«Այս պահին ընդհանուր օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այն սկսվել է մոտավորապես ժամը 18:00-ից: Այդ ժամանակից սկսած շատ քիչ կրակոցներ կան»,- քիչ առաջ Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված բրիֆինգին հայտարարեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այս պահին իր տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն խաղաղ բնակչության մեջ գոնե թե թեթև վիրավորումներ չկան: Միայն նյութական վնասվածքներ են կրել: Խոսելով վիրավորումների մասին՝ նա հայտնեց. «Բարեբախտաբար մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ բժիշկների ներկայացման՝ միջին ու թեթև վնասվածքներ են ստացել»:
Նա վնասների ծավալների առումով նշեց. «Ինչպես գիտեք Ադրբեջանի զինված ուժերը դեռ հուլիսի 12-ին սադրանք են իրականացրել ՀՀ սահմանների նկատմամբ և տեղի են ունեցել մարտական գործողություններ: Այսօրվա դրությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվում են հայկական բնակավայրերը՝ մասնավորապես Տավուշի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղյուր, Պառավաքար: Այսօր հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը: Կոնկրետ թիրախավորվել են քաղաքում երկու գործարաններ, վնասվել են այս համայնքներում տներ, գազատար, ընդորում, մի քանի անգամ ընթացքում գազատարը վերականգնվել է: Թիրախավորվում է փաստացի խաղաղ բնակչությունը, բարեբախտաբար խաղաղ բնակչության շրջանում զոհեր չունենք»:
Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց՝ հայկական զինված ուժերը լռեցրել են հակառակորդին հնարավոր բոլոր ձևերով: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր: Նա ասաց, որ վաղը կփորձեն կազմակերպել հատուկ ինֆոտուրեր և տեղում կտեսնեն ավերածությունները, կիրառվող զենք զինամթերքի մնացորդներ:
Կարդացեք նաև
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կիրառել են իրենց ձեռագրին բնորոշ գործողություններ ու մանրամասնեց. «Մասնավորապես սեփական գյուղերում թիրախավորում է սեփական բնակչությանը: Ես բրիֆինգից հետո կփոխանցեմ ձեզ, թե ինչպես են տների մերձակայքում տեղակայում զինտեխնիկան՝ դրանով թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Ունենք համապատասխան ապացույցներ»:
Հարցին՝ քանի՞ ԱԹՍ է խոցվել հայկական զինված ուժերի կողմից, նա պատասխանեց. «Հուլիսի 12-ից սկսած մինչև այսօր, ներառյալ այն, երբ «Elbit Hermes 900» ԱԹՍ խոցվեց, թիվը մոտենում է 10-ին: Հինգից ավելի է, մոտենում է 10-ին:
ՀՀ-ի և Արցախի սահմանին լարվածության մասին նա ասաց. «Ընդհանրապես լարվածություն այս օրերին ՀՀ-ի և Արցախի սահմանին չկա, որևէ արտառոց հրաձգություն, տրամաչափի փոփոխություն տեղի չի ունեցել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ