Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ և դատապարտելի համարել էսկալացիան

Հուլիս 14,2020 20:40

Վարչապետն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած ջանքերը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի ղեկավարների միջև առկա է երկխոսության բարձր մակարդակ, երկու երկրներն ու ժողովուրդներն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, որոնք ամուր հենասյուն են դրանց շարունակական զարգացման և առկա ներուժի լիարժեք իրացման համար:

Վարչապետը կարևորել է ինտեգրացիոն միավորումների՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում բաց երկխոսությունն ու վստահելի գործընկերությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ս.թ. հուլիսի 12-ից սկսած և մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանային դիրքերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և ընդգծել այս առնչությամբ Հայաստանի՝ ՀԱՊԿ գծով գործընկերների  կառուցողական դիրքորոշման կարևորությունը:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը, այս ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, առկա է տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ, հագեցած օրակարգ, և հետևողական աշխատանքը թույլ կտա իրապես ավելացնել փոխադարձ ապրանքաշրջանառության, ներդրումների ծավալները:

Բելառուսի դեսպանը երախտագիտություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատանքի համար և նշել, որ ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկու երկրների կապերը սերտացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ այս ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալն աճել է ավելի քան 2 անգամ, ինչը խոսում է փոխգործակցության դրական դինամիկայի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին: Դեսպանն անդրադարձել է ընթացիկ և հեռանկարային ծրագրերին՝ գոհունակությամբ խոսելով Սևանա լճի ափամերձ շրջակայքում հայ-բելառուսական անտառի հիմնման մասին, որի շուրջ աշխատանքը շարունակվում է: Նա նաև կարևորել է առաջիկայում հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը:

Ի.Նազարուկը նշել է, որ Հայաստանն ու Բելառուսն ունեն արդյունավետ քաղաքական երկխոսություն և զարգացող գործընկերություն ինտեգրված միավորումների շրջանակում: Նա անդրադարձել է ԵԱՏՄ շրջանակում երկու երկրների փոխգործակցությանը և այս առումով կարևորել առաջիկայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը:

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ և դատապարտելի համարել էսկալացիան:

Զրուցակիցները փոխանակվել են նաև կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի, կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությամբ ու փորձով՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակային ճգնաժամը:

Բելառուսի դեսպանն իր հարգանքն ու սերն է հայտնել Հայաստանի, հայ ժողովրդի, մեր հարուստ մշակույթի նկատմամբ և նշել, որ ջերմությամբ կհիշի մեր երկրում դիվանագիտական առաքելության տարիները:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Նազարուկին ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ նա կմնա Հայաստանի ու հայ ժողովրդի լավ բարեկամը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031