Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այսօր ամբողջ օրը զբաղվել եմ ինչ-որ հոգեկան խանգարումներով ադրբեջանցիների ջնջելով իմ էջից». Սամվել Մարտիրոսյան

Հուլիս 14,2020 19:33

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի փաստմամբ՝ այսպիսի կոնֆլիկտային իրավիճակները ցույց են տալիս, որ ատելության խոսքի դեմն առնելը համացանցում գրեթե անհնար է: «Հոդված 3» ակումբի կազմակերպած ռազմական լարված իրավիճակներում ատելության քարոզի տարածման առանձնահատկությունների ու դրա դեմ պայքարի հնարավորությունների թեմայով տեսաքննարկմանը Սամվել Մարտիրոսյանը պատմեց. «Ես այսօր ամբողջ օրը զբաղվել եմ ինչ-որ հոգեկան խանգարումներով ադրբեջանցիների ջնջելով իմ էջից:

Տեսնում ես՝ մարդիկ ամբողջ իրենց օրը սպանում են՝ անիմաստ հայհոյանքներ գրելով, որոնք ինձ վրա չեն էլ ազդում, ուղղակի մարդիկ իրենց ամբողջ կյանքը զոհաբերում են ատելությանը»:

Ըստ նրա՝ մեզ մոտ էլ մարդիկ կան, որ տրվում են կրքերին, պատասխանում են այդ հայհոյանքներին, ինչը դառնում է անվերջանալի պտույտ: Սամվել Մարտիրոսյանի բնութագրմամբ՝ ատելության խոսքը տարածման երկու ձև ունի՝ ուղղակի մարդկանց մեջ եղած ատելությունն է տարածվում, ինչի հնարավորությունը տալիս է համացանցը և վճարովի ատելության խոսք:

Փորձագետը նշեց, որ եթե ժամանակին համացանցում հայ-ադրբեջանական թեմաներով կարելի էր բանավիճել, հիմա դա անհնար է. «Ինտերնետում ես երկար ժամանակ եմ ապրում: Դեռ 15 տարի առաջ համացանցը հնարավորություն էր տալիս երկխոսություն ունենալ հայ-ադրբեջանական թեմաներով, կար հատված, որը չէր հայհոյում, մարդիկ էին, որոնց հետ կարելի էր հանգիստ շփվել:

Երբ Ալիևը եկավ իշխանության և հակահայկականությունը դարձրեց պետական երևույթ և դրա տակ սկսեցին բյուջե դուրս գրել, երկու-երեք տարվա մեջ այդ շփումը դարձավ անհնար. հիմա բացառվում է: Այն մարդիկ, որոնք պատրաստ էին թեկուզ գոռալով քննարկել, հիմա վախենում են: Ադրբեջանում, եթե տեսնեն «յան»-ի հետ «ջանջիգյարով» ես խոսում, մինչև անգամ իրավական հետապնդման կարող ես արժանանալ»:

Խոսելով ներհայաստանյան իրավիճակի մասին՝ Սամվել Մարտիրոսյանն ասաց. «Հայաստանում միշտ էլ համախմբում է եղել նման պահերին, բայց մյուս կողմից կարող եմ ասել, որ տարբերություն կա 2016-ի ապրիլյան դեպքերի հետ համեմատած: Հիմա ակնհայտ ինչ-որ մարդիկ լավ չեն հասկանում, որ պատերազմական իրավիճակ է և քաղաքական յոթ քար են խաղում: Իրենց թվում է՝ լուրջ քաղաքական գործիչներ են և հայտարարություններ են անում, դրանով ներքին լարվածություն առաջացնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031