Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս պատմությունն այսօր, 3 տարի անց, բացահայտում եմ, որ զգոն լինենք. Արմեն Աշոտյան

Հուլիս 14,2020 22:55

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նկարում աջից պատկերվածներին լավ գիտեք, իսկ ձախից 2017 թվականի հուլիսին Ադրբեջանի Ալխանլի գյուղի զոհված բնակիչներ են՝ տատ ու թոռ։ Նրանք զոհվել էին, որովհետեւ ադրբեջանական ստահակներն իրենց մարտական միավորումները դիտավորյալ տեղակայել էին քաղաքացիական բնակավայրերին մոտ եւ այնտեղից ռմբակոծում էին հայկական դիրքերը՝ խախտելով Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնեւյան կոնվենցիան։

Ադրբեջանը փորձեց մեծ միջազգային աղմուկ բարձրացնել. թե բա հայերը կոտորում են խաղաղ բնակչությանը։ Դիվանագիտական բոլոր խողովակներով հաջողվեց կանխել դժբախտ դեպքի նման շահարկումները։

2017-ի սեպտեմբերին իմ նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ հայկական խորհրդարանի պատվիրակությունը մասնակցեց Բաքվում Արեւելյան Գիրծընկերության շրջանակներում կազմակերպվող մի ներկայանալի կոնֆերանսի։

Ավելի, քան վստահ էի, որ ադրբեջանցիները տվյալ դեպքը փորձելու են շահարկել եվրոպացիների մոտ միջոցառման ընթացքում եւ մեկ րոպե լռությամբ հարգել տային իրականում Ալիեւի անմարդկայնության եւ անբարոյականության զոհ դարձած այս մարդկանց հիշատակը՝ մեղքը գցելով հայերի վրա։

Դեռ Երեւանում մտածեցի եւ կազմակերպեցի «հակաթույնը». եթե անգամ այդ պատկառելի միջազգային միջոցառմանը նրանք փորձեին շահարկումներ անել եւ մեզ գցել «տուպիկ», մենք էլ պետք է պատրաստված լինեինք եւ քարոզչական հակահարված տայինք։

Դիզայներ ընկերոջս (անունը չեմ տալիս, կուզի, թող ինքն իրեն բացահայտի) խնդրեցի պատրաստել նման պլակատներ (մեկը՝ մահացած երեխայի դիակի պատկերով, հասկանալի պատճառով չեմ տեղադրում), որ հետներս Բաքու տանենք եւ հարկ եղած դեպքում հենց Բաքվի սրտում, իրենց խորհրդարանի շենքում միջոցառման ժամանակ բարձրացնենք՝ ի լուր աշխարհի, տասնյակ տեսախցիկների ներքո։

Այդպես էլ արեցինք։ Պլակատները խնամքով պահեցինք մեր ձեռքի պայուսակներում, վստահ լինելով, որ ադրբեջանցիները Բաքվի օդանավակայանում թաքուն կխուզարկեն մեր ճամպրուկները։ Հասնելով հյուրանոց, կասկած չկար, որ 7/24 ռեժիմով տեսանկարահանվում եւ ձայնագրվում է ամեն ինչ։

Համարում շարեցի 3 պլակատները մահճակալի վրա, եւ երբ իմ սենյակ եկան պատվիրակության այլ անդամները, նրանց հետ բարձրաձայն քննարկեցինք հաջորդ օրվա մեր անելիքը։

Պլակատները ծածուկ մտցրեցինք Ադրբեջանի խորհրդարանի շենք (ապրի իմ ընկեր Արամը, եւ ոչ միայն այս դրվագով): Եվ ադրբեջանցիները, մեր կոնտրքայլի մասին արդեն տեղյակ լինելով եւ վախենալով վերահաս սկանդալից, մեր պլակատներից եւ խայտառակվելուց՝ փոշմանեցին։ Միջոցառման բացմանն ընդամենը հերթապահ երկտողով սահմանափակվեցին, ինչի պատասխանը ես իմ ելույթով տվեցի։

Այս պատմությունն այսօր, 3 տարի անց, բացահայտում եմ, որ զգոն լինենք։

Ադրբեջանական իշխանության էությունը չի փոխվել՝ նրանք միշտ թաքնվում են անգամ սեփական ժողովրդի հետեւում՝ չխնայելով ծեր ու մանուկ։ Այսօր հայտնի դարձավ, որ Տավուշի հետ սահմանագծում նրանք նորից դիմել են ստոր եւ կեղտոտ գործելաոճի՝ տեղակայելով մարտական ուժեր հենց իրենց բնակավայրերի տիրույթում՝ կրկին խախտելով Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնեւյան կոնվենցիան»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031