Հուլիսի 13-ին կայացավ Վիշեգրադյան հիմնադրամի օժանդակությամբ «Վիշեգրադյան քառյակի փորձը Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համար» ծրագրի 2-րդ սեմինարը՝ «Արևելյան գործընկերություն. հայացք Չեխիայից» թեմայով:
Բացման խոսքով հանդես է եկել Չեխիայի փոխդեսպան Յան Պլեշինգերը: Իր խոսքում դիվանագետը նշել է.
«Արևելյան գործընկերությունը՝ արևելաեվրոպական 6 երկրների հետ Եվրամիության կողմից վարվող քաղաքականությունը, Չեխիայի արտաքին քաղաքականության երկարաժամկետ առաջնահերթություններից մեկն է՝ թե ԵՄ-ի, թե երկկողմ հարաբերությունների մակարդակով: Չեխիայի Հանրապետությունը ձգտում է զգալիորեն ընդլայնել ԵՄ-ի և 6 գործընկեր երկրների միջև հարաբերությունները: Հայաստանը, հանդիսանալով ներկայումս ժողովրդավարական ինստիտուտներ զարգացնող արևելյան գործընկերներից մեկը, Չեխիայի ուշադրության կենտրոնում է:
Արևելյան գործընկերության հիմնական նպատակը ԵՄ-ի և 6 գործընկեր երկրների միջև քաղաքական կապերի ընդլայնման և հետագա տնտեսական ինտեգրման պայմանների ստեղծումն է: Արևելյան գործընկերությունը հիմնված է «համատեղ հանձնառության» սկզբունքի վրա. ԵՄ-ի նպատակն է գործընկերներին հնարավորինս շատ ներգրավել քաղաքականության մշակման և իրագործման գործընթացներում:
Չեխիայի Հանրապետությունը սատարել է Վիշեգրադյան երկրների համատեղ հռչակագրին, որով սահմանվել են ԵՄ-ի և արևելյան գործընկերների միջև գործընկերության առանցքային տարրերը:
Արևելյան գործընկերությունը շարունակելու է պահպանել իր ռազմավարական նշանակությունն ու առաջնահերթության կարգավիճակը ԵՄ-ի արտաքին հարաբերություններում: Արևելյան գործընկերության 2020-ից անդին օրակարգը պետք է հիմնվի մինչ 2020թ. 20 առանցքային ակնկալվող արդյունքների վրա՝ գործընկերների հետ տարբերակման մոտեցման հնարավորությամբ: Գործընկերների քաղաքական ասոցիացիան ու տնտեսական ինտեգրումը կշարունակեն մեր գլխավոր նպատակը հանդիսանալ: Ընդհանուր արժեքները՝ միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, անկախ արդարադատության համակարգն ու մամուլը, մարդու իրավունքների՝ այդ թվում փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը, որակյալ կառավարումը, կայուն զարգացումը և շուկայական տնտեսությունը, կշարունակեն լինել Արևելյան գործընկերության հիմքում: Արևելյան գործընկերությունը պետք է պահպանի իր ներառական բնույթը, միաժամանակ ունենալով տարբերակում՝ հիմնված գործընկերների ստանձնած պարտավորությունների ու նկրտումների վրա:
Ներկայիս բարդ միջազգային իրադրությունում առավել կարևորվում է առանձին երկրների դիմակայունությունը: Արևելյան գործընկերությունը պետք է կենտրոնանա գործընկերներին համապարփակ օժանդակության վրա՝ դիմակայուն հասարակությունների ձևավորման նպատակով: Դիմակայունությունը ժողովրդավարական, տնտեսական և հասարակական, ինչպես նաև անվտանգային, բնապահպանական և հումանիտար տարրեր ներառող ընդհանուր գաղափարից պետք է վերածվի անհրաժեշտ ռեսուրսներով ապահովված պրակտիկ գործողությունների՝ հանուն գործընկերների շահերի և Եվրոպայի հարևան տարածաշրջանների կայունության: Տեղեկատվական անվտանգության ապահովման և ապատեղեկատվության դեմ պայքարելու համար անհրաժեշտություններ են անկախ լրատվամիջոցները, արհեստավարժ լրագրությունը և մեդիագրագիտությունը: Հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ կիբերհարձակումների դեմ պայքարելու համար, պահանջվում է համագործակցություն՝ դիմակայունության ամրապնդմանն ուղղված միջոցներով: Դիմակայունության վերաբերյալ մոտեցումը ձևակերպված է Չեխիայում նախապատրաստված «Դիմակայունության փաթեթ՝ Արևելյան գործընկերության համար» նյութում, որն ընդունվել է նաև ԵՄ-ի անդամների կեսից ավելիի կողմից:
Հայաստանում COVID-19-ի շարունակվող համաճարակը նաև բացահայտել է քաղաքացիական պաշտպանության ու աղետների հաղթահարման ոլորտում լրացուցիչ համագործակցության, ինչպես նաև առողջապահության համակարգի պատրաստության բարելավման անհրաժեշտությունը:
Կարևոր է նաև Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի դերը համապատասխան քաղաքականության մշակման գործում:
Հայաստանի և մյուս գործընկերների տնտեսական զարգացումն ու բարեկեցությունը նույնպես Արևելյան գործընկերության ուշադրության կենտրոնում են: ԵՄ-ն և գործընկերները պետք է վճռական քայլեր կատարեն հարաբերությունների սերտացման, տրանսպորտային ու ենթակառուցվածքային կարողությունների ընդլայնման նպատակով՝ հանուն ապագա տնտեսական հաջողությունների: Թվային տնտեսությունն ու միակցվածությունն այդ ջանքերի մասը պետք է հանդիսանան:
Արևելյան գործընկերության 2020-ից անդին օրակարգը պետք է նաև համարժեք կերպով անդրադառնա գլոբալ բնապահպանական խնդիրներին՝ ներառյալ կլիմայի փոփոխությունը:
Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարությունում Չեխիայի Հանրապետությունը հատուկ կարևորում է. 1) առկա պայմանագրերի ճշգրիտ իրագործումը, 2) դիմակայունությունն ու դրա առավել մանրամասն մշակումը, ինչպես նաև 3) ապագայի հայեցակարգը և արևելյան գործընկերների համար տարբեր ոլորտներում ինտեգրման լրացուցիչ հնարավորությունների ստեղծումը: Առաջին երկու առումներով մենք կարողացել ենք առաջխաղացնել առկա գաղափարները (դիմակայունության առումով անգամ ավելի, քան նախատեսել էինք):
Դիմակայունության գաղափարը Չեխիայի Հանրապետության կողմից առաջնահերթություն համարվող ոլորտներում իրականացվող նախագծերի համար լայն հնարավորություններ է ստեղծում: Չեխիայի Հանրապետությունը նաև շարունակելու է նպաստել անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ քաղաքացիական հասարակությանը, օրենքի գերակայության ապահովմանն ու անկախ լրատվամիջոցներին օժանդակելու համար, հաշվի առնելով նաև տեղական իրողությունները: Չեխիայի շահերից է բխում նաև տնտեսական համագործակցության, մասնավորապես երկարաժամկետ փոխկապակցվածության և դրա հետ կապված ենթակառուցվածքների ու ներդրումների, առաջնահերթություն դառնալը: Այս առումով, մենք շատ ենք շահագրգռված Արևելյան գործընկերության ներդրումային գործակալության ստեղծմամբ: Հատկապես թվայնացման և կլիմայական օրակարգերը նոր հնարավորություններ են ստեղծելու:
Չեխիայի Հանրապետությունը կշարունակի Հայաստանին սատարել Արևելյան գործընկերության շրջանակում: Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի իրագործումը ԵՄ-Հայաստան արդյունավետ համագործակցության նախապայմաններից մեկն է:»
Այնուհետև «EUROPEUM» Եվրոպական քաղաքականության ինստիտուտի փորձագետ Վերա Ժիհաչկովան համապարփակ անդրադարձ կատարեց ԵՄ-ի արևելյան քաղաքականության մի շարք առանձնահատկություններին և Չեխիայի վարած քաղաքականությանը:
Սեմինարի տեսագրությունը.
Քաղաքականության հետազոտական կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի նպատակը Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով առաջնահերթություն համարվող որոշ ոլորտներում բարեփոխումներին նպաստելն է: Ծրագիրը ներառում է 5 ոլորտ.
– Կենտրոնական Եվրոպայի երկրների քաղաքականություն,
– անվտանգության ոլորտի բարեփոխում,
– առողջապահություն և սոցիալական քաղաքականություն,
– այլընտրանքային էներգետիկայի զարգացում,
– ՏՏ ոլորտ, էլեկտրոնային կառավարում և տեղեկատվական հասարակություն:
Ծրագրի մասին ավելի մանրամասն` այստեղ