Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցաբար վտանգում է իր քաղաքացիական բնակչության կյանքը. Տարոն Հովհաննիսյան

Հուլիս 14,2020 20:50

«Եթե ադրբեջանական քաղաքացիական բնակչության շրջանում լինում են տուժածներ, ապա պատասխանատուն բացառապես Ադրբեջանի վրա է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Օրբելի» կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:

Վերջին օրերին, հայկական սահմանների նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններից  եւ դեռ պահպանվող սահմանային լարվածության արդյունքում, այսօր համացանցային տիրույթում, նաեւ վրացական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ հայկական կողմի կրակոցների արդյունքում Ադրբեջանում քաղաքացիական անձինք էլ են տուժել:

Տարոն Հովհաննիսյանն ասաց. «Հայկական կողմը, ինչպես արդեն պաշտոնապես էլ հայտարարվել է, չի կրակում քաղաքացիական թիրախների ուղղությամբ, կրակում է բացառապես ռազմական թիրախների ուղղությամբ: Այս դեպքում եվս, որեւէ քաղաքացիական թիրախ նշանառության տակ չի եղել, եղել են ադրբեջանական զինուժի ռազմական թիրախներ`հենց բնակավայրերի մոտակայքում»:

Razm.info կայքում նաեւ արբանյակային նկարներ հրապարակվեցին, Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղից, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են:

Մեր զրուցակիցը վստահեցնում է`դա միայն Թովուզի հատվածում չէ. «Օրինակ, Աղդամի դիմաց, անգամ գյուղերում են հրետանային դիրքեր տեղակայված: Պատկերացրեք, որ իրենք կրակում են գյուղում կամ գյուղի կողքը տեղակայված հրետանային կայանքից`հայկական դիրքերի ուղղությամբ, բնականաբար, իրենց հրետանային համակարգը հայտնվում է հայկական զինված ուժերի նշանառության տակ: Հարվածելու արդյունքում, զուտ համակարգի`գյուղում կամ գյուղին մոտ տեղակայված լինելու պատճառով, չի բացառվում նաեւ իրենց բնակիչների շրջանում տուժածներ լինեն: Այստեղ մեղավորությունն ամբողջությամբ Ադրբեջանինն է, որը նախ միջազգային տարբեր պայմանագրերի, կոնվենցիաների հիման վրա, իրավունք չունի քաղաքացիական օբյեկտների շրջանում տեղակայել իր դիրքերը եւ այդտեղից մարտ վարել: Իսկ եթե այդպես է անում, ապա հայկական կողմը լիարժեք իրավունք է ստանում այդ դիրքերից եկող կրակը լռեցնել: Եթե դիրքերը չեն տեղափոխվում, ապա գոնե բնակչությանը պետք է տարհանեն այդ բնակավայրերից, որպեսզի կորուստներ չլինեն: Բայց այս գործողություններից որեւէ մեկը, ադրբեջանական կողմը երբեք չի իրականացրել: Եթե Ադրբեջանը գնում է այդ քայլին, նշանակում է իրենք գիտակցաբար վտանգում են իրենց քաղաքացիական բնակչության կյանքը`իրենց ռազմական գործողություններն իրականացնելու նպատակով»:

Տարբեր վերլուծություններ եղան, որ Հայաստանի սահմանների նկատմամբ, սա Ադրբեջանի ամենալայնամասշտաբ ոտնձգությունն էր`վերջին տարիների կտրվածքով, նաեւ լարվածությունը կարծես դեռ պահպանվում է:

Փորձագետից հետաքրքրվեցինք`նկատի ունենալով նաեւ թուրքական կողմից ի խրախուսումն Ադրբեջանի հնչող հայտարարությունները, ի՞նչ էսկալացիա սպասել: «Հնարավոր չէ որեւէ գուշակություն իրականացնել, ամեն դեպքում, զարգացման որեւէ տարբերակ բացառել հնարավոր չէ եւ պետք չէ: Համենայնդեպս, ներկայումս իրադարձությունները սահմանափակվում են միայն այդ գոտով: Արցախից պաշտոնական հայտարարություններ հնչեցն, որ Արցախի սահմաններում հարաբերական անդորր է: Եթե այլ տեղերում լինեն միջադեպեր, ապա մասշտաբների մեծացման հավանականությունը կաճի: Իսկ թե այդ հատվածում լարվածությունը որքան կշարունակվի`չեմ կարծում, թե հնարավոր է կանխատեսել»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031