչդեռ պարզվում է, որ սա սոսկ «ոչինչ չանողների» քննադատություն է։ Պարզվում է, որ կա մի տարածք, որտեղ պարզապես չի տարածվում համավարակը, եւ դա այն տարածքն է, որտեղ աշխատում է Սերգեյ Սմբատյանը։

– Ձեր ասածից պետք է ենթադրել, որ Սիմֆոնիկ նվագախումբն ու նրա ղեկավարը, անգամ համավարակի պայմաններում, գտնվում են արտոնյալ վիճակում մյուս կատարողական կոլեկտիվների համեմատությամբ։

– Սերգեյ Սմբատյանին ես համարել եմ երաժշտական տարբեր ոճերում աշխատող, երիտասարդների շրջանում դասական երաժշտության հանդեպ խանդավառություն ներշնչող  դիրիժոր, ում հետ համագործակցել եմ հայ կոմպոզիտորների փառատոնի եւ մի քանի այլ առիթներով։ Վերջին տարիներին կոնսերվատորիայի շուրջ ծագած խնդիրները փոխեցին մեր երկուստեք վերաբերմունքը։

– Հայտնի է, որ Սիմֆոնիկ նվագախմբի գրասենյակները (օֆիսները) ստեղծման օրվանից գտնվում են կոնսերվատորիայի շենքում, կարելի է ենթադրել, որ դա գործնականում կարող է նպաստել կոնսերվատորիայի հետ փոխադարձ համագործակցությանը։

– Սիմֆոնիկ նվագախումբը այն միավորն է, որի նկատմամբ չի գործում օրենքը նաեւ կոնսերվատորիայի մասով։ Հասկանալի է, որ նվագախումբն ունի տարածքների խնդիր։ Սա նաեւ կոնսերվատորիայում՝ կրթամշակութային կարեւոր հաստատությունում, երկարամյա դիրքերը պահպանելու հարց է։ Կոնսերվատորիան այս կառույցին մշտապես ծառայել է որպես անվճար, անհատույց, անժամկետ օգտագործվող տարածք՝ չունենալով դրա համար որեւէ իրավական հիմնավորում։ Կոնսերվատորիան, իր սուղ միջոցներով, պրոֆեսորադասախոսական կազմի նվազագույն աշխատավարձերի պայմաններում, ծառայել է որպես դոնոր կազմակերպություն՝ ֆինանսական մասնակցություն ունենալով կասկածելի բովանդակությամբ եւ պրոֆեսիոնալ մակարդակով մրցույթներն ու փառատոներն անցկացնելու ծախսերին։ Կան նվագախմբի կողմից վերակառուցված կոնսերվատորիական տարածքների վրա ծախսված գումարների հարցեր: Այդ ծախսերը դրվել են շենքի բարենորոգման վրա՝ կազմելով կառույցի վրա ծախսված ընդհանուր միջոցների անբաժանելի մասը եւ չեն կարող փոխհատուցվել: Կոնսերվատորիայի ներկայիս ղեկավարությունը հրաժարվում է անգամ վարձակալությամբ տրամադրել ուսումնական պրոցեսում մեզ այնքան անհրաժեշտ տարածքները, մանավանդ հեռավորություններ պահանջող ուսումնառության ներկայիս  իրավիճակում։ Ես քանիցս դիմել եմ ԿԳՄՍՆ՝ խնդրանքով լուծել այս հարցը, ինչին առերեւույթ սպասում են նաեւ Սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարները, բայց երբ նրանց առաջարկվում են այլ տարածքներ՝ չեն համաձայնում տեղափոխվել։ Ի դեպ, այս ապօրինությունը հանդուրժելու համար ես կրում եմ պատասխանատվություն։ Ներկայումս նախարարությունը խոստացել է կարգավորել այս հարցը։

Ավելացնեմ նաեւ, այս ընթացքում անհասկանալի հասցեներից հրապարակվող, սեփական անունից խոսելու համարձակություն չունեցող գրառումները եւ բանսարկությունների պարբերական ալիքները, որոնք արագորեն հեռացվում են կայքից հենց նույն հեղինակների կողմից, առ այն, որ կոնսերվատորիան քանդվում է, փլուզվում են հարյուրամյա բուհի ավանդույթները, ճնշվում են փոքր աշխատավարձով աշխատող նվիրյալները եւ այլ տարատեսակ հերհյուրանքներ։ Այս գրառումների հասցեատերերը անհայտ են։

– Ո՞րն է ելքը։ Ինչո՞ւ է այս խնդիրը ուռճացել, հասել անելանելի իրավիճակի։

– Ինձ բոլոր կողմերից ասում են՝ միեւնույն է, ոչինչ անել չես կարող… Չեմ կարող, քանի դեռ հրճվանքով ու հիացական բացականչություններով են ընդունվում եւ ֆինանսավորվում «արհեստական բանականության», ժամանակակից «դասականների», հիմա էլ՝ մյուզիք 20-ի  «աննախադեպ» մշակութային իրադարձությունները։ Ի դեպ, ինչ կարգավորումներ են գործում ՀՀ մշակույթի ոլորտում դրսի հիմնադրամների գործունեության համար:

Իրոք, ինչպե՞ս կարող է չոգեւորել մի նախագիծ, որի ընթացքում հնչելու է արհեստական բանականության կողմից ստեղծված երաժշտություն, մեկ այլ փառատոն, որի առանցքը մեր բոլորի սիրելի մաեստրո Տիգրան Մանսուրյանի երաժշտությունն է։ Ինչպե՞ս կարող էի ես չստորագրել Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի նախաձեռնող կոմպոզիտորներից մեկին կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչման արժանացնելու փաստաթուղթը, երբ ԵՊԿ ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուս առաջին օրերին նրան ներկայացրեցին որպես կոնսերվատորիայի բարեկամ եւ բարերար։ Այո, ես ստորագրել եմ այդ փաստաթուղթը, ինչպես այսօր պարետն է ստորագրել աննախադեպ առցանց փառատոնի անցկացման թույլտվությունը՝ սիրով, ոգեւորությամբ եւ վստահելով՝ անհարկի վստահելով բերված փաստարկներին։

Այս խախտումը տվյալ դեպքում ունի նաեւ բարոյական կողմ, այն հիմար դրության մեջ է  դնում մշակութային ոլորտի բոլոր այն գործիչներին, ովքեր արել են ամեն ինչ՝ չխախտելու համար օրենքը։

Ուրախալի է եւ կարեւոր, որ աստիճանաբար սկսեն աշխատել բոլոր ստեղծագործական խմբերը՝ նվագախմբերը, կամերային կազմերը, երգչախմբերը, թատերախմբերը՝ պահպանելով  համաճարակային կանոնները։ Յուրաքանչյուրիս մեծագույն ցանկությունն է, որ մեր երեխաները, երիտասարդները ուսումնական տարին սկսեն բնականոն ուսումնական պայմաններում, սակայն արդեն իրենց հմտություններին ավելացնելով տեխնոլոգիաների ընձեռած անսահման հնարավորությունները։ Եվ այնժամ, ամեն մեկն իր գործով կզբաղվի՝ սահմանափակված չլինելով արտակարգ իրավիճակով թելադրված խոչընդոտներով։ Եվ թող, որ ժամանակը եւ հանրությունը դատեն յուրաքանչյուրի աշխատանքի որակի եւ պրոֆեսիոնալիզմի մասին։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հ.Գ. Զրույցի ընթացքում Սոնա Հովհաննիսյանն ըստ էության պատասխանեց նաեւ որոշ օգտատերերի՝ իրեն ուղղված գրառումներին. «Ինձ ուղղված անհիմն հերյուրանքների մեջ հիշատակվում էր մի ժողովրդական ասացվածք՝ «Ծուխն առանց կրակ չի լինում»։ Իրականությունն ավելի բարդ ու բազմաշերտ է, քան ֆիզիկական ծուխն ու կրակը եւ շատերն են սանրվել այս միամիտ ժողովրդական խոսքի սանրով։ Շատ հաճախ ծուխն էլ են հորինում, կրակն էլ»…

«Առավոտ» օրաթերթ
13.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031