Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրք մտավորականները հեռուստածրագրում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը

Հուլիս 14,2020 23:58

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Վերջերս մի տեսանյութ գտա, որտեղ երկու թուրք մտավորականներ հանդես են գալիս Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Քննարկումը տեղի է ունեցել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Տեսանյութում Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի զրույցը թուրքերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Մեկ ժամ 37 րոպե տևողությամբ ծրագրի անվանումն է՝ «Բաբելոնյան աշտարակ»: Ծրագրի վերնագիրն է՝ «Առերեսվելով ցեղասպանությանը»։

Անանուն թուրք հաղորդավարը ծրագիրն սկսեց հետևյալ հարցերով. «Ի՞նչ է իրականում տեղի ունեցել 1915-ին․ ինչի՞ միջով են անցել մարդիկ․ դա ցեղասպանությո՞ւն էր․ դա տեղահանությո՞ւն էր»:

Ահա հատվածներ այդ քննարկումից.

Էրդողան Այդին. «Հիշենք, որ 1915-ին տեղահանությունը, երբ կենտրոնանում ես մանրամասների վրա, նշանակում է նույնը, ինչ 1948-ի ցեղասպանությունն էր… եթե բռնագաղթը չի իրականացվում այն մարդկանց համաձայնությամբ, որոնք աքսորվել են իրենց իսկ անվտանգության համար, ի դեպ, արտաքսումները չեն իրականացվում այդ [պատճառով]։  Դա արվում է պետությունների ինքնիշխանությունն ընդլայնելու, հասարակությանը պատժելու, այլոց տեղավորելու համար, եթե հողն արգասաբեր է։ Ուստի, եթե դա արվում է ընդդեմ ժողովրդի կամքի, եթե նրանց բոլորին, ներառյալ կանանց, երեխաներին ու ծերերին վտարում են, ապա դա հանցագործություն է մարդկության դեմ»։

Հաղորդավար. «Դավութօղլուն (Թուրքիայի նախկին վարչապետ) այդպես է ասում: Նա ասում է, նա ամենուրեք կրկնում է, որ տեղահանությունը հանցագործություն է մարդկության դեմ: Նա ընդունում է դա որպես այդպիսին »:

Այդին Չուբուքչու. «… Բայց երբ ուսումնասիրում ենք 1948 թ․ ցեղասպանության մասին դաշնագրի հոդվածները, մենք տեսնում ենք, որ իրականում նրանք են սահմանում այս կիրառումը…»:

Էրդողան Այդին. «Այն փաստաթղթերը, որոնք ուսումնասիրում են պատմաբանները, այնքան էլ կարևոր չեն: Կարևորն այդ փաստաթղթերի մեկնաբանման ձևն է, թե ինչպես է վերջնական զեկույցը շարադրվելու և ինչ  քաղաքականության է ծառայելու: Պատմաբանը նման չէ լաբորատորիայի բժշկի։ Պատմությունը հստակ կամ փակ չէ մեկնաբանության համար: Այն չի կարելի բացատրել սեղմ պատճառահետևանքային կապերով։ Բոլոր նրանք, ովքեր ուսումնասիրել են փաստաթղթերը և պահանջներ ներկայացրել մինչև այսօր, արդեն պատմաբան են: Ի վերջո, նրանք, ովքեր հարցը լուծելու են այն փաստերի լույսի ներքո, որոնք ներկայացնում են պատմաբանները, քաղաքական գործիչներն են: Իհարկե, դա քաղաքական է: Երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը, պատմաբանների ասածն այնքան էլ կարևոր չէ: Փաստաթղթերը, վիճակագրությունը, լքված ունեցվածքի վերաբերյալ պետական ​​կիրառման վերաբերող օրենքները արդեն ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը հասել է զրոյական կետի, քանի որ այս երկրում մեծ բնակչություն էին կազմում: Ո՞ւր գնացին այս մարդիկ: Ո՞ւր գնաց այդ տոհմը: Հարցն այնքան պարզ է: Եթե նրանք չեն կոտորվել, ապա ինչ է պատահել նրանց հետ: Չեն գոլորշիացել, չէ՞: Ինչպես ցույց են տալիս հանրահայտ փաստերը, պատերազմը և ռուսական ներխուժումը Վանի, Բիթլիսի շրջաններ և այլն, մինչև Երզնկա, պատրվակ էր այդ հողերից հայերին արտաքսելու համար: Ինչպե՞ս․ տեղահանելով։ Այո, գյուղերը դատարկվեցին։ Մարդիկ, ներառյալ երեխաները, ոտքով, մերկ ու սոված, ստիպված էին քայլել դեպի Սիրիա: Նրանք տեղահանվեցին Էրզրումից, Կարսից, Երզնկայից և Վանից դեպի Սիրիա այն ժամանակվա տրանսպորտային պայմաններում։ Նրանք չէին կարող հասնել [Սիրիա], քանի որ, համաձայն ծրագրի, անզեն դժբախտ, մերկ, սոված քաղաքացիները, կանայք իրենց երեխաներով, ինչպես տեսնում ենք մեր ետևում գտնվող լուսանկարներում, այդ ճանապարհներին նաև հարձակման էին ենթարկվում ավազակախմբերի կողմից: Ճանապարհին նրանց թալանում էին, գերի վերցնում, կոտորում։ Ի վերջո, Թուրքիայից արտաքսված հայերի միայն մեկ չորրորդը հասավ Սիրիա: Երեք քառորդը մահացավ ճանապարհին: Օսմանյան փաստաթղթերը նույնպես ընդունում են այդ մահվան դեպքերը որպես համաճարակների կամ հարձակման հետևանք, բայց ասում են, որ դա ոչ մի առնչություն չուներ նրանց հետ: Պատմական փաստաթղթերը հստակ են: Վճռական կետն այն է, թե ինչպես է պետությունը քաղաքականորեն վարվելու և ինչ է բխելու դրանցից: Պատմաբաններն արդեն արել են այն, ինչ պետք է անեին: Ինչ-որ մեկից հեռագիր է ուղարկվել ինչ-որ մեկին՝ սրա նման հազարավոր փաստաթղթեր։ Հազարավոր փաստաթղթեր են բացահայտվում: Ոչ մի գաղտնի փաստաթուղթ չի մնացել: Եթե ​​կա որևէ գաղտնի փաստաթուղթ, ապա դա Օսմանյան կայսրությունից Թուրքիա փոխանցված փաստաթղթերի մի մասն է: Իհարկե, թաքցված են այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են ցեղասպանությունը ՝ ասելով, որ «տեղահանելիս ճանապարհներին նրանց կոտորեք»: Մենք երբեք չենք կարող տեսնել դրանք: Ինչպես երեկ ասաց [թուրք լրագրող] Վեյսի Սանսոզենը, մենք սպանության ապացույցներ ենք պահանջում մարդասպանից: Տալի՞ս է նա։ Ոչ, նա չի տալիս։ Դա երբեք չի հայտնվի։ Փաստաթղթերը, որոնք ունեն հայերը, հիմնված են հոգևորականների, օտարերկրյա դիվանագետների և լրագրողների պատրաստած վկայությունների և զեկույցների վրա: Նրանց մեծ մասը ակնհայտորեն արտացոլում է ողջ ողբերգությունը: Կան այն ժամանակվա նկարներ և ֆիլմեր՝ չնայած շատ սահմանափակ հնարավորություններին: Հայ ժողովրդի ոչնչացումն անկասկած է: Նրանց ոչնչացրել են։ Սա է գլխավորը»։

Այդին Չուբուքչու. «Թույլ տվեք ավելացնել: Դա արեցին ոչ թե պատմաբանները, այլ քաղաքական գործիչները: Մաքրելը ևս նրանց գործն է։ Երկրորդ, ինչպես նշեց իմ եղբայր Այդինը, նմանատիպ աշխատանքներ կատարողները սովորաբար ջնջում են փաստաթղթերը, օգտագործում են այնպիսի արտահայտություններ, որոնք հնարավոր չէ վերծանել: Ուստի, երբ հանցագործը կեղեքում է, նա փորձում է քողարկել այն: Իրականում, ամենակարևոր փաստաթուղթը ժողովրդի իրական և ֆիզիկական ոչնչացումն է իրենց պատմական հողերից»:

Էրդողան Այդին. «100 տարի է անցել այդ իրադարձությունից, ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է շրջադարձային լինի: Ահա թե ինչպես է համաշխարհային հանրային կարծիքը նայում դրան։ Ինչո՞ւ այս հարցը 100 տարի չի լուծվում։ Սա խնդիր է։ Մյուս կողմից, հաշվի առնելով Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և նրա հարաբերությունները Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ, կարող ենք խոսել Թուրքիային անկյուն կանգնեցնելու մասին։ Անկասկած, այս հարցը այժմ քաղաքական քարտ է: Այն ունի նաև այդ կողմը: Բայց սա չի փոխում այն ​​փաստը, որ հայերը բնաջնջվել են: Երբ մեկը ասում է, որ ֆրանսիացիները, գերմանացիները, Հռոմի պապը ուզում են սա [ճանաչվի], մեր ներքին հասարակական կարծիքը դա ընկալում է այնպես, կարծես թե աշխարհի բոլոր քրիստոնյաները, բոլոր «գյավուրները» [անհավատները] միավորվել են և հարձակվել մեզ վրա: Ակնհայտ է, որ քանի դեռ այս ոճրագործությունը կպչում է նրանց, բոլոր թուրքական կառավարությունները և պետությունը խնդիրներ կունենան: Այդ մասը հետաքրքրում է պետությանը, բայց այդ նույն բանը ամոթ է նաև մեզ համար և ամոթ է թուրք ժողովրդի համար: Մենք ուզում ենք ազատվել դրանից: Ամեն ոք, ով ուզում է դա: Բայց մենք սա ենք ուզում:Մենք բոլորս այսօր մեղավոր և  պատասխանատու ենք հայ ժողովրդի անողոք սպանության համար: Մենք դա պետք է զգանք: Ուստի մենք ուզում ենք ազատվել դրանից: Անկասկած, կա մեկ այլ կողմ: Ցեղասպանությանն առերեսվելը ժողովրդավարության համար մեր պայքարի կարևոր մասն է։ Եթե ​​մենք պաշտպանում ենք ժողովուրդների եղբայրության գաղափարը և խաղաղ համակեցությունը, ապա մենք նույնպես պետք է մեր պարտականությունները կատարենք հետադարձ հայացքով: Բացի այդ, Հայկական հարցը մի թեմա է, որը շարունակաբար սնուցում է ֆաշիզմ և մոլեռանդություն: Հայերի նկատմամբ թշնամությունը ֆաշիստական ​​քարոզչության էական մասն է: Հետևաբար, ժողովրդավարության համար պայքարում այս հարցը պետք է լուծվի. Ցեղասպանությունը պետք է ճանաչել՝ ֆաշիզմի, մոլեռանդության և շովինիզմի զենքերը կոտրելու և թաղելու համար»։

(Երկրորդ մասը՝ հաջորդ շաբաթ)

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031