Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն երկու օր է հայկական կայքերը DDoS հարձակումների են ենթարկվում։
«Մոտ 10 լրատվականների վրա տարբեր հզորությունների հարձակումներ են եղել։ Մինչև այս պահը պարբերաբար ինչ-որ հարձակումներ լինում են, բայց փաստացի ոչ մի հաջողության այստեղ չեն հասնում։ Հաջողության են հասել կոտրելով primeminister.am, e-gov.am, gov.am կայքերը, հետո կոտրեցին Էլեկտրացանցերի կայքը, և հետո «Բլոգնյուզ», «Հայկական ժամանակ» կայքերը»,- ասաց նա։
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ քանի որ պաշտոնական կայքերը Ազգային անվտանգության ծառայության պաշտպանության տակ են, դժվար է ասել, թե ինչ է կատարվել․ «Իհարկե՛, լավ կլիներ, որ մի քիչ բաց լիներ, որովհետև փաստացի մեկնաբանություններ չեն լինում, մենք էլ տեղյակ չենք լինում, թե ի՞նչ է եղել, ո՞նց է եղել։ Սովորաբար, պաշտպանվածությունը լավ է լինում։ Տվյալ դեպքում՝ ես ենթադրում եմ, որ կայքերի խոցելիությունները շուտվանից գտած են եղել, հապճեպ կոտրվող բան չէր սա։ Այսինքն՝ նրանք կոտրել, պահել են, սպասել են պահին։ Առնվազն ունենք մտորումների տեղ, որովհետև primeminister.am-ը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ չէ կոտրվում»։
ՏՏ և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանն էլ ասաց, որ դիմել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ խնդրելով հարցում կատարել։ Պարզվել է, որ հարձակումների արդյունքում անձնական տվյալների արտահոսք չի եղել, անձնական տվյալների բազաներին հասանելիություն չի եղել․ պարզապես «deface»-ներ են եղել, ինչը նշանակում է, որ կայքի ինչ-որ էջեր ժամանակավորապես փոխվել են․ «Սովորաբար, դրանք ավելի թեթև հարձակումներ են։ Ավելի վտանգավոր է, երբ որ հասնում են տվյալների բազաներին, դրանք քաշում են կամ փոփոխություններ են անում։ Այս դեպքում հարձակումների տրամաբանությունը հուշում է հիբրիդային պատերազմ, այսինքն՝ ունենք ռազմական գործողություններ, հետո արվում են լրատվական կայքերի ուղղությամբ հարձակումներ, ունենք հաստատված aysor.am, tert.am, armeniatv.am, hetq.am կայքերը»։
Կարդացեք նաև
Նրա խոսքերով՝ հարձակումների մի մասի դեպքում 10 000 ադրբեջանական IP-ից համաժամանակյա գրոհներ են եղել․ «Թվում էր՝ բավականին մեծ կոորդինացիա պահանջող գործողություն է։ Իսկ այդ աստիճանի կոորդինացիա, դժվարանում եմ պատկերացնել, թե 10 000 օգտատեր, մարդ կամ կազմակերպություն համաձայնեին այդ ծավալի գործողություն կատարել, եթե պետությունը չլիներ»։
Արթուր Պապյանի կարծիքով՝ հարձակումները քարոզչական բնույթ ունեին և մեծ վնաս չեն հասցրել կայքերին։ Նա նաև հայտնեց, որ այս պահին հայկական հաքերային խմբավորումները հակահարված են հասցնում ադրբեջանական կայքերին․ «Haqqin.az-ը DDoS հարձակման տակ են գցել, հասանելի չէր, և խոստացել են, որ ևս գործողություններ են ձեռնարկելու»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ